Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 20:00 27-07-2026

Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու

Մերի Հակոբյան

Լրագրող

«Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց «Եզդի Համահայկական ճակատ» կուսակցության խորհրդի անդամ Զիտա Խալիտովան՝ անդրադառնալով Արարատի մարզում ձմերուկ վաճառող Արման Քալաշյանի բերման ենթարկվելու դեպքին։

Հիշեցնենք՝ օրեր առաջ շուկաներից մեկում իշխանամետ բլոգեր Արամ Ավետիսյանի և ձմերուկ վաճառող տղամարդու միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո վաճառողի նկատմամբ նախաձեռնվել էր քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քաղաքացին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Արման Քալաշյանն է, իսկ նրա պաշտպան Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հարցաքննությունից հետո վերջինս ազատ է արձակվել։

Խալիտովայի խոսքով՝ Արման Քալաշյանին անձամբ չի ճանաչում, սակայն նրա մասին տեղեկություններ է ստացել եզդիական համայնքի ներկայացուցիչներից։ «Ինքը մեր բարեկամը չէ, բայց մեր ազգից է։ Հարցուփորձ արեցինք, իմացանք, որ շատ նորմալ, պարտաճանաչ, աշխատող, դաստիարակված ընտանիքից է։ Գյուղի տանջված, աշխատող մարդ է, ստեղծող մարդ է։ Ինչքանով տեղեկացված ենք, շատ լավ մարդ է»,– ասաց նա։

Զիտա Խալիտովան ընդգծեց, որ տեսանյութում երիտասարդը որևէ անձի անուն չի տվել և որևէ մեկին չի վիրավորել. «Ինքը ոչ մեկի անունը չի տալիս, ոչ մեկին չի վիրավորում։ Ընդամենը ասում է՝ «հողատուն»։ Ով է տվել՝ Լևո՞նը, Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, Նիկոլ Փաշինյա՞նը, ինքը չի ասում։ Այդ կծիկի միջից որևէ մեկի անուն չի տալիս»։

Նրա կարծիքով՝ տեղի ունեցած միջադեպը արհեստականորեն սրվել է, իսկ բլոգեր Արամ Ավետիսյանին կոչ արեց հեռու մնալ ազգային հարցերը շահարկելուց։

«Ես կուզենայի հենց իրեն ասել՝ թող հեռու մնա, հատկապես եզդի ազգի հետ կապված թեմաներից։ Իր տեսանյութերը նայել եմ, մեկ իշխանությանն է քննադատում, մեկ իշխանության կողմն է կանգնում։ Չկողմնորոշված մարդ է։ Այդպիսի քաղաքականություն չեն վարում»,– ասաց Խալիտովան։

Նա նաև հայտարարեց, որ եթե Արման Քալաշյանը կալանավորվեր, եզդիական համայնքը միասնական արձագանք կտար. «Եթե մեր եղբորը չթողնեին, Ռուսաստանից, Եվրոպայից, Հայաստանից՝ բոլոր եզդիներով այս հարցը բարձրացնելու էինք։ Բոլորս կանգնելու էինք նրա կողքին, որովհետև բռնելու որևէ իմաստ չէինք տեսնում»։

Զիտա Խալիտովան հավելեց, որ փորձում է նաև պարզել Արման Քալաշյանի մասին լրացուցիչ տեղեկություններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում աջակցեն նրան։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Արամ Ավետիսյանը նկարահանող խմբի հետ մոտեցել էր վաճառողներին, իսկ նրանցից մեկը հարցրել էր. «Դավաճանների, հողատուների լրատվակա՞նն է»։ Դրան հաջորդած վիճաբանության ընթացքում Ավետիսյանը սպառնացել էր վաճառողին, որ վերջինս «դատվելու է»։

Քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրել էր, որ տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով, սակայն հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել։

Մերի Հակոբյան