Իսպանիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի մետրոպոլիտենային տարածքում և հարևան Ավիլա նահանգում՝ մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, որոնց հետևանքով արդեն ոչնչացվել է մոտ 125.000 հեկտար բուսականություն։
Ինչպես հաղորդում է DW-ն, մայրաքաղաքային շրջանում ավելի քան 10.000 բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները, իսկ արտակարգ դրության ռեժիմը պետությանը թույլ է տալիս մոբիլիզացնել լրացուցիչ ռեսուրսներ և աղետի դեմ պայքարի հրամանատարությունը փոխանցել զինվորականներին։
Մասնագետները նշում են, որ անցյալ ձմռանն ու գարնանը տեղացած առատ անձրևները նպաստել էին խոտածածկի և թփուտների ակտիվ աճին, որոնք, ամռան խանձող շոգից չորանալով, դարձել են դյուրավառ կենսազանգված։
Հրդեհավտանգ նմանատիպ ծանր իրավիճակ է ստեղծվել նաև հարևան Ֆրանսիայում, որն արդեն դիմել է Եվրոպական Միության մյուս երկրներին՝ անտառային հրդեհները մարելու համար աջակցություն ստանալու ակնկալիքով։
Թամարա Քալանթարյան