Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցն այսօր փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված 15 մլն դրամ գրավով։ Դատարանը նաև արգելել է նրան շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։
Հիշեցնենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել Ղուկասյանի կալանքը, սակայն դատարանը կայացրեց այլ որոշում։ Գյումրիի քաղաքապետը ենթադրյալ կաշառքի գործով ավելի քան տասը ամիս գտնվել է անազատության մեջ։ Դատարանի որոշումն անակնկալ էր շատերի համար։
Հատկանշական է, որ օրեր առաջ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող, Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սպասում են դատարանի որոշմանը, ինչից հետո միայն կհասկանան, թե ինչ քայլեր են անելու։ Միաժամանակ նա շարունակում է ինտրիգը՝ նշելով, որ դեռ վերջնական որոշում չունի՝
վերցնել պատգամավորի մանդատը, թե ոչ։
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո Գյումրիում նոր թափով սկսել են շրջանառվել հնարավոր կուլիսային պայմանավորվածությունների մասին խոսակցությունները։
Քաղաքում տարածված վարկածներից մեկի համաձայն՝ Ղուկասյանի և նրա որդու նկատմամբ խափանման միջոցների փոփոխությունը կարող է կապ ունենալ քաղաքական զարգացումների հետ, մասնավորապես՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնի շուրջ։
Խոսակցությունների մակարդակում քննարկվում է, որ ենթադրյալ պայմանավորվածության շրջանակում իշխանությունը կարող է ստանալ Գյումրիի քաղաքապետի աթոռը, իսկ դրա դիմաց մեղմացվի Ղուկասյանների նկատմամբ կիրառվող իրավական ճնշումը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Գյումրիի քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։
Այս խոսակցությունների ֆոնին առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է Ավետիս Առաքելյանի որոշումը. նա դեռևս չի հայտարարել՝ կվերցնի՞ պատգամավորի մանդատը, թե՞ կշարունակի ղեկավարել քաղաքապետարանը։
Գայթակղությունը, անկասկած, մեծ է. մի կողմում Ազգային ժողովի պատգամավորի մանդատն է՝ իր քաղաքական և իրավական բոլոր հնարավորություններով, մյուս կողմում՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը, որի համար ՔՊ-ն, ընդդիմության պնդմամբ, արդեն երկար ժամանակ փորձում է գտնել տարբեր քաղաքական լուծումներ։
Անահիտ Չալիկյան