Ներքին 1 ժամ առաջ - 19:14 15-07-2026

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի հատուկ խորհրդականի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել առավել ընդլայնելու փոխգործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Չալոկա Բեյանին քննարկել են «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը` ընդգծելով կանխարգելման օրակարգի ամրապնդման կարևորությունը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցերում` նպաստելով վաղ նախազգուշացման և կանխարգելիչ գործողությունների գործիքակազմի ամրապնդմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է բազմակողմ հարթակներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը, այդ թվում՝ երկու տարին մեկ պարբերականությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Անդրադարձ է կատարվել նաև այս տարի Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումի անցկացմանը։

Ամենից շատ դիտված