Ներքին 1 ժամ առաջ - 14:00 13-07-2026

Ինչու են սթորիների ու ռիլերի ցուցանիշները ներառվել ԵՊՀ տարեկան հաշվետվությունում․ պարզաբանում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News–ն իր վերջին հրապարակումներից մեկում անդրադարձել էր Երևանի պետական համալսարանի կողմից հրապարակված տարեկան հաշվետվությանը, որում տեղ գտած տեղեկատվությունը հարցեր էին առաջացրել։

Ըստ ԵՊՀ հաշվետվության, Մայր բուհը հաշվետու տարում արձանագրել է մի շարք քանակական արդյունքներ՝ դրանք որակելով առանցքային իրադարաձություններ։

Տարեկան հաշվետվության մեջ զգալի տեղ է հատկացված սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, LinkedIn) ցուցանիշներին, այդ թվում՝ սթորիների և ռիլերի քանակին։

Oragir.News–ը գրավոր հարցում էր ուղարկել ԵՊՀ ղեկավարությանը՝ խնդրելով հստակեցնել՝ արդյոք ո՞րն է բուհի որդեգրած մեդիա ռազմավարությունը, և ինչպե՞ս են հաշվետվության մեջ արտացոլված թվային ցուցանիշները նպաստում ԵՊՀ-ի հիմնական ակադեմիական նպատակների իրագործմանը։

Խնդրել էինք պարզաբանել նաև՝ կա՞ն արդյոք տվյալներ, թե էջերի ակտիվությունը որքանով է օգնել, օրինակ, օտարերկրյա դիմորդների կամ միջազգային գիտական գործընկերների ներգրավման հարցում։

Հետաքրքրական է նաև, թե ինչպես է որոշվում հաշվետվության մեջ ներառվող տեղեկատվության առաջնահերթությունը։ Օրինակ՝ ինչո՞ւ է կարևոր համարվել հաշվետվության մեջ ներառել տեղադրված սթորիների կոնկրետ քանակը։

Ի պատասխան մեր ուղարկած գրավոր հարցման՝ ԵՊՀ-ից հայտնում են հետևյալը. «Հաղորդակցությանը վերաբերող մոտեցումները ձևակերպված են ԵՊՀ զարգացման ռազմավարությամբ: Այժմ ԵՊՀ հաղորդակցական նոր քաղաքականությունը վերջնականացման փուլում է։ Ցուցանիշները նպատակների իրագործումը չափելու և գնահատելու հնարավորություն են տալիս։ Այո՛, առկա են տվյալներ, որոնք փաստում են, օրինակ, օտարերկրյա դիմորդների կամ միջազգային գիտական գործընկերների ներգրավման հարցում ԵՊՀ սոցիալական էջերի ակտիվ դերակատարման մասին: Հաշվետվության մեջ ներառվող տեղեկությունների առաջնահերթությունը որոշվում է՝ ըստ սահմանված մեթոդաբանության»,- նշված է ԵՊՀ հաղորդագրության մեջ։


Հասմիկ Մովսիսյան