«Փաշինյանը ռուսների հետ միանգամայն անկեղծ է, իսկ Եվրոպայի և սեփական ժողովրդի հետ՝ ոչ»,-
Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։
Խզմալյանը հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականին իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը չի փոխվելու, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից հանվել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին դրույթը։
«Ես դա անվանում եմ «եվրաիմիտացիա»․ իրական եվրաինտեգրում չի իրականացվում։ Եվրոպան քայլեր է անում Հայաստանի ուղղությամբ, սակայն Հայաստանի իշխանությունները չեն իրականացնում այն քաղաքականությունը, որը կհանգեցնի Եվրամիությանն ինտեգրմանը»,- ասաց նա։
Խզմալյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները շարունակում են մնալ ռուսական ազդեցության ներքո, ինչի հետևանքով եվրոպական կապիտալը չի կարողանում մուտք գործել այդ ոլորտներ։
Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու գործընթացին՝ նա հիշեցրեց, որ Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնությամբ ընդունված՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, ըստ նրա, արդեն 16 ամիս է՝ չի իրականացվում։
«Դա միակ լուրջ քայլն էր, որն ընդունվել է Հայաստանում, սակայն այն չի կատարվում և, իմ կարծիքով, այս իշխանության օրոք չի իրականացվի, եթե չլինեն լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ»,- նշեց Խզմալյանը։
Նա նաև անդրադարձավ Եվրամիության կողմից Հայաստանի համար հայտարարված նոր տնտեսական արտոնություններին՝ նշելով, որ դրանք աննախադեպ են։
«Սովորաբար նման արտոնություններ տրամադրվում են անդամ կամ ասոցիացված պետություններին, մինչդեռ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ»,- ասաց նա։
Խզմալյանի խոսքով՝ միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ հաջորդ օրը մեկնել է Ռուսաստան և վերահաստատել ԵԱՏՄ-ին Հայաստանի հավատարմությունը։
Մերի Հակոբյան