AnewZ ադրբեջանական լրատվականը Ռուբեն Վարդանյանին նվիրված մեկուկես ժամանոց ֆիլմ է հրապարակել։
Oragir.News-ը մեկնաբանություն է խնդրել Տիգրան Խզմալյանից, ում հետ հարցազրույցի մի հատված ներառված է նշված ֆիլմում։
Նրա խոսքով՝ ինքը որևէ կապ չի ունեցել ադրբեջանական ֆիլմի հետ, իսկ հարցազրույցը տրվել է մոտ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի ձմռանը։
«Այո, ադրբեջանական ֆիլմի հետ որևէ կապ չուներ։ Ես հարցազրույց եմ տվել մոտ մեկ տարի առաջ։ Ինչպես է այն հայտնվել նրանց մոտ՝ չգիտեմ, հավանաբար Յութուբից են վերցրել»,– ասաց Խզմալյանը։
Նա նշեց, որ հարցազրույցը վերցրած լրագրողի անունը ներկայում չի հիշում, սակայն հիշում է հարցազրույցի անցկացման վայրը։ Ըստ նրա՝ լրագրողը ներկայացել է որպես սփյուռքահայ, կապը հաստատվել է հարցազրույցի առաջարկով, որին ինքը համաձայնել է։
«Ես շատ հարցազրույցներ եմ տալիս, գրեթե ամեն օր, ու անկեղծ ասած՝ հիմա անունը չեմ հիշում։ Եթե անհրաժեշտ լինի, հնարավոր է գտնել գրառումներով կամ Յութուբում»,– ասաց նա՝ հավելելով, որ հարցազրույցը եղել է ստուդիայում, որը գտնվել է նեղ փողոցներով բարդ տեղանքում։
Խզմալյանի խոսքով՝ հարցազրույցը եղել է մեկ ժամանոց և վերաբերվել է Հայաստանի ընդհանուր քաղաքական իրավիճակին, ոչ թե կոնկրետ Ռուբեն Վարդանյանին։
«Վարդանյանի մասին հարցը մեծ հարցազրույցի մի փոքր հատված էր։ Այդ ֆիլմում օգտագործվել է ընդամենը մոտ մեկ րոպե»,– նշեց նա։
Խզմալյանը ընդգծեց, որ չի հրաժարվում իր նախկին ասած կարծիքներից և այսօր էլ նույն դիրքորոշումն ունի, ըստ որի՝ Ռուբեն Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանն ու մի շարք այլ գործիչներ մեծ քաղաքական դավադրության մաս են կազմել։
Միաժամանակ նա խոստովանեց, որ ներկայիս կոնտեքստում իր խոսքերի օգտագործումը բարոյական խնդիր է ստեղծում։
«Ես ինձ անհարմար եմ զգում, որ դա դուրս է եկել այս կոնտեքստում, հատկապես հաշվի առնելով, որ Վարդանյանը գտնվում է Բաքվի բանտում։ Բանտարկված մարդու մասին նման ձևակերպումներ անելն, իհարկե, ճիշտ չէ»,– ասաց նա՝ հավելելով, որ դա չի նշանակում իր կարծիքից հրաժարում։
Խզմալյանի խոսքով՝ այսօր ինքը Ռուբեն Վարդանյանին և մյուսներին համարում է քաղբանտարկյալներ և պաշտպանում է նրանց մարդկային իրավունքները։
«Քաղբանտարկյալ համարելը չի նշանակում ընդունել նրա քաղաքական հայացքները։ Ես դրանք սխալ եմ համարում, բայց դա չի բացառում նրա իրավունքների պաշտպանությունը և ազատ արձակման պահանջը»,– նշեց նա։
Խզմալյանը նաև ընդգծեց, որ նախկինում էլ հարցազրույցներ է տվել տարբեր երկրների լրատվամիջոցներին, այդ թվում՝ ադրբեջանական, թուրքական և ռուսական, և դա ինքնին անխուսափելի է։
«Տարբերությունն այն է, որ մեկ տարի առաջ ասված խոսքը այսօր հայտնվել է լրիվ այլ կոնտեքստում»,– եզրափակեց նա։
Oragir.News-ը նաև կապ է հաստատել «ՄԱՏԵՆԱ» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի տնօրեն Ռուբեն Հայրապետյանի հետ, ով նույնպես հայտնվել էր ադրբեջանական AnewZ լրատվամիջոցի կողմից պատրաստված ֆիլմում, սակայն, ի հակադրություն Տիգրան Խզմալյանի և Սամվել Բաբայանի, դրական տեսանկյունից է ներկայացրել Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին։

Հայրապետյանը
Oragir.News-ի հետ զրույցում նշեց․
«Սկսեմ կարևորից՝ իրականում, այս դեպքի միակ կարևոր հանգամանքից: Ինձ համար անհասկանալի և անընդունելի է այն մարդկանց մոտեցումը, որ միջազգային որևէ մեդիայի համար պատրաստ են Բաքվի բանտում գտնվող և շինծու դատավարությամբ անցնող մեր հայրենակիցների դեմ մեղադրական խոսքեր հնչեցնել, բայց հենց դա հայտնվում է ադրբեջանական նյութերում, նոր միայն խնդիր է համարվում: Հրապարակային նշանակում է հրապարակային, և, հետևաբար, պարզ է, որ այդ խոսքերը կարող են օգտագործվել մերոնց դեմ բոլորի, այդ թվում՝ ադրբեջանցի դատախազների կողմից՝ անկախ նյութը արտադրող երկրից», ապա ընդգծեց,- «Իմ մասով, իհարկե, պատրաստ եմ անվերջ կրկնել և վերահաստատել դրական այն ամենը, ինչ ասել եմ, բայց դե մանկությանս երազանքն էլ չի եղել ադրբեջանական էժան կոմեդիայում հայտնվելը: Թեև ամբողջ խոսքս իրենց կեղծիքի ճիշտ հակառակի մասին է, ներառել են՝ պատրանք ստեղծելու, թե իբր բոլոր տեսակետներն են լսել, սակայն՝ այդ տեսակետների ակնհայտ անհամաչափ հարաբերակցությամբ: Ես նույնիսկ առանձին գրառում չեմ արել, որպեսզի աղբի դիտումները չավելացնեմ: Նյութը՝ ստեղծման մեթոդից սկսած, բովանդակությամբ ավարտած, ծայրից ծայր կեղծիք է և խաբեություն»։
Հայրապետյանը նաև պարզաբանեց հարցազրույցի իր իրական աղբյուրը․
«Կոնկրետ իմ հարցազրույցը իսպանական
TPTM Media-ին Կարմեն անունով լրագրողի հետ է եղել, բոլորովին այլ ֆիլմի համար։ Թե երբ և ինչպես է այն հայտնվել ադրբեջանական աղբարարների ձեռքում, կպարզենք։ Բնականաբար, միջազգային ատյաններով պատասխան են տալու դրա համար։ Մինչ այդ անհրաժեշտ է զանգվածաբար բողոքարկել YouTube-ում և հիշել խոսքիս սկզբում նշված միակ կարևոր հանգամանքը»։
Մերի Հակոբյան