ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին ցանկանում են փոխարինել՝ ԱԱ-2026-ին կարմիր քարտի չեղարկման սկանդալի ֆոնին։ Այս մասին հայտնել է The Guardian պարբերականի լրագրող Ռոմեն Մոլինան։
Մոլինայի տեղեկություններով` ՈւԵՖԱ-ն արդեն աշխատում է սեփական թեկնածուի առաջադրման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունների կուլիսային դիմակայությունը վերածվել է բացահայտ հակամարտության։
Նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունը հեռացվել էր դաշտից, նա պետք է բաց թողներ Բելգիայի հետ 1/8 եզրափակիչի հանդիպումը, սակայն ՖԻՖԱ-ն չեղարկեց պատիժը՝ այն փոխարինելով պայմանականով։ Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Թրամփի աշխատակազմից զանգի պատճառով։
Այս տեղեկությունը հաստատել են բրիտանացի մարզական լրագրող Բեն Ջեյքոբսը և Daily Mail-ի աղբյուրները՝ հստակեցնելով, որ ԱՄՆ նախագահը զանգահարել է Ինֆանտինոյին, «որպեսզի ավելի լավ հասկանա կարմիր քարտ ցույց տալու պատճառը»։
Politico-ն պարզել է, որ Բալոգունի որակազրկման չեղարկման պատմությունը սկսվել է Նյու Յորքի նախկին քաղաքապետի որդուց՝ Էնդրյու Ջուլիանիից, որն էլ Թրամփին հայտնել է ֆուտբոլիստի ստացած կարմիր քարտի մասին։
ՈւԵՖԱ-ում կատարվածն անվանել են «աննախադեպ, անհասկանալի և անհիմն որոշում», նախադեպ, և հավելել. «Խաղի ազնվությունը վտանգված է, մրցաշարի հանդեպ վստահությունը՝ խարխլված»։
Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ բողոքարկելու է Բալոգունի մասնակցությունը խաղին, և որ հարցի վերաբերյալ որևէ պարզաբանում դեռ չի ստացել։
Գրում են նաև, որ Ինֆանտինոն որոշել է խախտել արարողակարգը և թույլ տալ Թրամփին անձամբ հանձնել գավաթը աշխարհի առաջնության հաղթողին եզրափակիչ խաղից հետո (որպես կանոն՝ հաղթող հավաքականի ավագն ինքն է այն վերցնում պատվանդանից)։