Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:23 30-06-2026

Ապահովագրական համակարգի շահառուների թիվն արդեն գերազանցել է 200 հազարը. ակտիվորեն միանում են նաև անհատ ձեռնարկատերերը. Անահիտ Ավանեսյան

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Շարունակվում է բուժհաստատությունների միացման գործընթացը Առողջության համապարփակ ապահովագրության համակարգին։

Այս մասին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց մամուլի ասուլիս ժամանակ:

«Միացման գործընթացը շարունակական է։ Համակարգին շարունակում են միանալ բուժհաստատություններ՝ ինչպես առաջնային օղակի՝ պոլիկլինիկաներ, այդ թվում՝ մասնավոր պոլիկլինիկաներ, այնպես էլ լաբորատոր և հիվանդանոցային ցանցեր։ Մեզ համար շատ կարևոր է, որ քաղաքացիները ծառայություններ ստանալու հնարավորինս լայն աշխարհագրություն և հասանելիություն ունենան»,- ասաց նա։

Նախարարի տեղեկացմամբ՝ ապահովագրական համակարգի շահառուների թիվն արդեն գերազանցել է 200 հազարը։

«Մեր շահառուների թիվն աճել է և արդեն շուրջ 200 հազար է։ Այդ աճը պայմանավորված է մի քանի գործոնով։ Նախ՝ ավելացել է ռեզիդենտների թիվը, այսինքն՝ այն անձանց, որոնց Հայաստանում գտնվելու 183 օրը լրացել է, և նրանք ավտոմատ կերպով ընդգրկվել են համակարգում։ Ավելացել է նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների թիվը, որոնք ևս ներառվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգում»,- նշեց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ակտիվորեն համակարգին են միանում նաև անհատ ձեռնարկատերերը։

«Օրենսդրական փոփոխություններով նրանց համար պարտադիր միանալու ժամկետը տեղափոխեցինք տարվա ավարտ, սակայն մենք ուրախ ենք, որ անհատ ձեռնարկատերերը, չսպասելով օրենքով սահմանված ժամկետին, արդեն մեծ թվով միանում են համակարգին, կատարում վճարումները և սկսում օգտվել ծառայություններից»,- ասաց նա։

Ավանեսյանը ներկայացրեց նաև համակարգի հետագա ընդլայնման ժամանակացույցը։

«2027 թվականի հունվարի 1-ից համակարգին կմիանան նոր խմբեր՝ ինքնազբաղվածները, տաքսի ծառայությունների ոլորտում աշխատողները, ինչպես նաև բոլոր աշխատողները՝ անկախ աշխատավարձի չափից։ Բացի այդ, առաջիկա բյուջետային քննարկումների ընթացքում կքննարկենք նաև այլ խմբերի ընդգրկման հարցը։ Իսկ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն համակարգը կներառի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, ուսանողներին և մյուս խմբերին»,- նշեց նախարարը։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված