Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 20:00 29-06-2026

Նեթանյահուն Թուրքիային պատժում է, հայ համայնքին՝ սիրաշահում․ ինչու է Իսրայելը հիմա ճանաչում Ցեղասպանությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իսրայելի կառավարությունը նախօրեին միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։ Նախարարը պնդել է, որ ճիշտ բան անելու համար երբեք էլ ուշ չէ՝ ասելով․ «Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»:

Հաջորդիվ նախագիծը պետք է ընդունվի նաև Իսրայելի օրենսդիր մարմնի՝ Կնեսեթի կողմից, որից հետո արդեն այն իրավական ուժ կունենա։ Թեպետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական և քաղաքական կարևոր իրադարձություն է, այնուամենայնիվ կարևոր է հասկանալ, թե ինչու այդ երկիրը միայն հիմա նման որոշում կայացրեց։ Ուշագրավ է նաև, որ այս որոշմանն աջակցելու մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով իր երկարամյա կառավարման ընթացքում (1996-1999, 2009-2021, 2022-ից առ այսօր) ցանկության դեպքում շատ ավելի վաղ կարող էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Տարիներ շարունակ Ցեղասպանությունը ճանաչելու հարցը գտնվել է Իսրայելի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն տարբեր կառավարություններ խուսափել են նման որոշումից՝ հիմնականում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հաշվարկներից ելնելով և ցանկանալով չվատաթարացնել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները։ Այսօր էլ արդեն այս որոշման հիմքում ընկած շարժառիթներից գլխավորը Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կտրուկ վատթարացումն է։ Վերջին տարիներին, հատկապես Գազայի պատերազմի, Սիրիայի, Լիբանանի և Իրանի շուրջ լարվածության ֆոնին, այդ հաշվարկը զգալիորեն փոխվել է, և շատ վերլուծաբաններ հենց սա են համարում որոշման հիմնական քաղաքական պատճառը։

Նկատենք, որ 2025-ի ամռանը՝ Գազայի պատերազմի ամենաթեժ փուլում, երբ Իսրայելը Գազայում փաստացի ցեղասպանություն էր իրագործում, Նեթանյահուն լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի հարցին, թե ինչո՞ւ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, պատասխանել էր, որ ինքը ճանաչում է։ 2024-ի մարտին էլ Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

Հատկանշական է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս քննարկվել է Իսրայելում, սակայն մինչ օրս այն չի դարձել երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ 2016 թվականին Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսեթի կրթության հանձնաժողովը, հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարությամբ։ 2018 թվականի մայիսին՝ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրման պայմաններում, Կնեսեթի լիագումար նիստը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկման և քվեարկության դնելուն, սակայն հաջորդիվ Նեթանյահուի կաբինետը դեմ արտահայտվեց այս որոշմանը և այն դուրս եկավ օրակարգից։

Բացի այդ, այս որոշման շարժառիթներից մեկն էլ, իհարկե ոչ գլխավորը, կարող է լինել ներքաղաքականը։ Իսրայելում հոկտեմբերի վերջին կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնց գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն մասնակցելու է բավականին թուլացած դիրքերով և վարկանիշով։ Այս համատեքստում չի բացառվում, որ Նեթանյահուի կաբինետը նման որոշում է կայացրել տեղի հայ համայնքի քվեները ստանալու ակնկալիքով։ Թեպետ Իսրայելում բնակվող հայերի թիվը մեծ չէ՝ մոտ 10 հազարի սահմաններում, սակայն եթե քաղաքական ուժերի ստացած ձայների տարբերությունը մեծ չլինի, ինչպես սովորաբար լինում է Իսրայելում, ապա այս քվեները կոալիցիոն կառավարություն ձևավորելու, այլ կերպ ասած՝ Նեթանյահուի հետագա քաղաքական ճակատագիրը որոշելու հարցում կարող են վճռորոշ նշանակություն ունենալ։

Միաժամանակ Իսրայելի որոշման հիմքում ընկած ակնհայտ քաղաքական շարժառիթները չեն նվազեցնում Ցեղասպանության ճանաչման նշանակությունը։ Ցեղասպանության ճանաչումը երբեք չպետք է գնահատվի միայն այն հարցով, թե ինչ շարժառիթներով է այն կատարվել։ Միջազգային հարաբերություններում գրեթե յուրաքանչյուր կարևոր որոշում ունի քաղաքական բաղադրիչ, բայց դա չի զրկում այդ որոշումը պատմական և բարոյական արժեքից։

Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի նման ազդեցիկ պետության կողմից կունենա մի քանի կարևոր հետևանք։ Այն հերթական անգամ կհաստատի պատմական ճշմարտությունը, կնպաստի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրակարգին և կարող է ազդեցություն ունենալ նաև այլ երկրների քաղաքական որոշումների վրա։ Նման ճանաչումներն պատմական արդարության հաստատման ճանապարհին կարևոր ներդրում են դառնում, ինչպես նաև ուղերձ առ այն, որ պատմական արդարության հարցերը չեն կարող անվերջ մնալ բացառապես քաղաքական առևտրի առարկա։

Ցավոք սրտի, պետք է փաստենք նաև, որ այս հարցում Հայաստանի Հանրապետության դերակատարումը զրոյական է եղել։ Պաշտոնական Երևանը, որը վերջին տարիներին պարբերաբար ամենաբարձր մակարդակներով վերահաստատում է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ, առ այս պահը չի արձագանքել Իսրայելի կառավարության որոշմանը, ինչն էլ իր հերթին փաստում է, որ հայկական կողմը չի նպասել այս որոշման կայացմանը։

Կարճ ասած, պետությունները որպես կանոն, արտաքին քաղաքական որոշումները կայացնում են ոչ թե զգացմունքներով, այլ իրենց շահերի պրագմատիկ հաշվարկով։ Որքան էլ հայ ժողովրդի համար սա ցավալի լինի, այնուամենյանիվ Իսրայելը ևս բացառություն չէ, որը երկար տարիներ այս հարցը քաղաքական առևտրի առարկա դարձնելուց հետո ի վերջո որոշեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նախևառաջ ելնելով սեփական շահերից։ Սակայն, անկախ այդ իրողությունից, դա չի նսեմացնում ճանաչման կարևորությունը։

Հավելենք նաև, որ պետությունների շահերը փոփոխական են, իսկ պատմական ճշմարտությունը՝ ոչ։ Հետևաբար, այս ճանաչումը պետք է ողջունել՝ առանց ավելորդ ինքնախաբեության և առանց դրա նշանակությունը թերագնահատելու։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
23:04 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
22:47 Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը