Ներքին 7 ժամ առաջ - 13:00 28-08-2026

Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի և՛ անեծքի, և՛ օրհնանքի։ Զավեշտալին այն է, երբ քաղաքական գործիչն է անիծում և այն դարձնում քաղաքական խնդիր։

«Քաղաքական խնդիրը հետևյալն է՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պիտի հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի բան ասում ընդդիմադիր գործիչների մասին։

Խորհրդային բռնազավթման շրջանում ժողովրդի մեծ մասն աղքատ էր, աշխատավարձը՝ ցածր։ Եվ մարդկանց մեծ մասը կողմնակի եկամուտներով էր փորձում համալրել ընտանեկան բյուջեն։ Այդ տարիներին սոցիալական անեծքներ կային. «Աշխատավարձի հույսին մնաս», «Թոշակով ապրես»։

Փաշինյանն այնպես է ասում, կարծես թոշակով ապրելը դեռ անեծք է, նվաստացուցիչ, կարծես՝ անկախ, ժողովրդավարական երկրում չենք։ Այստեղ անթաքույց ատելություն կա։ Եվ այդ ատելությունը տարածվում է նաև թոշակառուների վրա ընդհանրապես։ Թոշակով ապրելը, կարծես՝ ներկայացվում է որպես պատիժ։ Եթե այդպես է, ապա այսօր թոշակով ապրողներն անիծվա՞ծ են, թե՞ պատժված։

Օգոստոսի 27-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պաշտոնապես անվանափոխվեց Աշխատանքի և բարեկեցության նախարարության։ Այս անվանափոխության ջատագովները ներկայացնում էին, թե թոշակառուներին պետք է ներգրավել զբաղվածության ծրագրերում, որ նրանք թոշակի հույսին չմնան։ Այսինքն՝ խրախուսելու են, որ թոշակառուները նոր մասնագիտություններ, հմտություններ յուրացնեն, ձեռներեցությամբ զբաղվեն, բարիք ստեղծեն և այլն։

Փաշինյանի վերը բերված խոսքն այս անվանափոխության տրամաբանության ծիրում է, քանի որ թոշակի հույսին մնալը ներկայացվում է որպես պատիժ կամ անեծք։ Սակայն Քոչարյանի, Ծառուկյանի, Սարգսյանի հանդեպ հալածանքները, ունեզրկումը կարող են վախեցնել թոշակառուներին, որոնք, տեսնելով, թե Փաշինյանն ինչ վատ է վերաբերվում միլիոնատերերին, չեն ուզենա շատ աշխատել, շատ բարիք ստեղծել, միլիոնատեր դառնալ, կբավարարվեն թոշակով կամ չնչին աշխատավարձով, որ Փաշինյանի հալածանքի թիրախում չհայտնվեն։ Արդյունքում պետությունն ու ժողովուրդը կաղքատանան, պարտքերը կավելանան։

Իրականում՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Սարգսյանի դեմ արշավը քաղաքական այլ նպատակ ունի, և թոշակն այստեղ կապ չունի։ ԵՄ անդամակցելու տնային աշխատանքներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի շոշափելի արդյունքն է։ Եվ այս առումով՝ ՀՀ իշխանությունները հանձն են առել մինչև 2029-ը բյուջե վերադարձնել 2 մլրդ դոլարին համարժեք դրամի և գույքի ապօրինի ակտիվներ։ Այս մասին օրեր առաջ Հ1-ին տված հարցազրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

2 մլրդ դոլար առգրավելը հեշտ չէ։ Կա ռիսկ, որ ժողովրդավարական արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվող կազմակերպությունները, իրավապաշտպանները, հասարակությունը կփորձեն ցույցեր անել, պաշտպանել ազատությունը, ժողովրդավարությունը, սեփականության իրավունքը, մարդու իրավունքները։ Մարդիկ, ումից կփորձեն գումար, գույք առգրավել որպես ապօրինի ակտիվ, կարող են լուրջ դիմադրել։ Իշխանությունները չեն կարող այդքան մեծ գումար ու գույք առգրավել իրենց սրտի օլիգարխներից և թիմակիցներից։ Հետևապես՝ անհրաժեշտ է գտնել թույլ օղակ, այնպիսի մարդկանց, որոնց ժողովրդի մի մասը չի սիրում։

Լավատեսները կարծում են, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը գիտակցաբար համաձայնվել են այս դերին և հանուն հայրենիքի՝ կվճարեն 2 մլրդ դոլարին համարժեք դրամը մինչև 2029-ը, կբավարարվեն իրենց թոշակով, իսկ 3 տարում աշխատած մնացած ամբողջ գումարը կտան Փաշինյանին որպես ապօրինի ակտիվ, որ նա կատարի իր տնային աշխատանքը։

Կարճ ասած՝ եթե 2 մլրդ դոլարին համարժեք դրամն այն նշաձողն է, որը հավաքելուց հետո Սարգսյանի, Քոչարյանի, Ծառուկյանի և այլ միլիոնատերերի նկատմամբ հալածանքները կդադարեն, ապա Փաշինյանը պետք է պարզ ասի ժողովրդին, որ 2 մլրդ դոլարի ապօրինի ակտիվ պետք է հավաքեն 3 տարում, դրա համար են Քոչարյանին ու մյուսներին ունեզրկում։ Իսկ թոշակի հույսին մնալու անեծքը կամ կզցնելու մասին անմակարդակ ելույթները այս խնդրին չեն նպաստում, միայն խեղում են սոցիալ-հոգեբանությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ