«Կալանքի թագուհի» անունով հայտնի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի անվան շուրջ նոր բացահայտումներ են արվում՝ կապված նրա և իր ընտանիքի հնարավոր անշարժ գույքերի ու շքեղ կյանքի հետ։
Oragir.News-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Ձորաղբյուրում գտնվող մի շքեղ առանձնատուն, որի շուրջ կասկածները հիմնված են նրա վրա, որ պաշտոնական հայտարարագրերում դրա մասին ոչինչ նշված չէ:
Անշարժ գույքի հարթակներից մեկում առկա է հայտարարություն, որտեղ Ձորաղբյուր գյուղում գտնվող «դիզայներական ոճով վերանորոգված» և լողավազանով առանձնատունն առաջարկվում է օրական 110 000 դրամ վարձավճարով։
Մեկ այլ լուսանկարում նույն առնաձնատան դիմաց՝ լողավազանի ֆոնին, երևում է Արուսյակ Ալեքսանյանը, ինչն էլ հիմք է տվել ենթադրելու անշարժ գույքի և նրա միջև առկա կապը։

Արդյոք տունը պատկանում է նրան, թե՞ նա պարզապես այնտեղ հանգստացել է։
Նկատենք, որ ո՛չ դատավորի, և ո՛չ էլ նրա ծնողների (Հարություն Ալեքսանյանի և Լիլյա Աղայանի) հայտարարագրերում Ձորաղբյուրի այս տան մասին ոչինչ նշված չէ։
Հիշեցնենք, որ
Oragir.News-ը իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր նախկին դատավորի մոր՝ դպրոցի տնօրեն Լիլյա Աղայանի կողմից մի քանի թանկարժեք ավտոմեքենաների գնման
փաստին, ինչը ողջամիտ կասկածներ էր հարուցել՝ կապված մանկավարժի պաշտոնական եկամուտների և կատարված շքեղ գնումների անհամապատասխանության հետ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը վերջին տարիներին գտնվում էր աղմկահարույց դատական գործընթացների կենտրոնում։
Հակակոռուպցիոն դատարանը նրան մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ Նա և իր պաշտպանները մինչև վերջ հերքել են մեղքը՝ պնդելով, որ գործընթացը քաղաքական ճնշում է։
Տևական ժամանակ Արուսյակ Ալեքսանյանը գտնվում էր կալանքի տակ։ Հետագայում ազատ արձակվեց գրավի դիմաց:
Հիշեցնենք նաև՝ Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, ով 2022 թվականի մայիսին կայացրեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշումը։ Շուրջ երկու ամիս անազատության մեջ գտնվելուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, Արմեն Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ, և նա ուշագնաց եղավ ու մահացավ հենց դատարանի դահլիճում՝ նախնական դատալսումների ժամանակ:
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը այն դատավորն է, ով 2022 թվականին բավարարեց քննիչի միջնորդությունը և քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։
Oragir.News-ը կապ հաստատեց նախկին դատավորի ընտանիքի հետ՝ պարզաբանելու, թե ինչ կապ ունի Արուսյակ Ալեքսանյանը Ձորաղբյուրում գտնվող և օրական 110 000 դրամով վարձակալության տրվող շքեղ առանձնատան հետ, որի ֆոնին լուսանկարվել է։ Մեզ հետ զրույցում նախկին դատավորի մայրը՝ Եղվարդի թիվ 3 դպրոցի տնօրեն Լիլյա Աղայանը, հերքեց առանձնատան հետ կապված կասկածները՝ պատասխանելով. «Մենք Ձորաղբյուրում առանձնատուն չունենք, հավանաբար ընդամենը ինչ-որ միջոցառման ենք մասնակցել»։
Հասմիկ Մովսիսյան