Ներքին Խոսք 6 ժամ առաջ - 19:00 24-06-2026

Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել

Մերի Հակոբյան

Լրագրող

«Ադրբեջանի համար թիվ մեկ անընդունելի հայը Ստեփան Շահումյանն է, և նույն տրամաբանությամբ իրենց, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» մեջ մտնում է նրա հետ փոխկապակցված բոլոր անձանց հեռացումը պատմական հիշողությունից։ Ամիրյանը այդ անձանցից մեկն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց պատմաբան Միքայել Մալխասյանը՝ անդրադառնալով Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու նախաձեռնությանը։

Պատմաբանը նշեց, որ խնդրին պետք է նայել ոչ թե Պապ թագավորի, այլ հենց Ամիրյանի տեսանկյունից։

«Բաքվի կոմունան այն իշխանական մարմինն էր, որը մի քանի ամիս թույլ չէր տալիս ադրբեջանական իշխանություններին վերահսկողություն հաստատել Բաքվի նկատմամբ։ Այդ իշխանության ղեկավարը Ստեփան Շահումյանն էր, իսկ Արսեն Ամիրյանը՝ նրա թիմակիցներից մեկը։ Ինչպես Շահումյանը Ադրբեջանի համար ամենաանընդունելի հայերից մեկն է, այնպես էլ նրա հետ կապ ունեցող գործիչների հիշատակը ևս հայտնվում է թիրախում»,- ասաց Մալխասյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը վաղուց է պայքարում Շահումյանի և նրա շրջապատի հիշատակը վերացնելու համար։

«Պատահական չէ, որ Ստեփանակերտը գրավելուց հետո Ալիևի առաջին քայլերից մեկը Ստեփան Շահումյանի արձանի ոչնչացումն էր։ Նույն տրամաբանությունն այժմ տեսնում ենք նաև Հայաստանում»,- ընդգծեց պատմաբանը։

Մալխասյանի կարծիքով՝ Պապ թագավորի անունը երկրորդական նշանակություն ունի, իսկ հիմնական խնդիրը հենց Արսեն Ամիրյանի անվան հեռացումն է։

«Ադրբեջանի իշխանություններին, մեծ հաշվով, հետաքրքիր չէ՝ փողոցը ում անունով կկոչվի։ Կարող էին նույնիսկ որևէ այլ անվանում ընտրել։ Խնդիրը Ամիրյանի անունը հեռացնելն է, որովհետև դա լիովին համապատասխանում է այս «խաղաղության օրակարգին»»,- ասաց նա։

Մալխասյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Արսեն Ամիրյանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը կարող է կապված լինել նաև նրա ընտանիքի՝ մասնավորապես եղբոր հետ.

«Անձը ինքնին կարևոր է, սակայն առավել ուշագրավ է նրա եղբոր հանգամանքը։ Արսեն Ամիրյանի եղբայրը մասնակցել է Բաքվի ինքնապաշտպանությանը՝ ադրբեջանական զինված ուժերի դեմ, և ադրբեջանական պատմագրությունը նրան մեղսագրում է, այսպես կոչված, «ջարդարարական» գործողություններ։ Սա ևս կարող է բացատրել, թե ինչու է հենց Ամիրյանի անվան շուրջ նման վերաբերմունք ձևավորվել»,- նշեց պատմաբանը։

Պատմաբանը նաև հիշեցրեց, որ Հայաստանում խորհրդային ժառանգության վերանայման գործընթացը դեռևս իրականացվել է 1990-ականներին։

«Ի տարբերություն մի շարք հետխորհրդային երկրների՝ Հայաստանում դեկոմունիզացիան տեղի է ունեցել դեռևս անկախության առաջին տարիներին։ Փոխվել են այն անձանց անունները, որոնք հակահայկական գործունեություն են ծավալել։ Սակայն Ամիրյանի պարագայում նման խնդիր երբևէ չի եղել։ Դրա վկայությունն այն է, որ Ամիրյան փողոցը մի ժամանակ վերանվանվել էր Վռամշապուհի փողոց, սակայն հետագայում նախկին անվանումը վերադարձվել էր»,- նշեց նա։

Անդրադառնալով Պապ թագավորի կերպարին՝ Մալխասյանը շեշտեց, որ նրան միանշանակ գնահատել հնարավոր չէ, քանի որ նա հայկական պատմության ամենահակասական, բայց միաժամանակ կարևոր գործիչներից է։

«Պապ թագավորը միայն բացասական կամ միայն դրական կերպար չէ։ Նա ունեցել է բազմաթիվ դրական հատկանիշներ։ Նրա օրոք իրականացվել են ռազմական և վարչական կարևոր բարեփոխումներ, ամրապնդվել է բանակը, փորձ է արվել վերականգնել թագավորական իշխանության ազդեցությունը և ուժեղացնել պետական կառավարման համակարգը։ Պապը նաև փորձել է սահմանափակել արտաքին ուժերի ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքում»,- ասաց Մալխասյանը։

Միևնույն ժամանակ, պատմաբանը հիշեցրեց, որ Պապը չափազանց երիտասարդ տարիքում է դարձել թագավոր և սպանվել է ընդամենը 21-23 տարեկանում։

Նրա խոսքով՝ Պապ թագավորը իշխանության է եկել հռոմեական աջակցությամբ, իսկ հետագայում հենց հռոմեացիներն էլ սպանել են նրան։

«Պապը Հայաստանում իշխանության եկավ հռոմեական զորքերի աջակցությամբ։ Նրա ժամանակ Հայաստանում տեղակայվեցին հռոմեական զորքեր, և, փաստորեն, Հռոմի ազդեցությունը երկրում ավելի ամրապնդվեց։ Սակայն հետագայում հենց հռոմեացիներն էլ նրան սպանեցին։ Սա ևս կարևոր հանգամանք է, երբ խոսում ենք Պապ թագավորի պատմական կերպարի մասին»,- եզրափակեց Միքայել Մալխասյանը։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
10:16 Պուտինն առանց ճնշման ոչինչ չի անի. Թրամփը Զելենսկուն կոչ է արել ավելի համարձակ գործել
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը