«
Oragir.News»-ը տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզում վաղ առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը կին է: Նա եղել է «Գազել»-ում, որով տեղափոխում էին աշխատողներին. ըստ տեղեկությունների՝ տուժածները գնում էին օրավարձով աշպատանքի՝ ծիրան հավաքելու։
Այս մասին հայտնում են Արտենի գյուղի բնակիչները։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 22-ի վաղ առավոտյան, ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել էին մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։
Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 11 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։
Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, որից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում:
«Oragir.News»-ին տեղեկացնում են, որ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը՝ թեթև:
Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: