Ուղիղ եթեր
Ներքին 1 շաբաթ առաջ - 09:41 26-05-2026

Ռուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

Ռուբիոյի այցի առանձնահատկությունները

1. Նախ, այս այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը Հայաստան՝ Հիլարի Քլինթոնի 2014 թվականի այցից հետո։

2. Սա կարծես կարճատև, առանց գիշերակացի «տրանզիտ» այց է․ պետքարտուղարը վերադառնում է Հնդկաստանից և, Դոնալդ Ռամսֆելդի 1999 թվականի այցի օրինակով, մի քանի ժամ կանցկացնի Երևանում։ Այն ժամանակ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը հանդիպեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ապա՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահական նստավայրում, և գոհ մնաց երկու բանակցություններից էլ։

3. Ռուբիոն հայաստանյան իր գործընկերոջ հետ 30 րոպեյով կհանդիպի օդանավակայանում, հետո փոխըմբռնման հուշագիր կստորագրի, հետո, միգուցե վարչապետի հետ հանդիպում կունենա կառավարությունում։ Եթե նման հանդիպում չլինի, դա իհարկե էական նշանակություն ունեցող հանգամանք կլինի:

4. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի շուրջ օղակի սեղմումը։ Ի դեպ, TRIPP-ը նույնպես դիտարկվում է Իրանի նկատմամբ քաղաքականության համատեքստում։

5. Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը, իմ կարծիքով, այս տեսանկյունից պատահական չէ․ TRIPP-ը անցնում է Հայաստանի տարածքով և առավելապես հայ-ամերիկյան նախագծի բնույթ ունի։ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է ամերիկացիներին թե՛ TRIPP-ի, թե՛ Իրանի հարցերում, ուստի լրացուցիչ պարզաբանումների կարիք գրեթե չկա։ Հետևաբար, բանակցությունների հիմնական ուշադրությունը, կարծում եմ, կարող է կենտրոնանալ Իրանի շուրջ զարգացումների և TRIPP-ի ապագայի վրա։

6. Վստահ եմ՝ շատերին հետաքրքրում է նաև՝ արդյոք Ռուբիոն ընտրություններին ընդառաջ ուղիղ ձևով կաջակցի գործող իշխանությանը։ Ես դա հնարավոր եմ համարում, սակայն միայն այդ նպատակով Երևան հաստատ չէր այցելի աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը։ Այլ հարց է, որ իշխանությունը այս այցը կօգտագործի PR նպատակներով՝ նույնիսկ եթե Ռուբիոն հրապարակային որևէ ուղերձ չհնչեցնի։

7. Ավելի գլոբալ առումով՝ ԱՄՆ-ն Հայաստանում, բնականաբար, աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը։

8. Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հակաիրանական որևէ արկածապնդրության մեջ չեն ներքաշվի, քանի որ նույնիսկ Թրամփի վարչակազմը ներքաշվելուց հետո իրավիճակին համահունչ “exit strategy” չի գտնում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ