Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 15:32 18-05-2026

Բոլորը նույնը չեն․ վարորդների համաներումը պետք է տարբերակված լինի․ Տիգրան Քեյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Փաշինյանի՝ վարորդական իրավունքից զրկված անձանց համար հնարավոր համաներման նախաձեռնությունը պետք է հստակ տարբերակված մոտեցում ունենա՝ ըստ խախտման ծանրության և պատճառած հետևանքների։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպմանը վարորդական իրավունքից զրկված վարորդների հետ, որի ընթացքում վերջինս առաջարկել էր, հանրային աջակցություն ստանալու դեպքում, առանց քննության վերականգնել վարորդական վկայականները՝ որոշ նախապայմաններով։

Քեյանի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե համաներումը ի՞նչ ձևաչափով է իրականացվելու և վարորդների ո՞ր խմբերին է վերաբերելու։

«Ստացվում է, որ ոչ թե կառավարությունն է համաներում շնորհում, այլ հանրությունն է կարծես՝ պահանջում դա։ Բայց դեռ հստակ չէ՝ ովքեր են ներառվելու այդ գործընթացում, ովքեր՝ ոչ»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք սա կարելի՞ է դիտարկել որպես նախընտրական խոստում կամ քաղաքական քայլ, Քեյանը պատասխանեց, որ հարցն ավելի շատ քաղաքական բնույթի է, և ինքը՝ որպես վարորդների շահերի պաշտպան, քաղաքական գնահատական տալ չի ցանկանում։

Միաժամանակ նա ներկայացրեց իր մասնագիտական տեսակետը՝ նշելով, որ վարորդական իրավունքից զրկված բոլոր անձանց նույն չափանիշով գնահատելը սխալ է։

«Պետք է հասկանալ՝ ինչ խախտման համար է մարդը զրկվել վարորդական իրավունքից։ Օրինակ՝ կան դեպքեր, երբ վարորդը մեքենան մաքսային պահեստից մինչև գրանցման կետ է տեղափոխել առանց տրանզիտ համարանիշի, ինչի համար զրկվել է իրավունքից։ Այդպիսի դեպքերը դժվար է համեմատել ծանր խախտումների հետ»,- ասաց Քեյանը։

Նա առանձնացրեց նաև ալկոհոլի ազդեցության տակ վարելու դեպքերը՝ նշելով, որ այստեղ ևս անհրաժեշտ է տարբերակված մոտեցում։

«Չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել այն վարորդին, ով առաջին անգամ է խախտում թույլ տվել և վթար չի առաջացրել, և այն վարորդին, որի գործողությունների հետևանքով եղել են ծանր հետևանքներ կամ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներ»,- ընդգծեց նա։

Քեյանի գնահատմամբ՝ իրավական առումով ևս վիճահարույց է վարորդական իրավունքը վերականգնելու համար նույն քննությունը վերահանձնելու պահանջը, քանի որ մեկ տարվա ընթացքում վարորդը չի կորցնում վարելու հմտությունները։

«Եթե մարդը մեկ տարի չի վարել, դա չի նշանակում, որ նա այլևս վարորդ չէ։ Քննությունը կրկին հանձնելը չի ապացուցում, որ նա գիտակցել է իր խախտումը։ Ավելի կարևոր է՝ հասկանալ՝ արդյոք վարորդը փոխե՞լ է իր վարքագիծը»,- նշեց նա։

Քեյանը նաև նկատեց, որ բազմաթիվ վարորդներ նույնիսկ իրավունքից զրկված կամ կասեցված ժամանակահատվածում շարունակել են մեքենա վարել, ինչի հետևանքով ավելացել են քրեական գործերը։

Ամփոփելով՝ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը շեշտեց, որ եթե կառավարությունը որոշի համաներում իրականացնել, անհրաժեշտ է հստակ սահմանել, թե որ վարորդներին է այն վերաբերում։

«Չի կարելի բոլորին հավասարեցնել։ Պետք է հասկանալ՝ ով ինչ խախտում է կատարել, ինչ վնաս է հասցրել և միայն դրանից հետո որոշել՝ ում նկատմամբ կարելի է կիրառել համաներում»,- եզրափակեց Տիգրան Քեյանը։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան