Մամուլ 2 ամիս առաջ - 08:52 15-05-2026

Մակրոնի այցը Գյումրի սկանդալով է ուղեկցվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը փորձում է մայիսի 4-5-ին Երեւանում կայացած ԵՄ համայնքի գագաթնաժողովն իր փիառին ծառայեցնել, հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցին են հատուկ կարեւորություն տալիս, ընդգծում իրենց իբր ինքնիշխանությունը, լեգիտիմությունը եւ հայտարարում, թե աշխարհի առաջնորդները հաշվի են նստում իրենց հետ, քանզի Հայաստանն ազատագրել են ռուսի լծից ու ժողբաստիոն դարձրել, մեզ պատմեցին, որ Գյումրիում Փաշինյան-Մակրոն այցի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել, ինչն ապշեցրել է նաեւ Ֆրանսիայի նախագահին եւ նրա պատվիրակությանը, քանի որ ի ցույց է դրել Հայաստանում հաստատված «ժողովրդավարական» բարքերը։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին՝ Երեւանում մեկնարկած գագաթնաժողովի հաջորդ օրը, Մակրոնն ու Փաշինյանն այցելեցին Գյումրի, հայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մեծ համերգ տեղի ունեցավ, որտեղից էլ Մակրոնն ուղեւորվեց «Զվարթնոց», որպեսզի վերադառնա Ֆրանսիա։ Մենք գրել էինք, որ Գյումրի այցի ընթացքում նախատեսված է եղել շրջայց կատարել քաղաքի թիվ 10 դպրոց, որը ֆրանսիական թեքումով է եւ կառուցվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ ֆրանսիական իշխանության ջանքերով։ Բայց այցը չի կայացել: Մեզ լրացուցիչ մանրամասներ պատմեցին այդ մասին: Մոտ երեք ամիս դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները պատրաստվել են Ֆրանսիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ այցին, անգամ դպրոցը կոսմետիկ վերանորոգել են, այցի օրը անվտանգային խիստ միջոցառումներ ձեռնարկել, բառի բուն իմաստով՝ սանրել են տարածքը, բոլոր ուսուցիչների եւ աշակերտների մուտքը դպրոց թույլատրել են մետաղորսիչներով մանրակրկիտ զննումից հետո։ Վերջին պահին դպրոցի անձնակազմին տեղեկացրել են, որ Մակրոնը չի գա` չի հասցնում:
Իրականում, նախատեսված ժամին Մակրոնն ու իր պատվիրակությունը, որ ուղղաթիռով են մեկնել Գյումրի, տեղում են եղել, սակայն Փաշինյանն ուշացել է, եւ դպրոց այցը նրա ուշանալու պատճառով է չեղարկվել։

Մակրոնի աշխատակազմից դպրոցի տնօրենին առաջարկել են՝ իրենց ողջույնի խոսքն ու կազմակերպված միջոցառումը տեղափոխել Վարդանանց հրապարակ, որտեղ երեկոյան համերգ էր տեղի ունենալու։ Ասել են, որ Ֆրանսիայի նախագահի գրաֆիկը հագեցած է, ուստի չեն կարողացել նախատեսված ծրագրից շեղումներ ունենալ։ Դպրոցի տնօրինությունն էլ համաձայնել է։ Պատվավոր հյուրից հրավեր ստանալով՝ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն ուղեւորվել են Վարդանանց հրապարակ ու փորձել են շարժվել ետնաբեմում, որ Մակրոնի այցի առիթով պատրաստած միջոցառումը բեմահարթակից ներկայացնեն։ Սակայն այստեղ էլ հանդիպել են Փաշինյանի թիկնազորի դիմադրությանը: Բանն այն է, որ բեմից պետք է ելույթ ունենար Փաշինյանը, հետո համերգն էր լինելու, ուստի տարածքը շրջափակված է եղել նրա թիկնազորի կողմից։ Տնօրենը փորձել է բացատրել, որ ֆրանսիացի հյուրից է եղել հրավերը, սակայն մեզ ասացին, որ նույնիսկ քաշքշուկ է տեղի ունեցել, հրմշտոց, տնօրենն անգամ ընկել է, Մակրոնի աշխատակազմից են միջամտել՝ հավաստիացնելով, որ Ֆրանսիայի նախագահն է հրավիրել, եւ ապշել են Փաշինյանի թիկնապահների բիրտ պահվածքից: Սակայն դպրոցի տնօրինությունը ստիպված է եղել զիջել, եւ բավարարվել են միայն Ֆրանսիայի նախագահի հետ լուսանկարվելով։

Երեկ մեզ չհաջողվեց զրուցել տնօրեն Լիանա Վարդանյանի հետ, սակայն դպրոցի ֆեյսբուքյան էջում այդ օրվա մասին տեղադրված հաղորդագրությունից պարզ դարձավ, որ Մակրոնի այցը դպրոց չի կայացել, եւ նա անձամբ հրավիրել է նրանց հրապարակ․ «2026թ. մայիսի 5-ին նախադեպը չունեցող իրադարձություն տեղի ունեցավ Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում: Հայաստան ժամանած ԵՄ պատվիրակությունը հյուրընկալվեց Գյումրիում: Ֆրանսիայի Հանրապետության նախարարներ՝ Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Հադդադը, Ֆրանսիայի ԶՈւ եւ վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն, Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Միշել Ֆուրնիեն, Ֆրանսիայի փոխդեսպան Ժուլի Ֆորը եւ մի շարք ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին մեր դպրոց, որտեղ աշակերտները հայկական պարով եւ ֆրանսիական երգերով դիմավորեցին նրանց: Դպրոցի բակում տեղակայված խաչքարի մոտ ֆրանսիացի հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին 1988 թ. ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Ֆրանսիայի նախագահ պարոն Մակրոնի հատուկ հրավերով աշակերտները մասնակցեցին Գյումրիում տեղի ունեցած «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին»,- նշված է հաղորդագրության մեջ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին