Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 20:30 11-05-2026

Փաշինյանն ապահարզանին դեմ է, ինչ են առաջարկել Սամվել Կարապետյանին, Ծառուկյանը բացառեց. Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 11-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է Ռուսաստանի նախագահի հայտարարություններին՝ կրկնելով արդեն մեկ տարի շարունակ իր կողմից հնչեցվող այն թեզը, որ Հայաստանը որոշում կկայացնի, երբ պահը հասունանա, այժմ և առաջիկա շրջանում Երևանը Եվրասիական տնտեսական Միությունից դուրս գալու անհրաժեշտություն չունի: «Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, որովհետև ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես էդ ձևակերպման հետ համաձայն չեմ: Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: Էլի եմ ասում՝ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ էդպիսի հարց դնել՝ նաև հանրաքվե, կանենք էն պահին, երբ որ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի», - ասաց Փաշինյանը։ Արձակուրդում գտնվող և քարոզարշավով զբաղված Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Երևանը Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի. «Մենք չենք ներքաշվելու վիճաբանության, լեզվակռվի մեջ, և մենք բոլոր հարցերը քննարկելու ենք աշխատանքային պայմաններում, առանց լրացուցիչ նյարդի»,- պնդել է նա։ Նիկոլ Փաշինյանն նաև տեղեկացրել է, որ չի մասնակցի մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին՝ կրկին քարոզարշավով պայմանավորված։ Նրան նիստում կփոխարինի Մհեր Գրիգորյանը: Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Եվրամիությանը միանալուՀայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում՝ առաջարկելով, որ Հայաստանում հանրաքվե անցկացվու, ու հայ ժողովուրդը որոշի՝ ուզո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ ԵՄ։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում։ «Ինձ կանչել էին հարկադիրի պահանջով, քանի որ ես իբր չեմ կատարում իրենց զգուշացումները»,– ասաց վարդապետը։ Նա ընդգծեց` պետական մարմինները` ի դեմս հարկադիրի, ամեն կերպ փորձում են խոչընդոտել իր ծառայությունը։ «Փաստորեն ես` որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորական, չեմ կարող պատարագ մատուցել, չեմ կարող հանդիպել երիտասարդների հետ, չեմ կարող քահանայական դասին հանդիպել, քանի որ, ըստ քննչականի, դա խոչընդոտ է դատական ակտին»,– ասաց նա։ Վարդապետը տեղեկացրեց, որ կարգալույծ արված Արման Սարոյանը շարունակում է քահանաներին նամակներ գրել։ Վերջին շրջանում ևս երկու դեպք է գրանցվել։ Նամակում գրված է եղել, թե նրանք հեռացված են իրենց հովվությունից «Չգիտես ինչու, բոլորը սպասում են ընտրությունների ելքին։ Մինչդեռ ընտրություններով չի պայմանավորվում Հայ առաքելական եկեղեցու վարդապետությունը, որի մեջ մտնում է նաև ուղղափառ եկեղեցաբանությունը։ Եթե կան հոգևորականներ, որոնք կարծում են, թե պետք է սպասել ընտրություններին, ապա իրենց համար եկեղեցու վարդապետությունը փոփոխելի է»,-ասաց նա։ Հոգևորականի գնահատմամբ՝ Մասյացոտնի և Արագածոտնի թեմերում տեղի ունեցող գործընթացները հարված են ոչ միայն եկեղեցու սահմանադրական հիմքերին, այլև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական համակարգին՝ այն ներսից քայքայելու նպատակով։ «Վերջին ամիսներին Մասյացոտնի թեմում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանը փաստացի իրավական պետություն չէ»,– հավելեց նա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ժողովրդի մի մասը մոլորված է, և պետք է հասկանա, որ խնդիրների պատասխանատուն ներկա իշխանություններն են։ Կարապետյանը նշել է, որ բնակչության 25-30 տոկոսը մոլորության մեջ է, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել նրանց իրազեկելու համար, որ սեփական խնդիրների պատճառը ոչ թե իրենք են, այլ գործող իշխանավորները։ «Սրանց համար մեկ սկզբունք կա՝ ո՞նց անեն, որ Ալիևի դուրը գան, ո՞նց անեն՝ նրա հրամանները կատարեն, ո՞նց անեն՝ 300 000 ադրբեջանցի բերեն, ապահովեն թե՛ բնակարաններով, թե՛ աշխատանքով, որովհետև իրենց շեֆը արդեն կարգադրել է», - ասել է Կարապետյանը։ Կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ իշխանության հասնելու դեպքում կասեցնելու են այդ գործընթացները։ Նա հավելել է, որ ձևավորվելու է արժանապատիվ երկիր՝ համապատասխան սկզբունքներով։ Ըստ նրա՝ անկախ Ալիևի, Թուրքիայի, ռուսների, եվրոպացիների կամ ամերիկացիների դիրքորոշումից, առաջնային է լինելու այն, ինչը ձեռնտու է Հայաստանի շահերին։ «Ես ամենածանր պայմաններն անցել եմ, եթե ես մինչև վերջ չգնայի, 5-րդ օրը ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու»,-տեղեկացրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան