Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:15 07-10-2025

Քոչարյանը դեմ չէ տեղը զիջել, ՀՀԿ-ն դեռ որոշում չունի, Փաշինյանն էլի բանավեճի է հրավիրում. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 7-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մասնակցելու է 2026 թվականի խորհդարանական ընտրություններին։ Այս մասին Քոչարյանն այսօր ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Անդրադառնալով 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին` նա նշեց` դրանք ցույց տվեցին, որ ինքն ինչ–որ չափով ունի ազդեցություն մի զանգվածի վրա, և կա կոնսոլիդացման հնարավորություն։ «Հիմա պատկերացրեք` 2021 թվականին ես չմասնակցեի ընտրություններին։ Աչքի առաջ ունենք 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունները. հիշեք, թե ինչ արդյունքներ են եղել` ավելի լավ խորհրդարան ունեի՞նք, թե՞ ավելի վատ։ Բավարա՞ր է իմ մասնակցության ձայները։ Ո՛չ, բավարար չէ։ Կուզենայի՞նք, որ այլ ուժեր լինեին, որոնց հետ մեր համագործակցությունը կբերեր իրավիճակի փոփոխության։ Այո՛, կցանկանանք, որի մասին շատ պարզ ու հասկանալի ձևով արտահայտվում ենք»,– ընդգծեց նա։ Քոչարյանի համար տարօրինակ են այն հայտարարությունները, թե ՀՀ նախկին նախագահները չպետք է մասնակցեն քաղաքական պրոցեսներին։ Ըստ նրա` եթե կոնկրետ քաղաքական ուժ մտնում է ընտրապայքարի մեջ, ապա այն գլխավորում են տվյալ ուժի առաջնորդները` ՀԱԿ–ի դեպքում` ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ՀՀԿ–ի դեպքում` Սերժ Սարգսյանը, և այլն։ Ինչ վերաբերում է իր թիմին, Քոչարյանն ասաց` պարտադիր չէ, որ այն ինքը գլխավորի։ «Եթե մեր թիմի մեջ հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Դա սկզբունքային հարց չէ, այլ քաղաքական դաշտի, հանրային կարծիքի հետազոտման հարց է»,–նշել է նա։


Երկրորդ նախագահը կարծում է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերով Հայաստանը ոչինչ չի ստացել` ի տարբերություն Ադրբեջանի և ԱՄՆ–ի։ Ըստ Քոչարյանի` ԱՄՆ–ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ ՀՀ սահմանում փաստացի վերհսկողության հնարավորություն, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ստացել է Նոբելյան մրցանակի ներկայացման հնարավորություն։ Իսկ ի՞նչ է ստացել Ադրբեջանը։ Ըստ ՀՀ 2–րդ նախագահի` նա ստացել է միջանցքի հնարավորություն ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում, 907–րդ բանաձևի չեղարկում։ «Ի՞նչ է ստացել Հայաստանը։ Այդ փաստաթղթերում փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն, մինչդեռ զրո։ Միայն պրոբլեմներ։ Ի՞նչ է ստացել Փաշինյանը. ստացել է մեկ նկար Թրամփի ստորագրությամբ, իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Եզրակացությունն այն է, որ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում. այնտեղ կար սեղան–աթոռ, նկար կար, դրոշ կար և Փաշինյան կար»,– հայտարարեց նա։ Քոչարյանի համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրել փաստաթղթեր, քանի որ դա ընդամենը տեխնիկական հարց էր լինելու։ «Եթե ամեն ինչ պայմանավորված էր, այդ ժամանակ ավելի լավ առիթ էր այն ստորագրելու։ Սա բովանդակային հարցեր է առաջացնում»,– ընդգծեց նա։


Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցով որոշում դեռևս չունի։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հաջողություն մաղթեց բոլոր այն ուժերին, որոնք արդեն որոշում են կայացրել։ ՀՀ երրորդ նախագահը նշեց՝ իրենք այս պահին այլ գործով են զբաղված՝ նկատի ունենալով իմպիչմենտի գործընթացը։ «Տեսնենք, իրավիճակից առաջ չեմ ուզում եզրակացություններ անել։ Ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու մասին»,- ասաց նա։ Սարգսյանը հավելեց, որ իմպիչմենտի գործընթացն իրենք չեն նախաձեռնել, բայց պաշտպանել են այն և նաև թեկնածու են առաջադրել։ Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի դատավճռին՝ Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ անհեթեթություն է խոսքի համար մարդուն բանտ նստեցնելը։ «Այսինքն՝ Միքայել սրբազանն էնքան միամիտ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որ ես մի գեներալ գտնեմ, որ ռազմական հեղաշրջում լինի։ Մարդ է, խոսք է, ասել է։ Էդ ասեցնելու համար, որ նստեցնելը լավ է, մեր իշխանության օրոք ինքը՝ Փաշինյանը 140 անգամ կարող էր նստել»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ վերջին 7 տարիների ընթացքում Միքայել Սրբազանին հանդիպելու հնարավորություն չի ունեցել։


Արձագանքելով նախկին նախագահների հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նրանց բանավեճի է հրավիրել։ Վերջինս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ընթացքում հակիրճ գրառում է արել. «Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալու՞ եք, թե ոչ»։ Այնուհետև Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում կրկին անդրադարձել է բանավեճի թեմային. «Պատկերացնու՞մ եք, պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի: Ընդ որում՝ այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ, ինքը լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց խոսացածի 99.9%-ը բանավեճ է ինձ հետ: Իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև խոսացածի 99.9%ը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է և դա շատ հեշտությամբ ցույց կտամ: Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների եք մասնակցում, բա բանավեճի չեք գալու՞ ընտրությունների: Էլի փախնելու՞ եք»,-ասել է Փաշինյանը: Կառավարության ղեկավարին ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է արձագանքել՝ հերթական անգամ կոչ անելով հրապարարկել 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից նրանց ներկայացված կարգավորման առաջարկը։ «Էս մարդու բթությունն իրոք սպառնալիք ա մեր ազգային անվտանգության համար: 2019 թվականի Մինսկի խմբի խաղաղության պլանը և Հայաստանի իշխանությունների պաշտոնական պատասխանը հրապարակելո՞ւ ես, թե՞ ոչ: Թե՞ վախում ես` մեր ժողովուրդն իր աչքերով տեսնի, ոնց կործանեցիր Հայաստանը»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: