Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 17-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի հետ «պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել»: «Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»,- գրել է Փաշինյանը` արձագանքելով Թրամփի գրառմանը։ Միացյալ Նահանգների նախագահը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը և կից գրել․ «Մեծ պատիվ էր օգնել՝ կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։ Թրամփին արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ես խորապես գնահատում եմ Ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնում պատմական գագաթնաժողովի անցկացման գործում»,- գրել է նա՝ շեշտելով, որ Թրամփը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև «հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն է»:
Բաքվի զինվորական դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու Ռուբեն Վարդանյանի միջորդությունը: Նախօրեին կայացած դատական նիստում Արցախի նախկին պետնախարարը միջնորդել էր Փաշինյանից բացի հարցաքննել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին: Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Վյուսալ Ալիևը, սակայն, նշել է, որ Փաշինյանն ինչպես նաև մյուս անձինք հարցաքննության ենթակա չեն, քանի որ կապ չունեն մեղադրանքի հետ, և պահանջել է դատարանից Վարդանյանի միջնորդությունը թողնել առանց քննության: Գործով այսպես կոչված տուժողները ևս պնդել են մերժել միջնորդությունը: Թե ինչ հիմնավորմամբ է Ռուբեն Վարդանյանը միջնորդել Բաքվի դատարանում հարցաքննել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնի չէ, նիստը լուսաբանող ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունն այս մասով ոչինչ չի հայտնում։ Նիկոլ Փաշինյանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հարցաքննելու միջնորդության մերժումից հետո Արցախի նախկին պետնախարարը մեկ այլ միջնորդությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ ինքը զինծառայող չէ և հետևաբար համաձայն չէ, որ իրեն վերագրվող քրեական գործը քննվում է զինվորական դատարանում: Ի պատասխան՝ գլխավոր դատախազի օգնականը հակադարձել է, թե քանի որ Ռուբեն Վարդանյանին վերագրվում են նաև ռազմական հանցագործություններ, նրա գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը, և պահանջել է այս միջնորդությունը ևս քննության առարկա չդարձնել:
Լրագրող, Երևանի քաղաքապետի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի դեմ բռնության մասին ահազանգից գրեթե երկու օր անց Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է տվել Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանին և նա արձակուրդ է ուղարկվել։ Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ հայտնել է, որ նկատողությունն առնչվում է Հակոբ Կարապետյանը գրառմանը, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։ Կարապետյանը բռնության էր ենթարկվել ֆեյսբուքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին քննադատելուց հետո։ Լրագրողի դեմ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել, կա ձերբակալված, որի ինքնությունը իրավապահներն առայժմ չեն բացահայտում: Նշենք՝ անձամբ Ավետ Բաբայանը և նրա ղեկավարած Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները վերջին մեկ ասում հանրային տրանսպորտում ստուգում են քաղաքացիների կողմից իրականացվող վճարումները և արդեն հասցրել են բազմաթիվ սկանդալների կենտրոնում հայտնվել։ Դրվագներից մեկով վերջիններս քաղաքացիներից մեկին ստիպել էին կրկնակի վճարում կատարել, այնուհետև տուգանել նրան, և միայն հանրային ճնշումից հետո էր Բաբայանը զանգահարել քաղաքացուն, ներողություն խնդրել, տուգանքն էլ՝ չեղարկել։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է սկսել, իսկ առիթը Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումներն են։ «Իշխանափոխության լուծումների, կիրառական ուղիների քննարկում: Մեր առաջարկած ուղին իմփիչմենթն է, մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կա՛մ դրա շուրջ մեր հետ կհամախմբվեն, կա՛մ կառաջարկեն այլ լուծում», - ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանն արդեն հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի, Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանի ու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, այսօր հանդիպել են նաև Սուրեն Սուրենյանցի գլխավորած «Դեմոկատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին: Հայտնի չէ, թե ինչ են քննարկել ՀՀԿ-ականներն այս գործիչների, հատկապես՝ Արթուր Վանեցյանի ու Վազգեն Մանուկյանի, որ 2020 թվականի պատերազմից հետո փորձեցին Փաշինյանին հեռացնել իշխանությունից ու չհաջողվեց: Հայկ Մամիջանյանը քննարկումների բովանդակությունից ոչինչ չպատմեց: «Պատիվ ունեմ»-ը դեռ հունիսի սկզբին էր Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ էր պատրաստել, սակայն խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը դեռ չի միացել այդ նախագծին: «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի միջոցով Փաշինյանին տուն ուղարկելու Սարգսյանի սցենարը իրատեսական չի համարում:
Մանրամասները՝ տեսանյութում: