Ուղիղ եթեր
Ներքին 4 շաբաթ առաջ - 15:29 07-05-2026

4 երեխա ունեմ, վարորդական իրավունքից զրկվելու պատճառով մնացել եմ անաշխատանք. ակցիայի մասնակից

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներից մեկը պատմեց, որ կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են վերականգնել իրենց վարորդական իրավունքները։ Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցների մեծ մասը վարորդական իրավունքից զրկվել է տարբեր պատճառներով՝ ալկոհոլի, բալային համակարգի կամ չվճարված տուգանքների հետևանքով, սակայն շատերի համար մեքենա վարելը միակ եկամտի աղբյուրն է։

«Բոլորս աշխատող մարդիկ ենք, ընտանիք ենք պահում։ Ես անձամբ 4 անչափահաս երեխա ունեմ, և վարորդական իրավունքից զրկվելու պատճառով զրկվել եմ աշխատելու հնարավորությունից»,- նշեց նա։

Վիրաբյանի խոսքով՝ իր դեպքում վարորդական իրավունքից զրկվել է ալկոհոլի հետ կապված միջադեպից հետո, թեև, իր պնդմամբ, մեքենան չի վարել։

«Մեքենայի ղեկին նստած եմ եղել, բայց վարելուց չեմ եղել։ Առաջարկել եմ արյան անալիզ հանձնել, որովհետև սարքի ցուցմունքին համաձայն չէի»,- ասաց քաղաքացին:

Նրա խոսքով՝ որ բազմաթիվ քաղաքացիներ բալային համակարգի պատճառով են կորցրել վարորդական իրավունքները։

«Տաքսու վարորդը հաճախորդի համար կանգնում է, նկարահանվում է, բալերը վերջանում են, ու մարդը զրկվում է վարորդականից։ Արդյունքում ընտանիք պահելու հնարավորություն չի ունենում»,- ընդգծեց ակցիայի մասնակիցը:

Նրա խոսքով՝ քաղաքացիների նկատմամբ կիրառվող տուգանքները չափազանց բարձր են, իսկ չվճարելու դեպքում մարդիկ հայտնվում են իրավական ավելի ծանր իրավիճակում։

«370 հազար դրամ տուգանք են նշանակում։ Եթե մարդը չի աշխատում, ո՞նց վճարի։ Չի վճարում՝ դառնում է պոտենցիալ հանցագործ»,- ասաց նա։

Քաղաքացին նշեց, որ իրենք դիմում են վարչապետին՝ ակնկալելով, որ իրենց խնդիրը լուծում կստանա։

«Մենք արդեն կրել ենք մեր պատիժը։ Թող մի լուծում գտնեն, որ մարդիկ կարողանան վերադառնալ աշխատանքի ու պահել իրենց ընտանիքները»,- եզրափակեց ակցիային մասնակցող քաղաքացին։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան