Հայաստանն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել Անիի պատմական կամրջի վերակառուցման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի X-ի էջերում արված հրապարակումից։
«Քննարկեցինք Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Ողջունեցի Անիի պատմական կամրջի համատեղ վերակառուցման վերաբերյալ արձանագրության ստորագրումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիայի փոխնախագահն էլ իր հերթին գրել է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը համապարփակ գնահատել են երկկողմ հարաբերությունները։
«Հավատում ենք, որ համագործակցության այնպիսի խորհրդանշական և գործնական ոլորտները, ինչպիսին այսօր փոխըմբռնման հուշագրով ստորագրված Անիի կամրջի համատեղ վերականգնումն է, իրենց նպաստը կբերեն տևական խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորմանը»,- նշել է Ջևդեթ Յըլմազը։
Կողմերը քննարկվել են նաև տրանսպորտի, մաքսային ծառայության, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը։