Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 14:31 30-04-2026

Եթե նախկինում 1000 դրամանոց պատվերից գանձվում էր 10%, ապա հիմա նույն ծառայությունը թանկացել է, միջնորդավճարը` նույնպես բարձրացել. ակցիայի մասնակից

Մերի Հակոբյան

Լրագրող

Կառավարության դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում Oragir.News-ի հետ զրույցում նախաձեռնության ներկայացուցիչ Հրաչ Հովհանիսյանը ներկայացրեց տաքսիների ոլորտում առկա խնդիրներն ու պահանջները։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է առցանց հարթակներով ծառայություններ մատուցող տաքսու վարորդների շահերի պաշտպանությանը։

«Այս պահին գլխավոր խնդիրը գանձվող միջնորդավճարների մասով վերին շեմ սահմանելու հարցն է»,- նշեց Հովհանիսյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ օրենսդրական նախաձեռնությամբ զբաղվում է պատգամավոր Հայկ Սարգսյանը, սակայն գործընթացը, նրա պնդմամբ, անհասկանալի պատճառներով ձգձգվում է։

«Ես դիմել եմ տարբեր գերատեսչությունների տարբեր բովանդակություններով, բայց հիմա չենք ուզում բոլոր խնդիրներին առանձին անդրադառնալ։

Գլխավորը Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը հրատապ ընթացք տալն է։ Այն թողնել ընտրություններից հետո և դարձնել նախընտրական քարոզչության գործիք՝ սխալ է, որովհետև խնդիրը հասարակական է, և դրա քաղաքականացումը անթույլատրելի է»,- ընդգծեց նա։

Հովհանիսյանի գնահատմամբ՝ խնդիրը վերաբերում է հասարակության զգալի հատվածին․ «Եթե հաշվի առնենք թե՛ պատվիրատուներին, թե՛ վարորդներին, ապա խոսքը բնակչության մոտ 20-30 տոկոսի մասին է։

Այսինքն՝ այստեղ կարող են լինել տարբեր քաղաքական ուժերին հարող մարդիկ, և հարցը քաղաքականացնելը, դրանից դիվիդենտներ քաղելը՝ սխալ ճանապարհ է»։

Նա նշեց, որ այս հարցում անհրաժեշտ է իշխանության և ընդդիմության համատեղ աշխատանքը․

«Պետք է միավորվեն և փորձեն պաշտպանել այս նախաձեռնությունը, ոչ թե քաղաքականացնել այն»։ Անդրադառնալով գործընթացի ձգձգմանը՝ Հովհանիսյանը մտահոգություն հայտնեց, որ խնդիրը կարող է ընդհանրապես չլուծվել․ «Ամենավատ սցենարը կլինի, եթե այն ձգձգվի ու չլուծվի։ Այդ դեպքում տարբեր քաղաքական ուժեր կարող են իրենց նախընտրական ծրագրերում ներառել այս հարցը՝ տարբեր ձևակերպումներով, ինչը նույնպես սխալ է, որովհետև սա գործող իշխանությունների պարտավորությունն է, և պետք է լուծվի հիմա»։

Նախաձեռնության կարևորության մասին խոսելով՝ Հովհանիսյանը մանրամասնեց, որ խնդիրը վերաբերում է թվային հարթակների կողմից գանձվող միջնորդավճարներին։ Նրա խոսքով՝ 2016 թվականից շուկա մուտք գործած այս հարթակները սկզբում գործել են գրեթե առանց միջնորդավճարի, սակայն հետագայում այն աստիճանաբար աճել է մինչև միջինը 20 տոկոս։

«Եթե նախկինում, օրինակ, 1000 դրամանոց պատվերից գանձվում էր 10 տոկոս, ապա հիմա նույն ծառայությունը թանկացել է, իսկ միջնորդավճարը նույնպես բարձրացել է։ Միջնորդավճարի բարձրացումը պետք է հիմնավորված լինի կոնկրետ արժեքով՝ օրինակ՝ վարորդի խնդիրների լուծմամբ, վառելիքի կամ մեքենայի ծախսերի փոխհատուցմամբ։ Եթե նման բան չկա, ապա դրա ավելացումը տրամաբանական չէ»,- ասաց նա։

Հովհանիսյանի խոսքով՝ հարթակների եկամուտը ձևավորվում է ոչ միայն միջնորդավճարներից, այլև պատվերների քանակի և ընդհանուր շրջանառության աճից, մինչդեռ վարորդները չունեն բավարար բանակցային ուժ։ «Գերատեսչությունները պնդում են, որ չեն կարող միջամտել մասնավոր ոլորտին, բայց մենք կարծում ենք՝ պետությունը պարտավոր է միջամտել, որովհետև այստեղ միակողմանի որոշումներ են կայացվում հարթակների կողմից»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հնարավոր է գործընթացի ձգձգումը կապված լինի նախաձեռնության հեղինակի՝ Հայկ Սարգսյանի և իր քաղաքական թիմի միջև առկա խնդիրների հետ, Հովհանիսյանը նշեց, որ նման տեղեկություն չունի, սակայն կրկին շեշտեց՝ հարցը պետք է դիտարկել բացառապես սոցիալական հարթությունում։ «Քաղաքական բոլոր խնդիրները պետք է դնել մի կողմ։ Սա սոցիալական հարց է, և թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է միասին նպաստեն դրա լուծմանը, ոչ թե փորձեն այն օգտագործել քաղաքական նպատակներով», - եզրափակեց նա։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան