Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:00 03-02-2025

Մետրոյի և տրոլեյբուսի ուղեվարձը չի փոխվել․ քաղաքացիներից ապօրինաբար է 150 դրամ գանձվում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում կրքերը չեն հանդարտվում։ Մինչ երևանցիները շարունակում են բոյկոտել այս որոշումը ու տրանսպորտի համար վճարել առավելագույնը 100 դրամ, քաղաքային իշխանություններն էլ իրենց ու իրենց խոսափողների շուրթերով բացառում են, որ վերադարձ կլինի 100 դրամ ուղեվարձին։

Հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանը վստահեցնում է, որ 1 ուղևորությունը 150 դրամ սահմանելու որոշումը վերաբերում է միայն ավտոբուսներին, իսկ տրոլեյբուսներում և մետրոյում քաղաքացիներից ապօրինի կերպով է 150 դրամ գանձվում, նման որոշում չկա։ Oragir.News-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանը շեշտեց՝ Երևանի ավագանու համապատասխան որոշումը, որը վերաբերում է տրանսպորտի թանկացմանը, վերաբերում է բացառապես ավտոմոբիլային տրանսպորտին և հղում է անում ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին․

«Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, անկախ նրանից դա օրինակա՞ն է, թե՞ անօրինական, սա այլ հարց է, վերաբերում է բացառապես ավտոբուսներին։ Պարզապես դրանում մի կետ կա, ըստ որի՝ ով ունի ավտոբուսի տոմս, նույն ժամանակահատվածում մետրոյից և տրոլեյբուսներից կարող է օգտվել անվճար։ Այսինքն՝ մետրոյից կարող են անվճար օգտվել միայն ավտոբուսի տոմս ունեցողները, իսկ Երևան քաղաքում երթևեկելու համար ավտոբուսի տոմս ունենալը պարտադիր չէ, որովհետև Երևանի շատ քաղաքացիներ, այդ թվում ես, հաճախ օգտվում ենք միայն մետրոպոլիտենից․ մի կայարանից նստում ենք, գնում ենք մյուս կայարան՝ մեր նշանակակետ և ավտոբուսից չենք օգտվում։ Եթե ավտոբուսից չենք օգտվում, ուրեմն ավտոբուսի տոմս ունենալու կարիք չունենք, իսկ եթե ավտոբուսի տոմսի կարիք չունենք, օգտվում ենք միայն մետրոյից, պետք է ունենաք մետրոյի տոմս։ Մետրոյի 100 դրամ ուղեվարձի փոփոխության մասին Երևանի ավագանին որոշում չի կայացրել, տրոլեյբուսի 50 դրամը փոխելու վերաբերյալ՝ ևս»։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ Երևանի այն քաղաքացիներն ու հյուրերը, ովքեր օգտվում են միայն տրոլեյբուսից կամ մետրոյից, նրանք պետք է վճարեն համապատասխանաբար 50 և 100 դրամ, որովհետև ուղեվարձի փոփոխություն չի եղել։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Երևանի քաղաքապետարանը պարտավոր է վաճառել 50 և 100 դրամանոց ուղետոմսեր, որոնցով ավտոբուս նստել հնարավոր չի լինի, բայց տրոլեյբուսից ու մետրոյից հնարավոր կլինի օգտվել սահմանված գնով։

«Հիմա եթե այդ հնարավորությունը մեզ չեն տալիս, հետևաբար այդ ուղեփակոցը չի բացվում, որ մենք մտնենք մետրո։ Այսինքն՝ մեզ կեղեքում են, ապօրինի շորթում են՝ 50 և 100 դրամի փոխարեն պահանջելով 150 դրամ։ Գնում ենք մետրոպոլիտենի դրամարկղ, տալիս ենք 100 դրամ և խնդրում, որ մեզ տրամադրեն միայն մետրոյից օգտվելու տոմս, ոնց որ ժամանակին մեզ տալիս էին մետրոյի ժետոն՝ 100 դրամանոց, որով, բացի մետրոյից, որևէ այլ տեղ հնարավոր չէր տրանսպորտից օգտվել։ Հիմա ասում ենք՝ ժետոնը փոխարինել են, լավ, տվեք 100 դրամանոց միայն մետրոյից օգտվելու տոմս, բայց չեն տալիս»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանը նաև քաղաքացիներին կոչ է անում պահել մետրոյի կայարաններից գնված 150 դրամանոց ուղետոմսերը։ Oragir.News-ի հարցին, թե դրանցով հետագայում ի՞նչ է հնարավոր անել՝ մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես հիմա հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որ շորթում ու ապօրինություն է տեղի ունենում, որպեսզի դա արագ կարգով դադարեցնեն և քրեական վարույթ նախաձեռնեն այդ հանցանքի համար։ Հիմա եթե այս մարդիկ իրենց կատարած հանցանքի համար պատասխանատվության ենթարկվեն, ով այդ ընթացքում մետրոյի համար ավելի շատ է վճարեն, բնականաբար 50 դրամները պետք է հետ վերադարձվի։ Որպեսզի մարդիկ հետագայում փոխհատուցում ստանալու հիմքեր ունենան, խնդրել եմ մետրոյից ձեռք բերված ուղետոմսերը պահել։ Երբ քրեական վարույթը ավարտվի, Տիգրան Ավինյանը, Սուրեն Գրիգորյանը և մյուսները պատասխանատվության ենթարկվեն, մարդկանց գումարներն էլ պետք է հետ վերադարձվեն»։

Էդգար Ղազարյանը հավելեց, որ քաղաքային իշխանությունները չեն կարող հետին թվով իրենց որոշման մեջ փոփոխություններ կատարեն ու նոր կարգավորումներ մտցնեն։ «Համենայնդեպս հունվարի 31-ի որոշման մեջ էլ դա չեն փոխել։ Այս պահի դրությամբ փաստ է՝ մետրոյի և տրոլեյբուսի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, փոփոխվել է միայն ավտոբուսների գինը, որի տոմսի տերը կարող է մետրոյից անվճար օգտվի, բայց միայն մետրոյից օգտվելու գնի փոփոխություն չկա, դա փաստ է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»