Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 13:28 28-04-2026

Խաբել, տեխնիկական գազ են լցրել, մեքենաս չի աշխատում․ ինչ է վաճառել Orange Gas-ը

Մերի Հակոբյան

Լրագրող

Հեղուկ գազի շուկայի վայրիվերումները, ավելի ճիշտ կլինի ասել՝ պարբերաբար դրա բացակայությունն ու հեղուկ գազի անվան տակ քաղաքացիներին վաճառվող աղբը շարունակում է լուրջ դժգոհություններ առաջացնել։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ օրերս Երևանի գազալցակայաններից մեկից հեղուկ գազ է գնել, սակայն մեքենան դրանից հետո չի աշխատել։

Քաղաքացու խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին։ Նա պատմում է, որ այցելել է Orange Gas գազալցակայան, որտեղ իրեն նախապես տեղեկացրել են, թե գազը քիչ է մնացել և կարող է շուտով վերջանալ։

«Մեքենայի մեջ մոտ 50 լիտր գազ լցրին, բայց դուրս գալուց հետո մեքենան չէր գնում։ Երկու օր շարունակ խնդիր եմ ունեցել, մեքենան չէր աշխատում»,- դժգոհում է քաղաքացին։

Նա նշեց, որ հաջորդիվ կրկին դիմել է գազալցակայան և պահանջել պարզաբանել իրավիճակը․ «Ասել եմ՝ ի՞նչ եք լցրել մեքենայիս մեջ։ Սկզբում փորձել են արդարանալ, հետո խոստացել են գումարս վերադարձնել, բայց դեռ չեն վերադարձրել։ Ասացին՝ գնա ուրիշ տեղ գազ լցրու, եթե էլի խնդիր լինի, հետո կխոսենք»։

Քաղաքացին պնդում է, որ աշխատակիցներից մեկն իրեն հայտնել է, թե մեքենայի մեջ գազի փոխարեն «ճնշում» է լցվել, քանի որ պահեստային բաքը գրեթե դատարկ է եղել։ «Չեմ հասկանում՝ ոնց կարող է միայն ճնշում լցվել, եթե մեքենան գազ է ընդունել։ Ինձ համար սա անհասկանալի բացատրություն է»,- ասել է նա։

Ահազանգողը նշում է, որ խնդիրը միայն վճարած գումարը չէ, այլ նաև մեքենայի տեխնիկական վիճակը, քանի որ այժմ նա ստիպված է լրացուցիչ գումար ծախսել, որպեսզի դատարկի և մաքրի բալոնը։

«Պետք է մեքենան տանեմ, բալոնը դատարկեն, լվան, նորից սարքեն։ Այսինքն՝ ես լրացուցիչ ծախսերի առաջ եմ կանգնել»,- ընդգծել է քաղաքացին։

Վերջինս նաև նշել է, որ գազալցակայանում տեսանելի վայրում փակցված չեն եղել կազմակերպության տվյալները և տեղեկատվական ցուցանակները, ինչը պահանջում է օրենքը։

Քաղաքացին մեզ հետ զրույցում նաև մտահոգություն հայտնեց, որ վերջին օրերին նկատվող գազի պակասի պայմաններում նման դեպքերը կարող են շատանալ, մարդկանց համար լրացուցիչ անհարմարություններ ստեղծել, ու ոչ բոլոր հետևողական կգտնվեն և կպաշտպանեն իրենց իրավունքները։

«Քաղաքում արդեն մի քանի օր է գազի խնդիր կա, ու մարդիկ վախենում են, որ ով ինչ ունի՝ վաճառում է, առանց որակի վերահսկողության։ Գուցե ինձ տեխնիկական գազ է վաճառվել, չգիտեմ»,- մտահոգությամբ նշում է նա։

Oragir.News-ը կապ հաստատեց Orange Gas բենզինի և գազալցակայանների ցանցի մենեջեր Սերգեյ Մակունցի հետ՝ ահազանգի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։

Մակունցը հերքել է ներկայացված պնդումները՝ նշելով, որ ընկերությանը նման բողոք պաշտոնապես չի հասցեագրվել։ «Եթե նման խնդիր լիներ՝ քաղաքացին պետք է անմիջապես դիմեր մեզ։ Մեր բոլոր կայաններում պատասխանատու աշխատակիցներ կան, ովքեր 24 ժամ տեղում են և ցանկացած բողոք արագ արձագանքում են»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ընկերությունը ներմուծում և վաճառում է բացառապես ավտոմոբիլային հեղուկացված գազ, իսկ տեխնիկական գազ վաճառելու մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։ «Մեր յուրաքանչյուր լիցքավորման սարքի վրա նշված է, թե ինչ գազ է վաճառվում։ Մենք ունենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, լիցենզիաները և համապատասխան թույլտվությունները»,- նշել է նա։

Հաջորդիվ, երբ Oragir.News-ը լրացուցիչ մանրամասներ ճշտեց քաղաքացուց և կրկին կապ հաստատեց ընկերության հետ՝ Մակունցն արդեն ընդունեց, որ նման բան է տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ մեր զանգից հետո իրենք տեղեկացել են միջադեպի մասին, և այն տեղի է ունեցել Արտաշիսյան փողոցում գտնվող մասնաճյուղում։

«Տեղյակ ենք, գիտենք՝ ինչ խնդրի մասին է խոսքը։ Այնտեղ որոշակի կոնֆլիկտային իրավիճակ է եղել աշխատակիցների և հաճախորդի միջև, իրար ճիշտ չեն հասկացել, հաճախորդը նեղացել, գնացել է»,- նշել է նա։

Մակունցը տեղեկացրեց, որ քաղաքացու հետ վիճաբանության մեջ մտել է Հրանտ անունով աշխատակիցը, ով տվյալ լցակայանի պատասխանատուներից է եղել։

Նա անդրադարձավ նաև տեղեկատվական ցուցանակների բացակայությանը՝ նշելով, որ այդ հարցը պետք է հավելյալ ճշտվի ընկերության հաշվապահական և կազմակերպչական ստորաբաժանումների հետ։

«Այդ մասով հիմա ամբողջ տեղեկատվությանը չեմ տիրապետում, պետք է ճշտեմ, նոր հստակ պատասխան տամ»,- ասել է նա։

Մակունցը նաև ընդգծել է, որ ներկայումս գազի շուկայում որոշակի խնդիրներ կան՝ կապված թանկացման և պակասի հետ, ինչն էլ դժգոհությունների պատճառ է դառնում։

«Քաղաքում գազը քիչ է, հերթեր կան, մարդիկ նյարդայնացած են, և հաճախ բողոքները հենց դրա հետ են կապված»,- ասել է նա։

Վերջինս մեզ հրավիրեց անձամբ այցելել իրենց կայաններ և տեղում հարցում անել հաճախորդների շրջանում։

«Այս պահին էլ մեր կայաններում տասնյակ մեքենաներ հերթի մեջ սպասում են։ Եթե մեր գազի որակի հետ խնդիր լիներ, մարդիկ չէին շարունակի գալ մեզ մոտ»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան