Ներքին 2 ամիս առաջ - 22:00 23-04-2026

ՔԿ-ն և դատախազությունը բնակարանային գողության գործը միմյանց վրա են բարդում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ դատախազություն՝ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան 49 հասցեում տեղի ունեցած բնակարանային գողության՝ նախադեպը չունեցող դեպքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա փաստական տվյալների, բազմաթիվ գողությունների մեջ մեղադրվող Հրաչյա Մարգարյանը, գտնվելով ազատության մեջ և գտնվելով պրոբացիայի վերահսկողության տակ, նշված հասցեից հափշտակել էր շուրջ 7 միլիոն դրամի ոսկյա զարդեր և դրամական միջոցներ։

Այս առնչությամբ Oragir.News-ը նախ հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ կասկածյալը շուրջ երկու ամիս գտնվել է կալանքի տակ, սակայն հետագայում ազատ է արձակվել այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը մերժել է կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը։

Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ հիշյալ գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատախազություն, և քանի որ այն այլևս իրենց տիրույթում չէ, մեկնաբանություն տալ չեն կարող։

Այնուհետև Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել նաև Գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ հիմքերով է կասկածյալն ազատ արձակվել՝ հաշվի առնելով կրկնահանցագործության ռիսկը։ Բացի այդ, եթե առկա են տվյալներ, որ հանցագործությունը կատարվել է մի քանի անձանց կողմից, ինչո՞ւ մյուսները մինչ օրս չեն հայտնաբերվել և չեն ենթարկվել պատասխանատվության։

Գլխավոր դատախազության պատասխանը ևս բովանդակային առումով զրոյական էր․

«Ի պատասխան Ձեր հարցմանը՝ տեղեկացնում եմ, որ, քանի որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ գտնվում է դատարանում, ուստի Ձեր կողմից բարձրացված հարցերը գտնվում են դատարանի տիրույթում»։

Ստացվում է՝ այն առանցքային կառույցները, որոնք օրենքով պարտավոր են առնվազն նվազագույն տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցներին և շահագրգռված լինել գործի թափանցիկության ապահովմամբ, իրականում սահմանափակվում են պատասխանատվությունը միմյանց վրա փոխանցելով։ «Մեր տիրույթում չէ» ձևակերպումը վերածվել է ոչ թե իրավական հիմնավորման, այլ հարմարավետ պատրվակի՝ հարցերից խուսափելու համար։

Ավելին՝ ստեղծվում է փակ շրջան, որտեղ որևէ մարմին չի ստանձնում պատասխանատվություն՝ պարզաբանելու հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Երբ երկարատև փորձերից հետո թվում է՝ վերջապես գտել ես այն կառույցը, որը գոնե նվազագույն պարզաբանում կտա, հերթական անգամ բախվում ես նույն մեխանիկական պատասխանի՝ «հարցը մեր տիրույթում չէ»։

Հիշեցնենք՝ համաձայն «Դատալեքսի» տվյալների, մեղադրյալ Հրաչյա Սարգսի Մարգարյանը բազմաթիվ գողություններ է կատարել Լեռնային Ղարաբաղում և ՀՀ-ում։

Դեպքից անցել է շուրջ 4 ամիս, մեղադրանքը կա, ենթադրյալ գողություն կատարողը՝ նույնպես, սակայն գողոնը մինչ օրս չի հայտնաբերվել։

Հասմիկ Մովսիսյան


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media