Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը՝ Գյումրին, ավելի քան մեկ ամիս է, ինչ անիշխանության է մատնված։ Գյումրիում իշխող «Բալասանյան» դաշինքի անդամների հրաժարականից հետո Հայաստանը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների, ապա այլ տարբերակներից սկսեց խոսել։
Նախօրեին արդեն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Փաշինյանի խոսքով՝ ՔՊ-ի անդամների ու համակիրների շարքերից կառաջադրվեն թեկնածուներ, որոնց մի մասին կգրանցեն, ապա գյումրեցիների շրջանում կանցկացվի քվեարկություն և հաղթած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար։ Ամենայն հավանականությամբ տվյալ ԺՊ-ն էլ ընտրություններում կլինի ՔՊ-ի թեկնածուն։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդգծեց՝ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը օրենքի պահանջ է, որովհետև առանց դրա հնարավոր չէ գնալ ընտրությունների։ Նրա խոսքով՝ դա ընտրությունների գնալու ճանապարհներից մեկն է և այս համատեքստում չի կիսում հնչող այն պնդումները, որ առանց ԺՊ նշանակելու հնարավոր չէր հաղթել ընտրություններում։
/Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան/«Ընդհանուր պրոցեսը և այն, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այդ թեկնածուին ընտրել փրայմերիզով, անշուշտ հուշում է այն մասին, որ այդուհանդերձ հասարակական վստահության և ընտրություններում հաղթանակի առումով որոշակի մտահոգություններ կան, և Նիկոլ Փաշինյանը, ելնելով այդ մտահոգություններից, փորձեց այդ խուսափել այդ ԺՊ-ին և առհասարակ Գյումրիում ՔՊ-ի թեկնածուին միանձնյա որոշելու պատասխանատվությունից՝ այն ցրելով կուսակցականների վրա։ Սա անշուշտ պայմանավորված է հանրային վստահության հարցում առկա մտահոգություններով»,- կարծում է նա։
Անդրադառնալով իշխանական թևից հնչող այն պնդումներին, որ ՔՊ-ն Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամի հետ առնչություն չունի և դա իր համար էլ էր անսպասելի՝ Հակոբ Բադալյանը շեշտեց, որ այդ բացատրությունն իրեն արժանահավատ չի թվում։ Նրա խոսքով՝ բավականին ակնառու էր պրոցեսի պատճառահետևանքային և ժամանակագրական կապը․ «Այսինքն՝ քրեական գործեր՝ Բալասանյանների դեմ, ձերբակալության մասին որոշում և դրանից հետո «Բալասանյան» դաշինքի ահա այսպիսի որոշում։ Ես կարծում եմ, որ այս տեսանկյունից բացատրությունները, թե Բալասանյաններն ինչ-որ անսպասելի քայլ են կատարել նաև իշխանության համար, այդքան էլ համոզիչ չեն»։
Oragir.News-ի հարցին՝ Գյումրիում ընդդիմությունը միասնական ճակատով հանդես գալու և հաջողության հասնելու հնարավորություն կունենա՞, թե՞ ոչ՝ քաղաքական մեկնաբանը հետևյալ կերպ պատասխանեց․ «Նայած, թե մենք ինչ ենք հասկանում ընդդիմություն ասելով և ինչ միասնական ընդդիմություն ասելով․ եթե մենք պատկերացնում ենք, որ մի քանի կուսակցություններ կարող են միավորվել մեկ թեկնածուի շուրջ, գուցե լինի այդպիսի հնարավորություն և գուցե այդ պարագայում հնարավոր լինի իսկապես լուրջ մրցակցություն թելադրել իշխանությանը։ Եթե մենք նկատի ունենք, որ միանան բոլոր ուժերը, ես կարծում եմ, որ գործնականում այդպես ոչ մի պարագայում՝ լինի Գյումրիում, թե համապետական ինչ-որ պրոցեսի ժամանակ, ես չեմ պատկերացնում այդպիսի միասնության հնարավորություն։ Ըստ իս՝ ամենագլխավորն այն է, որ մենք միշտ թվաբանությամբ ենք գնահատում իրավիճակը, այսինքն՝ եթե բոլորը միանան, դա նշանակում է կլինի հաջողություն, սակայն ի վերջո բոլորի միավորվելը չէ հաջողության գրավականը, միավորվելը պետք է ունենա բովանդակությունը, հասարակությանը՝ առաջարկ, իսկ միայն իշխանությանը հեռացնելը առաջարկ չէ»։
Քաղաքական մեկնաբանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հասարակությունը մի քանի անգամ անցել է նման առաջարկներով, տեսել դրանց անարդյունավետությունն ու անկենսունակությունը, ուստի հերթական անգամ նման առաջարկին ներառական չի արձագանքի, չի ներգրավվի այդպիսի առաջարկով պայմանավորված որևէ պրոցեսում։ Ըստ նրա՝ խնդիրն այն բովանդակությունն է, որը կառաջարկվի հանրությանը։ «Այդ պարագայում հնարավոր է, որ անգամ 1 ուժը կամ ընդամենը 1-2 ուժի ձևավորված ֆորմատը շատ լուրջ մրցակցություն թելադրի։ Այլապես կարող են 15 ուժեր միավորվեն, հանդես գան իշխանությանը պարտության մատնելու ինչ-որ կոչերով, իսկ հետո էլ սկսեն իրար մեջ մեղավորներ փնտրել, թե ում պատճառով գործընթացը չստացվեց»։
Հակոբ Բադալյանը, իր խոսքը ամփոփելով, հավելեց՝ զուտ թվաբանական գործողությունը գնահատման տեսանկյունից այդքան էլ էֆեկտիվ չէ։
Դավիթ Գույումջյան