Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի կենսագրության մեջ առկա է մի ուշագրավ դատական դրվագ, որը վերաբերում է չվճարված համայնքային պարտավորությանը՝ մասնավորապես աղբահանության համար սահմանված վճարներին, որը տեղի է ունեցել մինչև նրա պետական պաշտոն զբաղեցնելը։
Նշենք, որ Վլադիմիր Կիրակոսյանը նախքան «հեղափոխությունը՝ 2010-2015 թթ.-ին, եղել է «Էլկա Պրինտ» ՍՊԸ տնօրեն։ Այնուհետև՝ 2019-20 թթ. եղել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրենի տեղակալ, 2021-22 թթ.՝ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ՝ գլխավոր տնօրենի օգնական, 2022-24 թթ.՝ ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահ, 2024 թ․ հունվարի 30-ին նշանակվել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ, 2022 թվականի հուլիսի 15-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էրեբունի վարչական շրջանի խորհրդի նախագահ, 2025-ին էլ՝ վերանշանակել Էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից
Oragir.News-ը տեղեկանում է, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանը 2017 թվականին հայց է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Խաչիկի Կիրակոսյանի՝ 2351 դրամի բռնագանձման պահանջով։

Օրենսդրությամբ սահմանված է, որ համայնքի տարածքում անշարժ գույք ունեցող անձինք պարտավոր են վճարել աղբահանության համար սահմանված վճարները։ Երևանի ավագանու որոշումներով՝ այդ վճարը հաշվարկվել է ըստ բնակվող անձանց քանակի։

Դատարանը բավարարել է հայցը՝ կայացնելով հետևյալ վճիռը․ Վլադիմիր Խաչիկի Կիրակոսյանից հօգուտ Էրեբունի վարչական շրջանի բռնագանձել 2351 դրամ, ինչպես նաև 1500 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Վճռում նշվում է նաև, որ այն կամավոր չկատարելու դեպքում կիրականացվի հարկադիր կարգով՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին։ Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից և կարող էր բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ մեկամսյա ժամկետում։

Թեև խոսքը փոքր գումարի մասին է, գործը ցույց է տալիս, որ չվճարված աղբահանության պարտավորությունը կարող է հասնել մինչև դատարան։ Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել 2017–2018 թվականներին, այսինքն՝ մինչև Վլադիմիր Կիրակոսյանի պետական պաշտոն զբաղեցնելը։
Այդուհանդերձ, նման իրավիճակները հաճախ դիտարկվում են որպես անձի ֆինանսական կարգապահության և պարտավորությունների նկատմամբ անփութության ցուցիչ, հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է հանրային պատասխանատվություն կրող պաշտոնյաներին։
Հասմիկ Մովսիսյան
Հասմիկ Մովսիսյան