«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյան-ը դեռևս մինչև ամառ կմնա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ։ Պատճառը կապված է Տաշիր Կապիտալ ՓԲԸ-ի կողմից ներկայացված դատական հայցի հետ։ Մասնավորապես, 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը իրավունք ունի իր՝ ՀԷՑ-ում ունեցած 70% բաժնեմասը վաճառել կառավարության հետ համաձայնեցված կարգով։
Դատարանը մասամբ բավարարել է ընկերության միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով այդ բաժնեմասը համաձայնեցված կարգով օտարելու հնարավորությունը։
Միաժամանակ, մինչև մայիսի 25-ը կասեցվել է այն եռամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվեր վաճառքի գործընթացը։ Սա նշանակում է, որ մինչև նշված ժամկետի ավարտը ՀՀ կառավարությունը չի կարող որևէ գործողություն իրականացնել ՀԷՑ-ի բաժնեմասի վերաբերյալ։ Այդ ընթացքում ՀԷՑ-ի կառավարումը կշարունակի իրականացնել Ռոմանոս Պետրոսյանը, իսկ վերջնական փուլում կնշանակվի նոր կառավարիչ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, հատկապես՝ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիությունը, լուրջ կասկածների տակ է դրվում։ Պաշտոնական վիճակագրությունը ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախաքննական մարմինները տարեցտարի դատարաններ են ներկայացնում արդեն հազարավոր միջնորդություններ՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելու թույլտվություն ստանալու համար, և դատարանների զգալի մասը դրանք բավարարում է։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինները դատարաններ են ներկայացրել արդեն 6662 միջնորդություն, որոնցից 4571-ը բավարարվել է։ Այս թվերը ոչ միայն բազմակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները, այլև փաստում են, որ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիության ոլորտում միջամտությունների ծավալը կտրուկ աճել է։
Եթե 2023 և 2024 թվականներին խոսքը հարյուրավոր գաղտնալսված և բացահայտված դեպքերի մասին էր, ապա 2025 թվականին արդեն արձանագրվել են հազարավոր միջամտության փորձեր, որոնց ճնշող մեծամասնությունը ստացել է նաև դատարանի համաձայնությունը։ Ասել է թե՝ զգուշացեք՝ ձեր նամակները կարող են կարդալ ամեն անհարմար պահի»։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում կրած ֆիասկոն, եւ այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը` նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի եւ հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն։
Մեր տեղեկություններով, կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին քիչ թվով շիրակցիներ էին մասնակցում, Փաշինյանը պաշտոնական այց է ծրագրել եւ այսօր Գյումրիում մասնակցելու է դպրոցի բացման:
Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր տեղեկություններով, օրերս հանդիպել է իրենց նախընտրական ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, զրուցել նրանց հետ, փորձել հասկանալ՝ ովքեր են 36 թեկնածուները, որոնց անունները հրապարակվել են՝ որքանով են արժանի։
Դա, կարելի է ասել, յուրօրինակ ստուգարք է եղել թեկնածուների համար։ Հանդիպումից հետո Կարապետյանը, ըստ մեր աղբյուրի, որոշ խմբագրումներ է արել ցուցակում` ոմանց հանել, ոմանց «ռակիրովկաներ»` տեղերի փոփոխություն է արել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ: Պարզապես նախընտրական շրջանում դա ավելի անաղմուկ է անում։
Գրել էինք, որ ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն է արգելել ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։
ՔԿՀ-ներին կցված հոգեւոր սպասավորներն անվճար հիմունքներով երկար տարիներ ծառայություն են իրականացնում, ընտրվել են կաթողիկոսի որոշմամբ, Մայր Աթոռում ՔԿՀ-ները սպասարկող բաժին կա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գործը եկեղեցու ձեռքից առնել` կաթողիկոսին զրկելով եւս մի լծակից։
«Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, իսկ մեկ ամիս անց Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր Գյումրիում եւ արդեն արհամարհում լրագրողների հարցերը։
Ասում են, ՔՊ-ականները շոկի են ենթարկվել Աննային տեսնելով, բայց ձայն ծպտուն չեն հանել։ «Վարչապետն էլ, Աննան էլ էնպիսի կեցվածք էին ընդունել, որ հանկարծ թեմային մոտ չգաք:
Ավելին, Աննան բավական ագրեսիվ է եղել, անգամ ջերմ գրկախառնություններին սառն ու անտարբեր էր արձագանքում։ Այն տպավորությունն էր, որ նրան զոռով է Փաշինյանը բերել»,-ասաց Գյումրու աղբյուրը»։