Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 21-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղերձ է հղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ խնդրելով դիտարկել Բաքու այցելելու հնարավորությունը: «Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել», - փոխանցել է Վարդանյանը: Նա շեշտել է, որ չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը»,- ասել է Վարդանյանը՝ շեշտելով, որ իր կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ Արցախի նախկին պետնախարարը հավելել է, որ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Արցախի նախկին պետնախարարի ուղերձին դեռ չի արձագանքել:
Նիկոլ Փաշինյանը խոստանում է վերընտրվելուց հետո հարկել Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներին։ Նման խոստում Փաշինյանը ՔՊ նախընտրական ծրագրի՝ եկեղեցուն վերաբերող հատվածը ներկայացնելիս է տվել՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ հոգևորականը հայտարարագիր չի լրացնում։ «Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է: Վերջին տասնամյակներում Հայ առաքելական եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունը մեծ մասամբ օտարվել է և շարունակում է օտարվել Հայ առաքելական եկեղեցուց, ինչն այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձեն Հայ առաքելական եկեղեցին դարձնել ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»,- պնդել է Փաշինյանը՝ ասելով, որ ՔՊ-ն պաշտպանում է եկեղեցու այսպես կոչված բարենորոգման օրակարգը։ Նա նաև առաջարկել է ճանապարհային քարտեզ է ներկայացել, ըստ որի՝ Վեհափառը պետք է հեռացվի, կաթողիկոսական տեղապահի ընտրվի, կանոնադրություն ընդունվի, ապա արդեն նոր կաթողիկոս ընտրվի։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու: Ըստ նրա՝ ՔՊ-ն հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքի ազատությունը ու վերահաստատում, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, իսկ եկեղեցու այսպես կոչված բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։
Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ։ Այս մասին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ ասել է ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ համար Արա Այվազյանը։ «Պատմությունը այս պահին չի ավարտվում, այն շարունակում է, բայց արդեն առանց մեզ՝ որպես այդ պատմության սուբյեկտ: Եթե մենք այսօր չենք խոսում, չենք կոչում իրերը իրենց անուններով, եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից՝ պետք է հստակ գիտակցենք, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից, մեր ներկայությունից և մեր ապագայից»,- ասել է նա։ Նախկին նախարարը նկատել է, որ ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ, թե ինչու են գոյություն ունենում։ «Եթե մենք թույլ ենք տալիս, որ հիշողությունը դատարկվի, վաղը մենք պարզապես կհասկանանք, որ այն արդեն չկա: Եվ այդ պահին այլևս չի լինելու ոչինչ պաշտպանելու՝ ո՛չ անուն, ո՛չ պատմություն, ո՛չ ներկայություն, կմնա միայն լռություն: Լռություն որպես վերջնական հաստատում, որ մենք ինքներս հրաժարվեցինք լինել պատմության սուբյեկտ: Ես համոզված եմ, որ մենք լռության ժողովուրդ չենք»,- եզրափակել է Այվազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Նավասարդյան