Ներքին 6 ամիս առաջ - 16:53 17-04-2026

Միայն 2 ուժ չի ընդունել, որ իշխանությունը գերկենտրոնացված է. Հայկ Դորունց

Մերի Հակոբյան

Լրագրող

Ակտիվիստ Հայկ Դորունցն այսօր՝ ապրիլի 17-ին, Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց «Հանրային դաշինք իշխանությունների հակակշռման համար» նախաձեռնության կողմից քաղաքական ուժերին ուղղված հարցադրումների բովանդակությունն ու ստացված արձագանքները։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ոչ թե առաջարկներ է ուղարկել, այլ՝ հարցեր, որոնց նպատակն էր հասկանալ քաղաքական ուժերի դիրքորոշումները գործող համակարգի վերաբերյալ։

«Մենք առաջարկ չենք ուղարկել, այլ հարցեր ենք բարձրաձայնել՝ հասկանալու համար, թե քաղաքական ուժերը ի՞նչ դիրքորոշում ունեն, և հետագայում ո՞ւմ հետ ինչպես կարելի է աշխատել»,- ասաց Դորունցը։

Նա ներկայացրեց ուղարկված հարցերի հիմնական ուղղությունները։

«Հարցերից մեկը վերաբերում է՝ արդյոք քաղաքական ուժերը համարո՞ւմ են, որ գործող սահմանադրական կարգը հանգեցրել է իշխանության գերկենտրոնացման, և եթե այո՝ ի՞նչ լուծումներ են տեսնում։ Մյուս հարցը՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ է՝ ընդունելի՞ են արդյոք ներկայիս իշխանության նախաձեռնած փոփոխությունները։ Հարցրել ենք նաև՝ ի՞նչ հակակշռման մեխանիզմներ են պատկերացնում և ի՞նչ ժամկետներում են հնարավոր համարում դրանց իրականացումը։ Եվ վերջապես՝ արդյոք այդ փոփոխություններից հետո նախատեսում են արտահերթ ընտրություններ»,- նշեց նա։

Դորունցի փոխանցմամբ՝ 27 քաղաքական ուժերից 20-ն արձագանքել են հարցումներին։

«27 ուժից 20-ը պատասխանել են՝ գրավոր կամ բանավոր ձևով։ Մեծ մասը՝ գրավոր։ 6-ը պատասխանել են բանավոր»,- ասաց Դորունցը։

Միաժամանակ նա կարևորեց նաև չարձագանքած ուժերի հանգամանքը։

«Կարևոր է նաև այն 7 ուժերի դիրքորոշումը, որոնք ընդհանրապես չեն արձագանքել։ Դրանք են՝ «Արդար Հայաստան», «Միասնության թևեր», «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Նոր Ուժ» և «Հանրապետություն» կուսակցությունները»,- նշեց նա։

Դորունցը լրատվամիջոցներին ևս կոչ արեց բարձրացնել այս հարցը։

«Խնդրում ենք նաև լրատվամիջոցներին այս հարցերը ուղղել այդ ուժերին՝ հասկանալու համար՝ նրանք շարունակելո՞ւ են գործել սուպեր վարչապետական համակարգում, թե՞ կողմ են դրա փոփոխությանը»,- ասաց նա։

Անդրադառնալով ստացված պատասխանների բովանդակությանը՝ Դորունցը նշեց, որ մեծամասնությունը դրական է գնահատել օրակարգը։

«20-ից միայն 2 քաղաքական ուժ չեն համաձայնել այս հարցի կարևորության հետ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Ժողովրդավարական համախմբումը»։ Մնացած 18-ը այս կամ այն ձևով դրական են արտահայտվել և կարևորել են սահմանադրական ու ընտրական փոփոխությունները»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին