Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 19:38 09-04-2026

Տունս ավերում են, ասում եք՝ օրինական է․ Փաշինյանը դրա համար է ձեզ վճարո՞ւմ․ Արմավիրի բնակչուհու տարածքը զավթել են

Արմավիրի մարզի բնակիչ Մարինե Մխիթարյանն ահազանգում է, որ տարիներ շարունակ չի կարողանում պաշտպանել իր սեփականության իրավունքը՝ բախվելով փաստաթղթային խախտումների, հարևանի գործողությունների և իրավապահների անգործության հետ։

Oragir.News-ի հետ զրույցում Մխիթարյանը ներկայացրեց, որ խնդրի հիմքում տարիներ առաջ ձևավորված փաստաթղթային խնդիրներն են։ Նրա խոսքով՝ իր հանգուցյալ հայրը տան գծագրերն ու հիմքի փաստաթղթերը փոխանցել է տեղի ճարտարապետ Արմեն Աբգարյանին, սակայն դրանք հետագայում չեն վերադարձվել։

«Երբ գնացի ժառանգություն ձևակերպելու, կադաստրից մերժում ստացա։ Ասացին՝ գծագրերը սխալ են, չափերը՝ թերի։ Ստացվում է՝ փաստաթղթերը կամ չեն վերադարձվել, կամ ձևափոխվել են»,- ասաց նա։

Մխիթարյանի պնդմամբ՝ հետագայում նաև անհասկանալի փոփոխություններ են տեղի ունեցել հողատարածքի չափերում։

«Մենք ունեինք մոտ 850 քմ հողատարածք, բայց հետո պարզվեց՝ դարձել է մոտ 670 քմ։ Այսինքն՝ հողը փաստաթղթերով «կորել» է»,– նշեց նա։

Նրա խոսքով՝ այս իրավիճակից օգտվելով՝ հարևանը սկսել է ընդլայնել իր տարածքը և իրականացնել ապօրինի շինարարություն։

«Հարևանը պատեր է կառուցել, հետո սկսել մեր տան հատվածները քանդել։ Երկհարկանի բարձրությամբ պատեր են կանգնեցրել, որոնք ակնհայտ չեն համապատասխանում իր ունեցած փոքր շինությանը»,– ասաց Մխիթարյանը։

Նա նաև հստակեցրեց, որ խոսքն իր հարևանի մասին է, ով, իր բնորոշմամբ, «հասարակ տաքսիստ է», սակայն, ըստ նրա, ունի մեծ հնարավորություններ։

«Էդ մարդը ընդամենը տաքսի է վարում, բայց որտեղի՞ց է իրեն այդքան հնարավորություն ու ազդեցություն, որ տարիներով անում է՝ ինչ ուզում է, և ոչ ոք չի արձագանքում»,– նշեց նա։

Մխիթարյանի խոսքով՝ հարևանը չի ներկայացնում սեփականության իրավունքը հաստատող սկզբնական փաստաթղթեր։

«Ես ասում եմ՝ բերեք 1966 թվականի հիմքի թուղթը, տեսնենք՝ համընկնո՞ւմ է, թե՞ ոչ։ Բայց չեն ներկայացնում, միայն այսօրվա ինչ-որ թուղթ են հեռվից ցույց տալիս ու չեն թողնում նույնիսկ նկարեմ»,– ասաց նա։

Նա նաև ներկայացրեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպք։

«Իմ բակում նույնիսկ կատու չեմ կարող պահել։ Նկարահանված դեպք կա, թե ինչպես է իմ կատվին պարկի մեջ լցնում, հետո հարվածում։ Դա նորմա՞լ ընտանիքի վարքագիծ է»,– նշեց Մխիթարյանը։

Մխիթարյանը պնդում է, որ ոստիկանությունը պատշաճ արձագանք չի ցուցաբերում։

«Գալիս են, ասում են՝ օրինական է, բայց ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնում։ Երբ հարցնում եմ՝ ինչի՞ եք պաշտպանում, ասում են՝ դա մեր գործառույթը չէ»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ ոստիկանների վարքագիծը ևս հարցեր է առաջացնում։

«Անուն-ազգանուն չեն ներկայացնում, արգելում են նկարահանել։ Եթե ամեն ինչ օրինական է, ինչո՞ւ են վախենում ֆիքսվելուց»,– նշեց նա։

Մխիթարյանը նաև կասկած հայտնեց, որ գործի շրջանակում կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր։

«Եթե փաստաթուղթ չկա, բայց ասում են՝ օրինական է, սա արդեն հարցեր է առաջացնում։ Ես ուզում եմ հասկանալ՝ իրենց ու այդ մարդու միջև ինչ կապ կա»,– ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ խնդիրը միայն գույքային վեճ չէ, այլ տարիների ընթացքում կուտակված ճնշումների հետևանք։

«Եղել են դեպքեր, երբ զենքով ներխուժել են մեր տարածք, կրակել են, բայց այդ գործերն էլ են փակվել։ Տարիներով նույն պատմությունն է շարունակվում»,– ասաց Մխիթարյանը։

Նա հավելեց, որ ներկայումս իր տան շինությունը վտանգված է։

«Տունս քանդում են իմ աչքի առաջ։ Ես չեմ կարողանում ոչ վերանորոգել, ոչ կառուցել, ամեն օր նոր վնաս է լինում»,– նշեց նա։

Մխիթարյանը նաև հայտնել է, որ դիմել է տարբեր ատյանների, այդ թվում՝ ապամոնտաժման պահանջով, սակայն պատասխան չի ստացել։

«Դիմում եմ ներկայացրել, որ ապօրինի շինությունները քանդեն, բայց մինչ օրս ոչ մի արձագանք չկա»,– ասաց նա, ապա հավելեց,- «Ես էլ եմ ուզում, որ պարոն Փաշինյանը իմանա՝ ի՞նչ ոստիկաններ են, որոնք նույնիսկ իր տված աշխատավարձը թերագնահատում են։ Դրա համա՞ր է Փաշինյանը Ձեզ այդքան փող տալիս։ Իրենց աշխատանքը չեն կատարում, ուրիշների տները քանդելու գնով փողեր են աշխատում, ու իրենց բերած պաշտպանությունը ոչինչ չի տալիս»։

Եզրափակելով՝ նա կոչ արեց խնդրին տալ հանրային լայն արձագանք։

«Ես ուզում եմ, որ այս հարցը հասնի նաև Նիկոլ Փաշինյանին, թող պարզ լինի, թե ինչ է կատարվում։ Չի կարող մարդն իր սեփական տանն այս վիճակում ապրել»,– եզրափակեց Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան