Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 22:43 01-04-2026

Ժամերը «սև շուկայում» վաճառվում են մինչև 100 հազար դրամով. վիզայի մաֆիա` իտալական կենտրոնում

Վերջին ամիսներին Հայաստանի քաղաքացիները բախվում են եվրոպական երկրների վիզաների ստացման լուրջ խնդիրների, հատկապես՝ իտալական և հունական վիզա կենտրոններում, որտեղ, մասնագետների գնահատմամբ, ստեղծվել է «սև շուկա»։

«Այս պահին ընդհանուր խնդիր կա գրեթե բոլոր վիզա կենտրոններում, բացառությամբ մեկ-երկուսի։ Օրինակ՝ գերմանականի հետ խնդիր չունենք՝ օրերը բացվում են, մարդիկ հանգիստ գրանցվում են, փաստաթղթերը հանձնում են, ամեն ինչ կազմակերպված է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Any Wish զբոսաշրջային ընկերության համահիմնադիր, Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիայի նախագահ Ալինա Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրները կապված են իտալական վիզա կենտրոնի հետ, որտեղ ամիսներով հնարավոր չէ ընտանիքների համար միասնական ժամադրություն ամրագրել։

«Իտալական վիզա կենտրոնը գրեթե չի բացում տեղեր, իսկ եթե բացում է, ապա՝ միայն մեկ անձի համար։ Ընտանիքները ստիպված բաժանվում են, տարբեր ժամերի գրանցվում, բայց երբ գնում են փաստաթղթերը հանձնելու, իրենց չեն ընդունում՝ ասելով, որ պետք է մեկ միասնական ժամադրություն ունենան»,- նշեց նա։

Պետրոսյանի փոխանցմամբ՝ համակարգը տեխնիկապես թույլ է տալիս գրանցել մինչև հինգ անձ, սակայն իրականում այդ հնարավորությունը չի գործում, քանի որ ամիսներով ընտանիքների համար համապատասխան տեղեր չեն բացվում։

Նա նաև բարձրաձայնեց հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կարող է լինել արհեստական․

«Կարծում եմ՝ սա արհեստականորեն ստեղծված խնդիր է, որ մարդիկ չկարողանան օր ամրագրել և ստիպված լինեն օգտվել վճարովի «արտահերթ» տարբերակներից»։

Ըստ նրա՝ արդեն ձևավորվել է «սև շուկա», որտեղ վաճառվում են վիզայի ժամադրություններ.

«Կան մարդիկ, որոնք այդ օրերը վաճառում են՝ մինչև 80-100 հազար դրամով։ Սա աբսուրդ է, որովհետև մարդիկ չեն վճարում վիզա ստանալու համար, այլ ընդամենը՝ փաստաթուղթ հանձնելու իրավունքի»։

Պետրոսյանը ընդգծում է, որ վիզա կենտրոնները իրականում կատարում են միայն միջնորդի՝ սուրհանդակային գործառույթ. նրանք ընդունում են փաստաթղթերը և փոխանցում դեսպանատներին, սակայն հենց այդ ծառայությունն է դարձել վաճառվող ապրանք։ Խնդիրը, նրա խոսքով, լուրջ հետևանքներ ունի նաև զբոսաշրջային ընկերությունների համար․

«Մարդիկ դիմում են մեզ, մենք չենք կարողանում ամիսներով ժամ վերցնել, և արդյունքում ձևավորվում է անվստահություն մեր նկատմամբ։ Մինչդեռ նույն ժամանակ այդ ժամերը վաճառվում են այլ ուղիներով»։

Ավելին, նույնիսկ հաջողությամբ ամրագրված ժամադրությունները հաճախ չեն երաշխավորում սպասարկում․

«Լինում են դեպքեր, երբ մարդիկ վճարած և վերցրած ժամադրությամբ գնում են վիզա կենտրոն, բայց իրենց փաստաթղթերը չեն ընդունում՝ ձևական պատճառներով»։

Պետրոսյանը նշում է, որ խնդիրը բազմիցս բարձրացվել է տարբեր կառույցների առաջ, սակայն լուծում չի ստացել։ Տուրիզմի կոմիտեն հայտնել է, որ հարցը իրենց լիազորությունների շրջանակում չէ, Արտաքին գործերի նախարարությունն էլ նշել է, որ զբաղվում է միայն դեսպանատների հետ հարաբերություններով։ Իսկ դեսպանատների կողմից հիմնականում ձևական պատասխաններ են հնչում.

«Ասում են՝ համակարգը նորմալ է աշխատում, պարզապես Դուք չեք կարողանում տեսնել օրերը, մինչդեռ մենք ունենք մեծ թիմեր, որոնք գիշեր-ցերեկ հետևում են այդ գործընթացին»։

Խնդիրներ կան նաև հունական վիզա կենտրոնում, որտեղ, ըստ Պետրոսյանի, օրերը բացվում և փակվում են վայրկյանների ընթացքում։

«Առավոտյան բացվում է օրը, բայց 2-3 վայրկյանում փակվում է։ Տպավորություն է, որ կամ բոտերով են վերցվում այդ ժամերը, կամ կանխամտածված սահմանափակվում են՝ մարդկանց ուղղորդելով դեպի վճարովի տարբերակներ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ անհասկանալի է նաև «արտահերթ» ծառայության տրամաբանությունը, քանի որ այն հաճախ առաջարկվում է նույն աշխատանքային ժամերին, ինչ սովորական ընդունելությունը։ Պետրոսյանը նաև ընդգծում է, որ քաղաքացիները նաև ֆինանսապես են տուժում.

«Մարդիկ վճարում են 16 հազար դրամ ծառայության համար, բայց եթե իրենց չեն սպասարկում, այդ գումարը չի վերադարձվում»։

Ֆեդերացիայի նախագահի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում չկա հստակ պատասխանատու մարմին, որը կարող է վերահսկել կամ կարգավորել ոլորտը։

«Փաստացի չենք կարողանում գտնել այն կառույցը, որը կարող է ազդել այս գործընթացների վրա և վերջ տալ այս, կարելի է ասել, խուլիգանական վարքագծին»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»