ԱՄՆ-ում զարգանում է հերթական աղմկահարույց տեղեկատվական սկանդալը, որի կենտրոնում այս անգամ հայտնվել է ամերիկաբնակ հայ համայնքը։ Ամերիկյան հանրային և քաղաքական դաշտում ակտիվորեն շրջանառվում է թեզ, թե իբր հայկական լոբբին, կազմակերպված շրջանակները կամ առանձին հայ գործիչներ ներգրավված են կասկածելի, անգամ հանցավոր սխեմաների մեջ։
Ուշագրավ է, որ այս ամենը ապացուցող ոչ մի փաստ չկա, միակ փաստը Թրամփի վարչակազմի ադմինիստարտոր, ազգությամբ թուրք, ԱՄՆ-ի Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) ղեկավար Մեհմեդ Օզի հրապարակած տեսանյութն է, ով վերջերս այցելել է Լոս Անջելես և տեսանյութ է նկարահանել, որտեղ պնդել է, թե քաղաքի հայկական համայնքի անդամները կազմակերպել են լայնածավալ խարդախություն կապված առողջապահական համակարգի հետ։ Այդ հրապարակումը մի քանի օր շարունակվող հանրային վեճի պատճառ է դարձել, որն ավարտվել է Կալիֆորնիայի նահանգապետի հայտարարությամբ։
Օզը այս շաբաթվա սկզբին Լոս Անջելեսի Վան Նայս թաղամասում տեսանյութ էր հրապարակել՝ մատնանշելով չորս թաղամաս ընդգրկող տարածք, որի մեջ, նրա խոսքով, գործում են 42 հյուրատներ, և դա կարող է վկայել հնարավոր խարդախության մասին։ Նա նաև հղում է անում մի բիզնեսի, որը, իր պնդմամբ, եղել է 16 միլիոն դոլարի չափով խարդախ սխեմայի մաս։
Թեև Օզը հայտարարել է, որ նկատի ուներ մոտակայքում նախկինում գործող մի հյուրատուն, որի սեփականատերը դատապարտվել էր բժշկական խարդախության համար, նա տեսանյութում իր ուշադրությունը կենտրոնացրել է հարևան հացի խանութի վրա՝ դրա հայկական գրությամբ ցուցանակը ներկայացնելով որպես «ապացույց», թե բիզնեսը կապ ունի մաֆիայի հետ։
«Մենք պարզել ենք, որ Լոս Անջելեսում հյուրատնային ու տնային խնամքի ոլորտում մոտավորապես 3.5 միլիարդ դոլարի խարդախություն է տեղի ունենում։ Այդ գործունեության զգալի մասը, ի դեպ, կառավարվում է ռուս-հայկական մաֆիայի կողմից։ Դուք նկատում եք իմ հետևում գտնվող ցուցանակի տառատեսակն ու լեզուն՝ դա տվյալ բարբառն է, և այն ընդգծում է, որ այստեղ գործ ունենք կազմակերպված հանցավոր մաֆիական սխեմայի հետ»,- ասել է Օզը՝ այն պահին, երբ նրա օպերատորը խոշոր պլանով ցույց է տվել հացի արտադրամասի ցուցանակը։
Հացի արտադրամասի սեփականատեր Մովսես Բիսլամյանը կտրականապես հերքել է Օզի խարդախության վերաբերյալ պնդումները՝ նշելով, որ «հիասթափված է», քանի որ նախկին ռեալիթի շոուի հաղորդավարը առանց որևէ հիմնավորման թիրախավորել է իր խանութի ցուցանակն ու գտնվելու վայրը՝ միայն դրա հայկական գրագրության պատճառով։ Բիսլամյանը տեղի ABC7 հեռուստաալիքին հայտնել է, որ արդեն իսկ արձանագրել է վաճառքների մոտ 30 տոկոսի անկում և այժմ վախենում է շարունակել իր բիզնես գործունեությունը։
Օզը ամերիկաբնակ թուրք է և ունի կապեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա նաև մեղադրվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ։ Այդ պատճառով Փենսիլվանիայում ամերիկահայ ընտրողները կարևոր դեր են խաղացել նրա պարտության հարցում՝ 2022 թվականի ԱՄՆ Սենատի լարված ընտրապայքարում, որի ընթացքում Օզը հրաժարվել էր ճանաչել 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները։
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի մամուլի ծառայությունը նույնպես արձագանքել է հնարավոր թաքնված շարժառիթների վերաբերյալ մտահոգություններին՝ հայտարարելով, որ ուսումնասիրում է Օզի կողմից արված «ռասայական ենթատեքստ ունեցող հայտարարությունների» մասին հաղորդումները և լուրջ է վերաբերվում այդ մեղադրանքներին՝ «հաշվի առնելով պատմական զգայունությունները»։
«Իմ գրասենյակը ներկայացնում է քաղաքացիական իրավունքների վերաբերյալ բողոք՝ պահանջելով հետաքննություն սկսել բժիշկ Օզի՝ Կալիֆոռնիայում ամերիկահայերի դեմ հնչեցրած անհիմն և ռասիստական մեղադրանքների կապակցությամբ»,- հայտարարել է Նյուսոմը։
Ուշագրավ է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, ինչը այս ամենին ավելացնում է աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Հայաստանի ղեկավարությունը, սակայն չի արձագանքում այս ամենին, մինչդեռ Կալիֆոռնիայի նահանգապետը մեղադրել է Օզին։
Տեսանյութ: