Ներքին 2 ամիս առաջ - 16:07 27-03-2026

Ալեն Սիմոնյանը միտումնավոր էր ոտքով դուրս եկել, որ կռիվ սարքեր

Վատ արարքի անպատժելիությունը հանգեցնում է դրա կրկնությանը։ Այս պատճառով կարևոր է, որ հակահասարակական արարքը համարժեք իրավական և սոցիալական արձագանք ստանա։ Այս առումով՝ քաղաքական ընտրանին պետք է օրինապահության, առաքինության օրինակ ծառայի։ Հայաստանում հակահառկն է։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպն է գրանցվել, որի ժամանակ նա հակահասարակական վարք է դրսևորել։ Արդեն մի քանի օր է՝ մի խումբ քաղաքացիներ, զոհվածների և անհետ կորածների հարազատներ ցույց են անում ԱԺ պարսպի տակ, զրուցում ԱԺ շենքից դուրս եկողների հետ, պահանջում հրապարակել ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը 44-օրյա պատերազմի մասին։

Մարտի 26-ին Ալեն Սիմոնյանը ևս դուրս է եկել ու զրուցել ԱԺ շենքի մոտ հավաքված քաղաքացիների հետ։ Այնուհետև տեղի է ունեցել խուլիգանական միջադեպ։ ԱԺ նախագահը հրապարակավ հայհոյել է քաղաքացուն, ինչից հետո ոստիկանները բերման են ենթարկել այդ քաղաքացուն։ Այս միջադեպը հանրային արձագանք է ստացել։ Գրեթե բոլորը քննադատում են ԱԺ նախագահին։

Մի քանի ժամ անց Ալեն Սիմոնյանը ևս մեկնաբանել է Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպը:

«Միգուցե կոպիտ էի, «արա» բառից ավելի ոչինչ չեմ ասել: Սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին, սադրեց, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ես իրեն պատասխանեցի և փորձեցի հեռանալ»,- սոցցանցի էջում հրապարակված տեսանյութում նշել է նա:

Ինչո՞ւ են Ալեն Սիմոնյանի մասնացկությամբ այսպիսի միջադեպեր լինում։ Եվ ի՞նչ կարելի է անել, որ այսպիսի բաներ չլինեն։

Զոհվածների, անհետ կորածների, գերիների հարազատների զգացմունքները հնարավոր չէ չհասկանալ։ Նրանք ծանր հոգեվիճակում են։ Զոհվածի հարազատն անամոք վշտի մեջ է։ Ոչինչ նրան չի սփսփում։ Անհետ կորածի հարազատն անվերջ սպասման մեջ, հավատում է, որ հիմա դուռը կբացվի, ու իր հարազատը կմտնի տուն։

Այս զգացմունքները բնական են, մարդկային։ Ինչպե՞ս կարելի է չհարգել այս մարդկանց զգացումներն ու նրանց հետ փողոցում վեճ ու զրույցի բռնվել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս զգայուն իրավիճակը չգիտե՞ր։

Եթե նա չգիտեր, որ զոհվածների, անհետ կորածների հարազատները արդեն մի քանի օր է Դեմիրճյան փողոցում ցույց են անում, նշանակում է՝ այս երկրից չէ, լուր չի կարդում, ոչ ոքի հետ չի շփվում, իրավիճակին չի տիրապետում։ Բա ԱԺ անվտանգության աշխատակիցներն է՞լ նրան չեն զեկուցո՞ւմ, թե ինչ իրավիճակ է ԱԺ շենքի հարակից տարածքում։ Ինչո՞ւ է նա ձևացնում, թե չգիտեր՝ ինչ է կատարվում Դեմիրճյան փողոցում, ովքեր են հավաքված, ինչ են ուզում, ինչի են ընդունակ։ Այս ամենը համադրելով կարելի է ողջամիտ կասկած հայտնել, որ նա միտումնավոր էր ոտքով դուրս եկել կռիվ սարքելու համար։

Նորմալ ղեկավարը կփորձեր ընդունել ցույցի ներկայացուցիչներին, լսել նրանց, բավարարել նրանց պահանջը կամ պարզաբանել, թե ինչու հնարավոր չէ հրապարակել զեկույցն այսօր։ Եթե այսքանը անել չէր կարող, ապա պետք է ավտոմեքենայով դուրս գար շենքից, ինչպես անում է սովորաբար, ոչ թե ոտքով ելնել, վիճել մարդկանց հետ, հայհոյել խուլիգանի պես։

Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում վատ տղայի մասին խոսքը։ Քաղաքական խոսույթում կա՝ պահպանողական, ազատական, սոցիալիստ, հեղափոխական, ժողովրդավար, ցուցարար, ակտիվիստ, բայց չկա լավ կամ վատ տղա։ Սա քրեական ենթամշակույթի պատկերացումների շարքում է։ Ինչո՞ւ է ԱԺ նախագահը մարդկանց հետ խոսելիս վատ ու լավ տղա խառնում, ոչ թե քաղաքական գործչի բարձրության վրա մնում։

Կարճ ասած՝ ամոթալի է, որ ԱԺ նախագահը փողոցում հայհոյում է մարդկանց, լավ ու վատ տղայի մասին խոսում ծանր զգացմունքների տակ ճնշված ու հուսահատության եզրին հասած մարդկանց հետ։ Ենթադրելի է, որ այսպիսի վատ բաներ էլի են լինելու։ Այս հոռետեսության հիմքն է այն, որ Ալեն Սիմոնյանը թիմի և իրավապահի կողմից համարժեք պարսավանքի ու պատասխանատվության չենթարկվեց, երբ թքեց մարդու վրա մի քանի տարի առաջ։ Իսկ մի քանի տարի առաջ Եռաբլուրում զոհվածների հարազատներին քարշ տալը ցույց տվեց ՔՊ-ական իշխանությունների անհարգալից վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ, որը ինչպես ապացուցվեց մարտի 26-ին տեղի ունեցած միջադեպով, ցավոք, նույնն է մնացել։

Թաթուլ Մկրտչյան