Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:00 23-03-2026

Դիմումդ չգրես՝ մեր ձևով կազատենք, շատ ես խոսում․ սկանդալ՝ Վաղարշապատի համայնքապետարանում

Վաղարշապատի համայնքապետարանի կոմունալ բաժնի արդեն նախկին աշխատակից Գարիկ Վարդանյանը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել են ապօրինի կերպով՝ առանց հստակ պատճառաբանության։

Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ ազատման գործընթացը եղել է ոչ թափանցիկ և իր իրավունքների խախտմամբ։

«Ես Էջմիածնի կոմունալ բաժնում եմ աշխատում, և ամսի 20-ի դրությամբ ինձ ազատել են աշխատանքից՝ առանց պատճառաբանելու։ Այդ օրը գնում եմ տուն, ինձ զանգում է մեր վերադասը ու ասում՝ դու գործից ազատված ես։ Հարցնում եմ՝ ի՞նչն է պատճառը, ասում է՝ ես էլ չգիտեմ, բաժնի պետը քեզ ուզում է տեսնել»,– պատմել է քաղաքացին։

Բաժնի պետի հետ հանդիպման ժամանակ ևս քաղաքացին հստակ պատասխան չի ստացել․ «Ասում է՝ գործի հետ կապ չունի, ուղղակի խոսացել ես էն բանը, որ պետք չէր խոսալ։ Ես ասում եմ՝ հստակ ասեք՝ ի՞նչ եմ խոսացել։ Ես հասարակ բանվոր եմ, ո՞նց կարող եմ որոշում կայացնել»։

Գարիկ Վարդանյանի պնդմամբ՝ համայնքապետարանում իրենից պահանջել են կատարել աշխատանք, որն իր պարտականությունների մեջ չի մտել, ինչին ինքը դեմ է արտահայտվել, որից հետո իրեն պարտադրել են աշխատանքից ազատվելու դիմում գրել. «Ասել են՝ եթե դիմումդ չգրես, մենք մեր ձևով կազատենք։ Ես ուզում եմ, որ պարզաբանեն՝ ինչի համար են ինձ ազատել»։

Քաղաքացու կինը՝ Աննա Կարապետյանը ևս նշում է, որ ազատումը եղել է անհիմն և ուղեկցվել սպառնալիքներով։ Ըստ նրա՝ սրա հեղինակը կոմունալ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանն է․ «Ամուսնուս ասել են՝ դու մեզ խանգարում ես, պետք է գործից հելնես, շատ ես խոսում։ Սա արդեն ոչ թե աշխատանքային հարց է, այլ մարդու իրավունքների խախտում»։

Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ իշխանությունն ասում է, թե մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, բայց իր ամուսնուն խոսելու համար ազատում են աշխատանքից:

Աննա Կարապետյանի խոսքով՝ իր ամուսնուն ուղղված հայհոյանքներ ու անվայելուչ խոսքեր ու արտահայտություններ են հնչեցրել, անգամ ձայնային հաղորդագրություններ ուղարկել։ Նա կարծում է, որ համայնքապետ Արգիշտի Մեխակյանն ամենայն հավանականությամբ այս ամենից տեղյակ չէ։ Ըստ նրա՝ Մեխակյանը քաղաքի համար քիչ բան չի արել, սակայն քաղաքապետարանի աշխատակիցների այս վարքագիծը հարվածում է նրա հեղինակությանը:

Oragir.News-ը զրուցեց նաև կոմունալ բաժնի պետի` Գևորգ Գրիգորյանի հետ, ով չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ սակայն պնդեց, որ Գարիկ Վարդանյանն ինքնակամ է աշխատանքից ազատվելու դիմում գրել․ «Ես չեմ ստիպել։ Ասել եմ՝ կարող ես դիմում գրել, կամքը քոնն է։ Ինքը գնացել է և իր կամքով դիմում է գրել»։

Գևորգ Գրիգորյանը պնդում է նաև, որ նախկինում ևս նույն աշխատակցի հետ նման միջադեպեր եղել են. «Արդեն մի քանի անգամ է նման իրավիճակ եղել։ Եթե նույն խնդիրները կրկնվում են, պետք է պատճառը նաև մարդու մեջ փնտրել»։

Դիտարկմանը, թե քաղաքացուն առաջարկվել է իր գործառույթների մեջ մտնող աշխատանք կատարել՝ պաշտոնյան չհամաձայնեց․ «Մեր գործը մաքրություն ապահովելն է։ Իրենց ոչ մի բան չեն ասել, որ դուրս է իրենց գործից»։

Գևորգ Գրիգորյանը միևնույն ժամանակ հերքեց այն պնդումները, թե քաղաքացու հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել։ Վարդանյանի կինը ևս հարց ուղղեց Գրիգորյանին՝ պնդելով, որ նա ստում է, սակայն, չսպասելով խոսքի ավարտին, պաշտոնյան հեռացավ։ Հաջորդիվ Կարապետյանը միացրեց իր խոսքերը հավաստող ձայնային հաղորդագրությունը։

Փաստացի կողմերի հակասությունները հստակ լուծում չեն ստանում։ Վաղարշապատի համայնքապետարանի նախկին աշխատակցը պատրաստվում է դիմել դատարան՝ հարցին իրավական գնահատական տալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա