Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 18:19 20-03-2026

Փաշինյանի «սուր» ուժը. «հիբրիդային սպառնալիքի» ներքո նա ԶԼՄ-ներ էլ կփակի

«Հայաստանի իշխանությունների առանձնահատկությունն այն է, որ ցանկացած մեկին՝ լինի լրատվամիջոց, քաղաքական ուժ, կամ անհատ, կարող են շատ հանգիստ բնորոշել որպես հիբրիդային սպառնալիք և հայտարարել դրա չեզոքացման անհրաժեշտության մասին»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այն հայտարարությանը, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում։

Հիշեցնենք՝ Կոսը նախօրեին Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ աջակցություն էր հայտնել ՀՀ իշխանությանը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ոգևորվել, ինչպես նաև կոշտ բառապաշարով թիրախավորել ընդդիմադիրներին։

«Մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի հայերը, ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»,- ասել էր եվրոպացի պաշտոնյան։

Արա Պողոսյանի գնահատմամբ՝ թեև Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմի նախանշաններն ակնհայտ են, սակայն այդ պատերազմին այս կամ այն ձևով աջակցում է հենց Հայաստանի իշխանությունը։ «Սա պարզապես նախընտրական հռետորաբանություն չէ, այլ, իմ գնահատմամբ, սուր ուժի դրսևորում է»,- ասաց քաղաքագետը՝ հղում անելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իշխանափոխության դեպքում կարող է պատերազմ լինել։

Քաղաքագետը շեշտում է, որ տեղեկատվական և հիբրիդային պատերազմի բնորոշումները Հայաստանում այսօր կախված են բացառապես արտաքին քաղաքական նախապատվությունից։ Նա զգուշացրեց, որ հիբրիդային գործիքների մասին խոսույթն ակտիվանում է ընտրական փուլերում, որպեսզի հետագայում իշխանությունների կողմից կատարված հնարավոր ընտրակեղծիքների կամ խախտումների բացահայտումը որակվի որպես արտաքին ուժերի կողմից հիբրիդային ճնշում։

«Ըստ էության, գործ ունենք վերարտադրման գործընթացի հետ»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, թե իշխանությունները փորձում են արտաքին աջակցություն ստանալ հատկապես նախընտրական փուլում։

Պողոսյանը ցավով նկատեց, որ մինչ իշխանությունը փնտրում է արտաքին աջակցություն սեփական վերարտադրության համար, որևէ օժանդակություն չի փնտրում Հայաստանի ժողովրդի դեմ ուղղված իրական սպառնալիքների դեմ պայքարում։ Մասնավորապես, խոսքը թշնամի պետությունների կողմից իրականացվող պատմական ռևիզիոնիզմի մասին է, որով վերջիններս փորձում են արդարացնել իրենց տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։

Oragir.News-ի հարցին, թե ԿԸՀ-ն «հիբրիդային սպառնալիքի» քողի տակ հնարավո՞ր է չգրանցի Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքները՝ Պողոսյանը պատասխանեց, որ հայկական իրականության մեջ «հիբրիդային սպառնալիք» հասկացությունն այնքան է աղավաղվել քարոզչական նպատակներով, որ այժմ ցանկացած երևույթ կարելի է այդպես որակել։ Իր խոսքն ամփոփելով՝ Արա Պողոսյանը չբացառեց, որ իշխանությունները շատ հեշտությամբ կարող են նույնիսկ լրատվամիջոցներ փակել՝ դրանք ներկայացնելով որպես հիբրիդային սպառնալիքների մեխանիզմների մաս։