Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 22:19 19-03-2026

Իրանի հաղթանակից հետո Հայաստանում իշխանափոխություն կլինի

«Հայաստանում պատերազմից հետո գտնվում է կոլաբորանտ կառավարություն և իշխանություն, որը ուղղակիորեն և առաջին հերթին ներկայացնում է հաղթող երկրի՝ Ադրբեջանի ազգային պետական շահը»,- ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին:

Խոսքը ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կողմից գաղտնազերծված 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցի մասին է, որը հանրայնացրել է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Փաստաթղթում նշվում է, որ օգոստոսի 8-ի գագաթնաժողովից հետո սահմանային լարվածությունը նվազել է, և Ադրբեջանը նույնիսկ բենզին ու ցորեն է մատակարարել Հայաստանին: Սակայն, որպես տևական խաղաղության նախապայման, զեկույցը շեշտում է ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը և Հայաստանի հարավով անցնող «Թրամփի ուղու» (TRIPP) ստեղծումը, որը պետք է կառավարվի ԱՄՆ-ի կողմից:

Նահապետյանը նշեց նաև, որ այսօր միջազգային հանրության կարծիք կամ ազդեցության լծակներ գոյություն չունեն:

Ըստ փորձագետի՝ Միացյալ Նահանգները որդեգրել է «արդարությունը ուժով» բանաձևը, որտեղ «արդարություն» ասելով պետք է հասկանալ բացառապես ԱՄՆ ազգային պետական շահը:

Նա ընդգծեց. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նախագահի պահանջը. սա սոսկ մեկ պահանջ չէ, այլ պարտադրանքների մի ամբողջ շղթա։ Սահմանադրության փոփոխության գաղափարը Փաշինյանի մոտ առաջացավ միայն այն ժամանակ, երբ դրա մասին առաջին անգամ բարձրաձայնեց Իլհամ Ալիևը»:

Անդրադառնալով «Թրամփի ուղուն»՝ փորձագետը նշեց, որ եթե այդտեղ տեղակայվեն ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցներ, նրանք իրականացնելու են հետախուզական աշխատանքներ Իրանի դեմ: Սա նշանակում է, որ Հայաստանի այդ տարածքը վստահաբար կթիրախավորվի Իրանի կողմից. «Հիմարություն է այն միտքը, թե այդ ուղու շնորհիվ Հայաստանը 99 տարով ինքնիշխան կլինի, քանի որ դա իրականում նշանակում է ԱՄՆ-ի 99 տարվա ներկայություն տարածաշրջանում»:

Հայկ Նահապետյանը մատնանշեց Փաշինյանի վարքագիծը Իրանի նկատմամբ. «Երբ Իրանում սգո օրեր էին հայտարարված, Փաշինյանը ցուցադրաբար և բավականին ցինիկ կերպով պարում էր ավտոբուսում ու տոնակատարություններ անում, Վրաստանում նվագում, իսկ ցավակցական հեռագիրը ուղարկեց միայն երրորդ օրը»:

Ռազմական փորձագետը եզրափակեց, որ եթե տարածաշրջանային բախումներում Իրանը հաղթող դուրս գա, նա չի հանդուրժի իր հարևանությամբ մի վարչակազմ, որի ինքնիշխանությունը պայմանավորված է ԱՄՆ ներկայությամբ կամ Ալիևի պահանջների կատարմամբ. «Չեմ բացառում, որ Իրանում պատերազմի ավարտից հետո այստեղ շատ լուրջ քաղաքական գործընթացներ և իշխանափոխություն տեղի ունենան»: