«Հայաստանում գիտության ոլորտում կառավարման ղեկի մոտ կանգնած են մարդիկ, որոնք գիտության հետ, ըստ էության, որևէ կապ չունեն»,- ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը
Oragir.News-ի հետ զրույցում,
անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում Լուսին թռչելու ծրագրերի բացակայության միակ պատճառը 400,000 գիտնականների ու պրոֆեսիոնալների պակասն է։
Նա նշեց, որ իրականում հայ գիտնականները զգալի դերակատարում ունեն համաշխարհային գիտության մեջ. նրանք ընդգրկված են ԱՄՆ-ի և Ռուսաստանի համապատասխան կառույցներում և աշխատում են տիեզերական ու այլ խոշոր նախագծերի վրա։ Սակայն, ըստ փորձագետի, Հայաստանը՝ որպես ինքնուրույն երկիր, չի մասնակցում այդ ծրագրերին, քանի որ պետական բյուջեի միջոցները նորարարության փոխարեն ուղղվում են ոստիկանությանը՝ ինչ-որ մեկի անվտանգությունը պաշտպանելուն։
Մխիթարյանն ընդգծեց, որ համակարգից գիտնականների արտահոսքը աղետալի չափերի է հասել, հատկապես հումանիտար ոլորտում.
«Վերջին երկու տարվա ընթացքում հումանիտար և հասարակագիտական ոլորտում գիտական աստիճան ստացած 150 անձանցից 10-ից էլ քիչն է մնացել գիտության մեջ։ Մնացածը կա՛մ լքել են հանրապետությունը, կա՛մ դուրս են եկել գիտության ոլորտից»։
Փորձագետի խոսքով՝ այսօր գիտնականների թիվն այնքան է պակասել, որ նրանց ձայնը պարզապես լսելի չէ։
«Եթե պետության ղեկավարն ունի այնպիսի վերաբերմունք, որ գիտնականները միայն մինչև կեսօր սուրճ խմելու համար են, ապա այդպիսի պետությունում գիտությունը չի կարող զարգանալ, և համաշխարհային մակարդակի գիտնականներ չեն կարող լինել»,- ասաց նա։
Ատոմ Մխիթարյանը անդրադարձավ նաև կառավարության առաջ քաշած «Ակադեմիական քաղաքի» գաղափարին, և նշեց, որ այն իրականում գիտական համակարգը կազմաքանդելու ծրագիր է։ Ըստ նոր օրենքի՝ բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները լուծարվելու և միավորվելու են, ինչը փորձագետը որակում է որպես «զրոյական վիճակ» գիտության համար։
«Իշխանությունների նպատակը ոչ թե արդյունաբերական երկիր կառուցելն է, այլ ծառայություններ մատուցող պետություն ունենալը, որտեղ գիտական ներուժի զարգացման փոխարեն շեշտը դրվում է մեր արևմտյան և արևելյան հարևաններին ծառայություններ մատուցելու վրա»։
Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, Մխիթարյանը հստակեցրեց, որ դա տեղի է ունեցել ոչ թե լրացուցիչ ներդրումների, այլ գիտնականների թվի կրճատման հաշվին. համակարգից դուրս մղվածների գումարները պարզապես վերաբաշխվել են մնացածների միջև։