Արթուր Տերչանյանի և մյուս 8 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործը բաղկացած է եղել 118 հատորից։ Արթուր Տերչանյանին վերաբերող բոլոր նյութերը մանրամասն ուսումնասիրվել են պաշտպանական կողմի կողմից։
Նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչություն), 220.2 հոդվածի 4-րդ մասով (պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն), ինչպես նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության հոդվածով։ Սակայն գործի նյութերում որևէ ապացույց չի ներկայացվել, որը կհաստատի, որ Արթուր Տերչանյանը մասնակցություն է ունեցել Ղրիմի կամրջի պայթյունին կամ գիտակցել է, որ տեղափոխվող բեռում պայթուցիկ նյութ կա։
Օրինակ՝ փորձաքննությունների վերաբերյալ հատորներում նշվում է, որ Տերչանյանի բեռնատարից վերցված նմուշներում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ Փորձագետների եզրակացությամբ նույնպես հնարավոր չի եղել միանշանակ հաստատել, որ Տերչանյանը տեղեկացված է եղել բեռում կողմնակի կամ վտանգավոր առարկաների առկայության մասին։
Այսինքն՝ թե՛ տեխնիկական, թե՛ հոգեբանական փորձաքննություններով նրա մեղավորությունը չի հիմնավորվել։ Միևնույն ժամանակ, մեղադրանքը հիմնականում կառուցվել է այն հանգամանքի վրա, որ նա որպես վարորդ մասնակցել է բեռի տեղափոխման երթուղուն։
Տերչանյանը պարզապես կատարել է իր աշխատանքը՝ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին ստանալով պատվեր և բեռը տեղափոխելով Վրաստանի Փոթի նավահանգստից Հայաստան, ապա՝ Ռուսաստանի Արմավիր քաղաք, որտեղ այն բեռնաթափվել է։
Պաշտպանական կողմը պնդում է, որ այս հանգամանքները չեն ապացուցում Տերչանյանի մեղքը և բավարար հիմք չեն նրա նկատմամբ նման ծանր մեղադրանք առաջադրելու համար։ «Մենք ունենք «Դատապարտյալների փոխանցման մասին» եվրոպական կոնվենցիան, որը սահմանում է, որ քաղաքացիության պետությունն իրավունք ունի պահանջել դատապարտյալի փոխանցում, որպեսզի քաղաքացին իր պատիժը կրի իր երկրում կամ, առնվազն, գտնվի իր ընտանիքի կողքին՝ ավելի ծանոթ միջավայրում։
Մենք ունենք նաև «Իրավական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը նույնպես սահմանում է ինչպես դատապարտյալների փոխանցման կարգը, այնպես էլ՝ անգամ քրեական վարույթի փոխանցման հնարավորությունը։ Այսինքն՝ գոյություն ունեն իրավական մեխանիզմներ ոչ միայն դատապարտյալի փոխանցում պահանջելու, այլև համապատասխան կապուղիներով և դիվանագիտական մեխանիզմների կիրառմամբ՝ նույնիսկ քրեական վարույթի փոխանցում պահանջելու համար։ Հայաստանի Հանրապետությունն ունի նման իրավական հնարավորություն, սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխան քաղաքական կամք»։
Մանրամասն՝ տեսանյութում։