Ներքին 1 ժամ առաջ - 13:00 22-06-2026

Ինչու խաբեցին, «գցեցին» ռուսամետ 3 ուժերին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Նախընտրական շրջանում ասում էին, թե Ռուսաստանն աջակցելու է ռուսամետ ուժերին, ստիպելու է Փաշինյանին պարտվել ու հեռանալ։ Սա ասում էին գրեթե բոլորը։ ՔՊ-ական շրջանակներն այս մասին խոսում էին հիբրիդային սպառնալիքների մասին խոսույթի շրջանակում, իսկ ռուսամետ ընդդիմադիրներն այս պատմությունը ներկայացնում էին այն թերահավատներին, որոնք կասկածում էին ռուսամետ ուժերի հաղթանակին։ Այդպիսով՝ ռուսամետները վստահություն էին ներշնչում ժողովրդին, թե Պուտինը ռեալ աջակցելու է, հետևապես՝ իրենց հաղթանակը երաշխավորված է։

Այս նարատիվի տեսանկյունից Փաշինյանի հաղթանակը հնարավոր է երկու պարագայում։ Առաջինը՝ Կրեմլը խաբե՞լ է ռուսամետ ուժերին։ Երկրորդը՝ ՀՀ-ն դուրս է եկե՞լ ռուսական ազդեցության գոտուց, և ՌԴ-ն իշխանություն չի՞ ձևավորում ՀՀ-ում։

Երկրորդ տարբերակն իրականությունից կտրված է։ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ներկայությունը ռուսական ազդեցության անվիճելի ապացույցն է։ Հայ-ռուսական օրակարգի վերանայման հարց ՔՊ ծրագրում չկա։ Հունիսի 14-ին Փաշինյանը մի խոսք չասաց խորհրդային բռնազավթման տարիներին զոհված հարյուր հազարավոր հայերի հիշատակին, որ Պուտինը վատ չզգա։ Այս ամենն ապացուցում է, որ ՌԴ-ն ՀՀ-ում լուրջ ազդեցություն ունի։

Անենք հակասող ենթադրություն։ Եթե Պուտինն այդ աստիճանի ամուլ է դարձել ՀՀ-ում իշխանություն ձևավորելու հարցում, ապա ինչո՞ւ էին մի շարք փորձառու կուսակցություններ ու գործիչներ ռուսամետ դիրք ընդունել, նրանք չէին հասկանո՞ւմ, որ ռուսների ատամները թափվել են, ինչո՞ւ էին նրանց աջակցության վրա հույս դնում ու այդ մասին ընտրողներին պատմում։ Խաբո՞ւմ էին ժողովրդին, թե՞ թյուրիմացաբար հավատում էին ռուսների աջակցությանը։

Այսպիսով՝ եթե ՀՀ իշխանության, ԵՄ ղեկավար գործիչների, ժողովրդավարության ջատագովների խոսույթը հիբրիդային սպառնալիքների մասին լուրջ էր, և եթե ընդդիմադիր առաջնորդները ողջախոհության հետ խնդիրներ չունեն, ապա երկրորդ տարբերակը բացառվում է, ՀՀ-ում ամեն ինչ մնում է այնպես, ինչպես նախկինում, և ՌԴ-ն նույն ազդեցությունն ունի ՀՀ-ում իշխանության ձևավորման վրա։

Իսկ եթե ՌԴ-ն ՀՀ-ում կարող էր իրապես ազդել իշխանության ձևավորման վրա, եթե կարող էր ստիպել Փաշինյանին, որ նա պարտվի, ապա ինչո՞ւ չարեց, ինչո՞ւ լուրջ չաջակցեց ռուսամետ ուժերին, ինչո՞ւ իր մարդկանց լքեց, մենակ թողեց ՔՊ-ական բռնաճնշումների առաջ։

Արցախի զավթման, Արցախից հայերի բռնի տեղահանման, ՀՀ-ի դեմ ագրեսիայի ժամանակ Ռուսաստանը աջակցում էր Ադրբեջանին, Ալիևի վերջնագրերն էր փոխանցում Փաշինյանին։ Ոմանք ասում են, թե Մոսկվան դավաճանեց հայ ժողովրդին։ Իսկ 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ նիստում, որտեղ քննարկվում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցը, ՌԴ-ն չճանաչեց ՀՀ ինքնիշխան իրավունքներն ու ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Այնուամենայնիվ՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ քաղաքական համայնքի ռուսամետ սեգմենտը հավատում էր կամ առնվազն ցույց էր տալիս, թե հավատում է, որ ռուսները կօգնեն տապալել Փաշինյանին։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը փորձառու գործիչ է։ Նա 2021-ի պարտությունից հետո չէր կրկնի նույն բանը, եթե վստահ չլիներ, որ Կրեմլն այս անգամ աջակցելու է ռուսամետ ուժերի հաղթանակին։

Սամվել Կարապետյանը փորձառու գործարար է, միլիարդատեր։ Նա չէր մտնի մի գործի մեջ, որտեղ խայտառակ տակ էր տալու։ Ուստի՝ ենթադրելի է, որ Կրեմլից նրան աջակցություն են խոստացել, վստահեցրել, որ կճնշեն Փաշինյանին ու կստիպեն պարտվել։

Նույնը կարելի է Գագիկ Ծառուկյանի մասին ասել։ Նա, եթե իմանար, որ Պուտինն ու Լուկաշենկոն չեն աջակցելու ռուսամետ ուժերին, ապա չէր մտնի խաղի մեջ, մանավանդ՝ Փաշինյանը լուրջ սպառնում էր այս 3 գործիչներին։

Հիասթափության մեջ են նաև մանր ռուսամետ ուժերը։ Նրանք ևս չեն հասկանում, թե ինչո՞ւ Մոսկվան «գցեց» ռուսամետ ուժերին, ինչո՞ւ թույլ տվեց, որ Փաշինյանը հաղթի։

Կարճ ասած՝ ենթադրելի է, որ քաղաքական համայնքում ողջամիտ ռուսամետ ուժերը հիմա «գցված» են զգում, հետևաբար՝ առաջիկայում կվերանայեն իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումը, կդառնան անկախության և ժողովրդավարության ջատագովներ, նպատակ կհռչակեն ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալը։ Իսկ հոռետեսների կարծիքով՝ ռուսամետների մի մասը չի հասկանա, որ Մոսկվան իրենց խաբել է, «գցել» ու դավաճանել։ Այս մարդիկ չեն հավատա, որ Պուտինը սատարում է Փաշինյանին, իսկ իրենց որպես բութ գործիք է օգտագործում Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացնելու, ՀՀ-ի ռուսամետ կուրսն արդարացնելու համար։

Թաթուլ Մկրտչյան