ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական գործչին անվայել վարք է դրսևորում ու վատ օրինակ ծառայում։
Մարտի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա ոչ գրական բառապաշար ու տոն է կիրառել։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ՔՊ-ի համար մտահոգիչ են եղել սոցհարցումների արդյունքները, դրա համա՞ր է իշխանությունը հայտարարում՝ Գյումրի-2 սցենար թույլ չի տալու, ԱԺ նախագահն ասել է. «Այն բոլոր մարդիկ, որոնք ակնկալում են Գյումրի-2 սցենար, ռաստվելու են շատ հաստ Վաղարշապատ-2 սցենարին։ Մնացածը թողնում են Ձեր մեկնաբանությանը»։
Տարբեր մեկնաբանություններ են հնչում այս կապակցությամբ հանրային խոսույթում։ Դրանցից ոչ մեկն Ալեն Սիմոնյանի օգտին չէ։ Ոմանք սա որակում են անպարկեշտ, լկտի արտահայտություն։ Տղամարդիկ սա ասոցիացնում են փողոցային, խուլիգանական այլ խոսքի ու տոնի հետ, որն ըստ էության՝ հայհոյախոսություն է։ Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը ոչ գրական, խոսակցական, փողոցային լեքսիկոն կիրառում։
Քաղաքական գործիչը, տվյալ պարագայում՝ ԱԺ նախագահը պարտավոր է հրապարակային խոսքում գրական հայերեն խոսել։ Պետական լեզուն գրական հայերենն է, խոսակցական հայերենը չէ։ Քաղաքական, պետական գործիչը գրական հայերենի ջատագովն է ու պաշտպանը։ Երբ պետություն չկա, ապա պետական լեզվի համար կիրառման տեղ էլ չկա, պետական բաները գրվում, ասվում են զավթիչի, օտար լեզվով։ Այս առումով՝ Ալեն Սիմոնյանի վարքն ապապետական է։ Այսպես կարող է խոսել օտարը, անարխիստը, զավթիչը, կոլաբորացիոնիստը, օտարի դրածոն, բայց ոչ ազգային, պետական գործիչը։
«Ռաստ» բառը պարսկերեն է, որտեղից թափանցել է խոսակցական հայերեն, առավել շատ կիրառվում է փողոցային լեքսիկոնում։ «Ռաստվել» նշանակում է՝ հանդիպել։ Գրական հայերենում այս օտարաբանությունը չկա։ Դատավորը չի օգտագործում այսպիսի բառ, ուսուցիչը՝ նույնպես, քանի որ դատավորի կամ գիտնականի խոսքը պետք է լինի գրական հայերեն, իսկ «ռաստվել» բառը գրական հայերենում չկա, փողոցային խոսքի ասոցիացիա է առաջացնում։ Խուլիգանն է փողոցային բառապաշար կիրառում։ Քաղաքական գործիչը խուլիգան չէ։ Սա տարրական գիտելիք է, որը գիտի 1-ին դասարանցի քաղաքական գործիչը։
Իսկ ի՞նչ է նշանակում «հաստ Վաղարշապատ-2»։ Ո՞ւմ է ուղղված հայհոյախոսության ասոցիացիա առաջացնող այս խոսքը։
Ենթադրելի է, որ Ալեն Սիմոնյանը նկատի ունի ամիսներ առաջ անցկացված Վաղարշապատի ընտրությունները։ Բայց այստեղ ի՞նչն է «հաստ»։ ՔՊ-ի հաղթանա՞կն է հաստ, ՔՊ-ին տրված քվենե՞րն են հաստ, գուցե ՔՊ-ին ընտրողների՞ն է որակում հաստ բան։ Սա վիրավորական է առաջին հերթին ընտրողների համար։ Եթե ժողովուրդը վիրավորվի այս խոսքից, ապա հունիսի 7-ին ՔՊ-ն ընդդիմություն կդառնա, գուցե շեմն էլ չանցնի։
Որոշ ժամանակ առաջ ՔՊ-ն ներքին վարքականոն սահմանեց, որով խոստանում էր չվիրավորել, չհայհոյել, ատելություն չտարածել։ Նիկոլ Փաշինյանը միակողմանի հրաժարվեց հրապարակավ հայհոյանք ու ատելություն տարածելուց։ Ալեն Սիմոնյանի խոսքը զրոյացրեց է և՛ այդ վարքականոնը, և՛ Փաշինյանի մորատորիումը։
Մի ժամանակ թագավորներն իրենց ուրույն ցեղ էին համարում ու միմյանց վերաբերվում եղբայրաբար։ Ժողովրդավարական գաղափարների ազդեցությամբ՝ եղբայրության արժեքի տիրույթն ընդլայնվեց։ Ժողովրդավարական երկրներում քաղաքական գործիչներն, անկախ տարաձայնություններից՝ միմյանց եղբայրաբար են վերաբերվում։ Այս առումով՝ Ալեն Սիմոնյանի խոսքը ժողովրդավարության հիմնարար արժեքի՝ եղբայրության դեմ է։ Ժողովրդավարությունը ոչ միայն բազմակարծություն է, այլև տոլերանտություն այլ կարծիք ունեցողների հանդեպ։ ԱԺ նախագահի խոսքը հակաժողովրդավարական դրսևորում է։
Պետական գործիչը օրինակ է ծառայում ժողովրդին։ Մարդիկ ընդօրինակում են նրա վարքը, խոսքը։ Սա հաշվի առնող բարձրաստիճան գործիչները առաքինի վարք են դրսևորում, նորմալ, հարգալից խոսում, լկտի բաներ չեն անում, որ հասարակ մարդիկ ճիշտ օրինակ վերցնեն ու իրենք էլ առաքինի վարքով ապրեն, միմյանց նկատմամբ եղբայրաբար վերաբերվեն։ Իսկ երբ բարձրաստիճան գործիչը անպարկեշտ, լկտի բաներ է անում, փողոցային բառապաշար կիրառում, ապա մարդիկ դա են ընդօրինակում ու միմյանց չեն հարգում, օրենք ու իրավունք են խախտում, խուլիգանություն անում, միմյանց սպանում։
Կա նաև հոգեբանական մեկնաբանություն, թե Ալեն Սիմոնյանի փողոցային լեքսիկոնը վկայում է վախերի մասին։ Եթե ՔՊ-ում վստահ լինեին, որ հաղթելու են, ապա հանգիստ կխոսեին, գրական հայերեն, փողոցային, հայհոյախոսական, օտար բառեր չէին կիրառի։ Ուստի՝ եթադրելի է, որ ՔՊ-ում մտավախություն ունեն, որ հունիսի 7-ին պարտվելու են։ Այս հեռանկարը նյարդայնացնում է նրանց։ Եվ նրանք չեն կարողանում զսպել իրենց ու ակամա անցնում խոսակցական լեզվին, կիրառում օտարաբանություն, փողոցային բառեր ու տոն։
Կարճ ասած՝ միանշնակ պարզ չէ, թե ինչու է Ալեն Սիմոնյանը փողոցային բառապաշար կիրառում։ Բայց աներկբա է, որ նրա վերը բերված խոսքն ապապետական է, հակաժողովրդավարական և աղետալի հետևանք կունենա։ Ավելին՝ եթե նույնկերպ շարունակվի, ապա ազգային գիտակցություն ունեցող ընտրողները, հավանաբար, ՔՊ-ին չեն ընտրի, իսկ Ալեն Սիմոնյանը հունիսի 8-ին այլ աշխատանք կփնտրի։
Թաթուլ Մկրտչյան