Ներքին 3 ամիս առաջ - 22:00 25-02-2026

Նրանք կզբաղվեն շահույթով․ ինչ է ասել Աննա Հակոբյանը բուդդայական վանականներին

Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անգլերենով ներկայացվում է իր վերջին հանդիպումը բուդդայական վանականների հետ՝ “Walk for Peace” կոչվող նախաձեռնության շրջանակում: Տեսանյութում Հակոբյանը ներկայացնում է հանդիպման ընթացքը և կարդում է չինացի փիլիսոփաների՝ Կոնֆուցիուսի, Մոզիի և Մենզիուսի թևավոր դարձած խոսքերը։

Հետաքրքրական է, որ ելույթը անգլերեն է հրապարակվել, ինչը գրավել է հանրության ուշադրությունը, քանի որ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց ի վեր պարբերաբար հրապարակել է լուսանկարներ անգլերեն սովորելու իր փորձերի մասին, սակայն այս հանդիպման ժամանակ անգլերեն տեքստը կարդում է՝ առանց աչքերը թղթից կտրելու։

Նշենք, որ նման հանդիպումներում ավելի լավ կլիներ ոչ թե տվյալ երկրների մարդկանց ուսուցանել իրենց երկրի փիլիսոփաների պատմությունն, այլ ներկայացնել Հայաստանի մշակույթն ու արժեքները: Այս դեպքում Աննա Հակոբյանը ներկայացնում է չինացի փիլիսոփաների՝ Կոնֆուցիուսի, Մոզիի և Մենզիուսի խոսքերը, որտեղ շեշտվում են բարոյական առաջնորդությունը, հանրային լավ հարաբերությունների հիմքում մարդու արժանապատվությունը, արդարությունը և խաղաղության հաստատումը:

Աննա Հակոբյանի այս տեսանյութի արձագանքներից դատելով, ենթադրելի է, որ այն հանրության կողմից ընկալվել է որպես սեփական մտքերի և ՔՊ-ական իշխանության քարոզ չինացի փիլիսոփաների խոսքերով։

Նշենք, որ այս հանդիպմանն անդրադարձել են նաև բուդդայական հոգևորականները, շնորհակալության խոսք ուղղելով Աննա Հակոբյանին։

Ստորև ներկայացնում ենք Աննա Հակոբյանի խոսքի թարգմանված տարբերակը.

Մեծ պատիվ էր հանդիպել Վեհաշնորհ Պաննակարային և նրա հետ «Walk for Peace» նախաձեռնության 24 վանականներին՝ այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցրել ու կրել մարդկային տառապանքը՝ այն թեթևացնելու մյուսների համար։ Քաջությամբ և կարեկցանքով առաջնորդվելով՝ նրանք հանդես են եկել ընդդեմ մարդկային դաժանության՝ քայլելով ի հակադրություն մարդկության ցավի։ Ստորև ներկայացնում եմ հանդիպման ընթացքում հնչեցրած իմ խոսքը՝ հարստացված շուրջ 2500 տարի առաջ ապրած մեծ մտածողների մտքերով և մեջբերումներով, որոնց ժամանակակից իմաստությունը մինչ օրս ունի աշխարհը փոխելու և վերափոխելու ներուժ։

Կոնֆուցիուս (մ.թ.ա. մոտ 551–479 թթ.)

Լորդ Ջի Կանը հարցրեց Կոնֆուցիուսին կառավարման մասին․ «Ենթադրենք՝ ես վերացնեմ վատերին՝ լավերին օգնելու համար։ Ինչպե՞ս դա կլինի»։

Կոնֆուցիուսը պատասխանեց․ «Դուք այստեղ եք կառավարելու համար․ ինչո՞ւ է անհրաժեշտ սպանել։ Եթե դուք ցանկանաք բարին, ժողովուրդն էլ կլինի բարի։ Առաքինի մարդու բարոյական ուժը նման է քամու, իսկ հասարակ մարդկանցը՝ խոտի։ Երբ քամին փչում է, խոտը խոնարհվում է»։

Ցզիլուն հարցրեց՝ ի՞նչն է դարձնում մարդուն առաքինի։ Վարպետն ասաց․ «Ինքնակատարելագործման միջոցով նա հասնում է արժանապատվության»։
- «Դա՞ է ամենը»։
- «Ինքնակատարելագործման միջոցով նա խաղաղություն է տարածում իր հարևանների մեջ»։
- «Դա՞ է ամենը»։
- «Ինքնակատարելագործման միջոցով նա խաղաղություն է տարածում բոլոր մարդկանց վրա։ Ինքնակատարելագործվելով՝ խաղաղություն տարածել բոլորի վրա․ նույնիսկ Յաոն և Շունը ավելին չէին կարող ձգտել»։

Վարպետն ասաց․ «Մարդասիրությունը մարդկանց համար ավելի էական է, քան ջուրն ու կրակը։ Ես տեսել եմ մարդկանց, որոնք կորցրել են իրենց կյանքը՝ հանձնվելով ջրին կամ կրակին, բայց երբեք չեմ տեսել մեկին, ով կյանքը կորցնի՝ հանձնվելով մարդասիրությանը»։ Ցզիճանը հարցրեց մարդասիրության մասին։

Վարպետն ասաց․ «Նա, ով կարողանա աշխարհում տարածել հինգ վարքագիծ, կիրագործի մարդասիրությունը»։

- «Որո՞նք են դրանք»։

- «Քաղաքավարություն, հանդուրժողականություն, ազնվություն, աշխատասիրություն և մեծահոգություն։ Քաղաքավարությունը պաշտպանում է վիրավորանքից, հանդուրժողականությունը գրավում է սրտերը, ազնվությունը վստահություն է ներշնչում, աշխատասիրությունը ապահովում է հաջողություն, իսկ մեծահոգությունը՝ հեղինակություն»։

Մոցզի (մ.թ.ա. մոտ 470–391 թթ.)

«Այն տիրակալները, ովքեր պատերազմ են սիրում, չեն հասկանում, որ դա ո՛չ մարդասիրական է, ո՛չ արդար։ Նրանց հարևաններն էլ դա չեն հասկանում։ Ահա թե ինչու հարձակումներն ու ավերածությունները շարունակվում են սերնդեսերունդ՝ առանց վերջի։ Սա է այն, ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանք չեն հասկանում կարևորի էությունը»։

Մենգզի (մ.թ.ա. մոտ 371–289 թթ.) Մենգզին ասել է․ «Բոլոր մարդիկ ունեն մի սիրտ, որը չի կարող անտարբեր մնալ ուրիշների տառապանքի նկատմամբ։ Հին թագավորներն ունեին այդպիսի կարեկցող սիրտ և, հետևաբար, կարեկցող կառավարում։ Կարեկցող սիրտ ունենալով և կարեկցանքով կառավարում հաստատելով՝ աշխարհը կառավարելը նույնքան հեշտ է, որքան ինչ-որ բան շրջելը ափի մեջ»։

- «Կան մարդիկ, ովքեր ծառայում են տիրակալին՝ նրա բարեհաճությունը շահելու համար։ Կան նախարարներ, որոնց հաճույքը կայանում է երկրի խաղաղեցման մեջ։ Կան նրանք, ովքեր ըմբռնում են այն, ինչը կարող է կիրառվել ամբողջ աշխարհում, և իրականացնում են դա։ Եվ կան մեծ մարդիկ, ովքեր, ուղղելով իրենց, ուղղում են բոլոր կենդանի էակներին»։

- «Նա, ով հարստացնում է մի տիրակալի, որը չի կիրառում մարդասիրական կառավարում, մերժվել է Կոնֆուցիուսի կողմից։ Որքա՞ն ավելի ծանր կլինի դատաստանը նրա հանդեպ, ով ձգտում է պատերազմ սանձազերծել։ Տարածքների համար մղվող պատերազմները սպանում են այնքան մարդկանց, որ դաշտերը լցվում են դիակներով, քաղաքների համար մղվող պատերազմները՝ այնքան, որ քաղաքներն են լցվում դիակներով։ Սա նշանակում է՝ երկիրը մարդակեր դարձնել։ Նման հանցանքի համար մահապատիժն անգամ բավարար չէ։ Ուստի նրանք, ովքեր հմտացած են պատերազմում, պետք է ենթարկվեն ամենաբարձր պատժի»։

Սուն Կենը պատրաստվում էր մեկնել Չու, երբ Մենգզին հանդիպեց նրան Շիցիուում և հարցրեց․ «Ո՞ւր եք գնում, պարոն»։

- «Լսել եմ, որ Ցինը և Չուն պատերազմի մեջ են, և գնում եմ՝ համոզելու Չուի թագավորին դադարեցնել այն։ Եթե նա չհամաձայնի, կգնամ Ցինի թագավորի մոտ։ Երկու թագավորների դեպքում անպայման հաջողության կհասնեմ»։

Մենգզին ասաց․ «Չեմ ուզում մանրամասները, սակայն կցանկանայի հասկանալ գլխավոր միտքը։ Ինչպե՞ս եք համոզելու նրանց»։

- «Կբացատրեմ պատերազմի անշահավետությունը»։

- «Ձեր մտադրությունները մեծ են, սակայն ձեր փաստարկը սխալ է։ Եթե շահի գաղափարով համոզեք Ցինի և Չուի թագավորներին, և նրանք դադարեցնեն պատերազմը, բանակները կուրախանան և կսկսեն առաջնորդվել շահի մղումով։ Նախարարները, որդիները, եղբայրները՝ բոլորը կսկսեն առաջնորդվել շահի գաղափարով։ Տիրակալները, նախարարները, ծնողները, երեխաները և եղբայրները կհրաժարվեն մարդասիրությունից և արդարությունից՝ առաջնորդվելով միայն շահի որոնմամբ։ Երբ դա տեղի է ունեցել, միշտ կորուստ է հետևել։

Սակայն եթե մարդասիրության և արդարության հիման վրա համոզեք նրանց, և նրանք դադարեցնեն պատերազմը, բանակները կուրախանան և կնվիրվեն մարդասիրությանը և արդարությանը։ Նախարարները, որդիները, եղբայրները՝ բոլորը կղեկավարվեն մարդասիրությամբ և արդարությամբ։

Երբ մարդիկ միմյանց հանդիպեն մարդասիրության և արդարության հիման վրա, տիրակալը կդառնա իսկական թագավոր։ Ինչո՞ւ պետք է խոսել միայն «շահի» մասին»։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին

Ձեզ գուցե հետաքրքրի