Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 14:00 22-02-2026

Ո՛չ Կարապետյանը, ո՛չ Քոչարյանը չեն կարող հեռացնել Փաշինյանին․ ժողովուրդը պետք է հեռացնի․ հարցում

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, որոնց ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվացել են ոչ միայն արդեն հայտնի, այլև նորաստեղծ քաղաքական ուժերը։ Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Քաղաքական գործընթացների ակտիվացման ֆոնին հանրության շրջանում տարբեր սպասումներ ու կանխատեսումներ են հնչում․ մի մասը համոզված է, որ ընդդիմադիր ուժերը կկարողանան հեռացնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մյուսներն էլ թերահավատորեն են մոտենում նման սցենարին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը կկարողանան հեռացնել Նիկոլ Փաշինյանին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ նրանց չի հաջողվի հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որոշներն էլ հույս հայտնեցին, որ նրանց մոտ կստացվի։

«Ժողովուրդը պիտի հեռացնի, ոչ թե նրանք։ Նրանք անհատ անձինք են, նրանք չէ, ժողովուրդը։ Բայց ցանկանում եմ, որ այո, որովհետև բավ է՝ 5000 զոհ ունեցանք, 10000 վիրավոր, հողերի հանձնում, Արցախի հանձնում»,– պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ ցանկանում է, որ խաղաղություն լինի։ «Ո՛չ, չեմ հավատում։ Բայց ցանկանում եմ, որ խաղաղություն լինի Հայաստանում և վերջապես նորմալ երկիր դառնա»,– նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հնարավոր է, եթե միանան։ «Եթե միանան, հնարավորություն կա, բայց դեռ կասկածում եմ միանալուն։ Կարող է, ամեն ինչ հնարավոր է»,– ասաց նա։

«Չէ, ոչ մի հույս էլ չունեմ։ Սա այն խումբն է, որի գործունեության արդյունքը մենք արդեն տեսել ենք։ Էն, ինչ որ հիմա ունենք, դրա հետևանքն է։ Էնպես որ ոչ Սամվել Կարապետյանը, ոչ Քոչարյանը, ոչ ոք չեն կարող ոչինչ անել»,– պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ձեզ գուցե հետաքրքրի