«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա փետրվարի 3-ին երկու քաղաքացի շտապօգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն չէին հոսպիտալացվել։ Պաշտոնական հիմնավորումը՝ ալկոհոլի ազդեցություն։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանը՝ իրավական գնահատականի փոխարեն, սահմանափակվում է նամակներ ուղարկելով։
ՄԻՊ-ից հայտնել են, որ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից պահանջվել է պարզաբանում, ստացված տեղեկատվությունն ընդունվել է ի գիտություն, ինչպես նաև հարցի առնչությամբ գրություն է ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարություն։ Այժմ սպասվում է նախարարության պատասխանը։
-
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ Կառավարությունը նախատեսում է գրեթե 200 մլն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին (SSS) նաև 2026 թվականին։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ը մեկնարկելու է հուլիսի 26-ին՝ Սևանի ափին, որը համախմբելու է տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և ընկերություններին աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով համագործակցության, գիտելիքի փոխանակման և նորարարության բացառիկ միջավայր։
Հարկ է նշել, որ 2025 թվականին Կառավարությունը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կազմակերպման նպատակով կրկին հատկացրել էր 200 մլն դրամ»։
-
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա։
ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, հայտնել է՝
«Վարչաբենդ» խմբի հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման ողջ ծախսերը հոգացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ներկայացնում եմ ծախսերը՝ ստորև.
Տարածքի վարձակալություն՝ 2 500 000 դրամ
Բրենդավորում, ձևավորում, ատրիբուտիկայի գնում՝ 4 900 100 դրամ
Գործիքավորում, երաժիշտների և դիջեյի վարձատրություն՝ 1 119 000 դրամ
Ընդհանուր՝ 8 519 940 դրամ»։
Բայց այս ցանկից ՔՊ-ն շրջանցել է ուտեստների կամ հյուրասիրության մասը և արժեքներ չի նշել, որոնք էականորեն կավելացնեին ծախսերի թվերը։
-
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում։
Գործը քննվել է արագացված կարգով։ Մեղադրանքը ամբողջությամբ ընդունվել է ամբաստանյալ Կոնջորյանի կողմից։ 17.06.2010 թ․-ին դատարանը Ավետ Կոնջորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար և նշանակել 4 տարվա ազատազրկում։
Հաշվի առնելով նախնական կալանքը՝ վերջնական պատիժը սահմանվել է 3 տարի 6 ամիս 8 օր։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 3 տարվա փորձաշրջան, իսկ կալանավորումը վերացվել է դատարանի դահլիճում։
-
«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։ Իհարկե, անձի ազատության առումով տնային կալանքը ոչնչով չի տարբերվում, անգամ ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը, որովհետեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների, հաղորդակցության նկատմամբ։ Որոշ տեղեկություններով՝ քաղբանտարկյալների նկատմամբ այս «մեծահոգությունը» իշխանությունը սիրահոժար չի անում, այլ՝ որոշ ճնշումների ազդեցությամբ։ Վերջին շրջանում ընդդիմությունը, հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար, նամակ-բողոքներ են հղում տարբեր կառույցների, եւ դա որոշակի ազդեցություն է ունեցել։ Միջազգային գործընկերները Փաշինյանին հորդորել են՝ ընտրությունների նախաշեմին ռեպրեսիաները մի քիչ թուլացնել, որ իր հեղինակությունը փոքր-ինչ բարձրանա։
-
«Հրապարակ» թերթը գրում է․ Մանդատ ստանալու հայտ ներկայացրած ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն՝ այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը, եւ հնարավոր է գիշերը հրապարակեն ՔՊ նախընտրական նախնական ցուցակը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ՔՊ կենտրոնական գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը։ Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։
-
«Հրապարակ» թերթը գրում է ․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, եւ հայտարարվեց նաեւ վարչապետի թեկնածուի անունը։ Կուսակցությունը նաև կառավարող մարմին է ձեւավորել՝ քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված են Սամվել եւ Նարեկ Կարապետյանները, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ու փաստաբան Արամ Վարդեւանյանը։
-
«Հրապարակ» թերթը գրում է․Տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր օղակներից փնտրում-գտնում են բոլոր այն սեփականատերերին, որոնք վարձակալությամբ գրասենյակներ, տարածքներ են տրամադրում Սամվել Կարապետյանի թիմին, համագործակցում են նրանց հետ, եւ փորձում են ճնշումներ բանեցնելով՝ ստիպել, որ հետ կանգնեն նոր քաղաքական ուժի հետ համագործակցելուց։ Անգամ սկսել են ստուգել անշարժ գույքի, գրասենյակների տարածքների սեփականության օրինականությունը, փորձելով վախի մթնոլորտ ստեղծելով՝ մարդկանց հետ պահել ընդդիմադիր շարժմանն աջակցելուց։