Ներքին Միտք 8 ամիս առաջ - 19:05 11-02-2026

Հայաստանում սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ «իրական Հայաստանի» բնակիչները․ Օսկանյան

Հայաստանում դեռ առաջին քվեաթերթիկի նետումից շատ առաջ սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ հավաքական Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը։

Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» բնակիչները։

Գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին, որոնք գործնականում որոշելու են երկրի ղեկավարությունը առաջիկա հինգ տարիների համար։

Սակայն դեռ առաջին քվեաթերթիկի նետումից շատ առաջ սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ հավաքական Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը։ Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» բնակիչները։ Նրանց նախընտրությունները բացահայտ, համակարգված և գործարքային բնույթ են կրում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հրապարակային աջակցությունը Նիկոլ Փաշինյանին նշանավորում է արդեն ակնկալվող ու կանխատեսելի մի հաջորդականության սկիզբը։ Մայիսին եվրոպական առաջնորդները կժամանեն Երևան՝ նմանատիպ հավանության ուղերձներով։ Անկարան, ամենայն հավանականությամբ, կհետևի խորհրդանշական քայլերով՝ թուրք-հայկական սահմանի մասնակի բացմամբ։ Իսկ Բաքուն կարող է ազատ արձակել որոշ հայ պատանդների և ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը չի վավերացնի, քանի դեռ իր բոլոր պահանջները չեն կատարվել։

Յուրաքանչյուր նման ժեստ ունի իր գինը, և այդ գինը վճարելու է Հայաստանը։

Արևմտյան մայրաքաղաքների համար գերակա նպատակը ռազմավարական է՝ վաղուց փայփայված ձգտումը նվազեցնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում՝ անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի համար գոյություն ունեն արդյոք կենսունակ անվտանգության այլընտրանքներ։

Թուրքիայի շահը նույնպես հստակ է՝ ապահովել անխոչընդոտ միջանցք, որը կմիացնի Անատոլիան Կենտրոնական Ասիայի թյուրքական աշխարհին։ Ադրբեջանի նպատակներն ամենակոնկրետն են՝ ամրապնդվել Սյունիքում, երաշխավորել անխափան կապ դեպի Նախիջևան և ամրագրել Արցախի էթնիկ զտման աշխարհաքաղաքական հետևանքները։

Գործող իշխանության վերարտադրությունը առանցքային նշանակություն ունի այս երեք օրակարգերի համար։

Ադրբեջանը նաև կարող է հիմնավոր ակնկալել նոր տարածքային զիջումներ, Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ադրբեջանցիների աստիճանական, սողացող ներկայություն Հայաստանում։ Այս ամենը չի պահանջում լայնածավալ ռազմական գործողություններ։ Այն հիմնված է կառավարվող դիվանագիտության, միջազգային ծափահարությունների և Երևանում հնազանդ գործընկեր ունենալու վրա։

Մոտալուտ ընտրությունների առանձնահատուկ վտանգավորությունն այն չէ, որ արտաքին ուժերն ունեն շահեր Հայաստանում․ դա միշտ է եղել։ Վտանգն այն է, որ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարվող քաղաքական տարածք, որտեղ ընտրությունները ծառայում են ոչ թե իրական ընտրությանը, այլ արդեն ընդունված որոշումների ձևական հաստատմանը»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է