Այո, ուշագրավ է, որ անցնող տարի Հայաստան եկողներն ավելի շատ են եղել, քան մեկնողները։ Այս ցուցանիշը ոգևորել է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին։ Մասնավորապես՝ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը:
«Հիշու՞մ եք 2000-ականներին, 2010-ականներին, երբ Հայաստանի քաղաքական դիսկուրսի թիվ մեկ թեման արտագաղթն էր, մարդիկ խոսում էին այն մասին, որ Սերժի կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը տարեկան լքում է 30000 մարդ, 40000 մարդ, 50000 մարդ: Այդ ժամանակաշրջանը ավարտված է: Հայաստանը զարգացման ճանապարհին է, Հայաստանը խաղաղության ճանապարհին է ու Հայաստանը ներգաղթի ճանապարհին ու սա մեր նվաճումն է միասին»,- ասել է նա իր էջում։
Իհարկե՝ ներգաղթի ժամանակաշրջանի մասին պնդումը չափազանցված է, քանի որ հիմնված չէ վիճակագրական ամփոփ տվյալների վրա։ Նույնիսկ եթե իսկապես ապացուցվի, որ ներգաղթ է սկսվել, ապա այն ՔՊ-ական իշխանության նվաճում որակելը հիմնավոր չէ։ Գուցե այլ պատճառներ կան, որ ՀՀ եկողներն ավելի են, քան մեկնողները։
Ընտրություններում ակտիվ մասնակցելու փորձառություն ունեցողները կհիշեն, որ նման միտում նկատվել է նախկկինում։ Նախընտրական տարիներին արտագաղթը էապես նվազում կամ կանգ էր առնում։ Սրա արդյունքում արտագաղթի թեման կորցնում էր սրությունը բանավեճերում, իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ դրական շարժ կա։ Մյուս կողմից ստեղծվում էր հիմք, որ ընտրողների թիվը ցուցակում մեծանա։ Այսինքն՝ եթե կասկած էր ծագում, թե ինչո՞ւ են ավելի շատ ընտրողներ մասնակցել, քան նախորդ ընտրություններում, ապա իշխանությունները նշում էին, որ ՀՀ քաղաքացիները նախընտրական տարում Հայաստան են եկել, որ ակտիվ մասնակցեն ընտրական գործընթացներին։
Այս պատճառը իշխանական և ընդդիմադիր ճամբարները տարբեր կերպ էին մեկնաբանում։ Իշխանականները դա ներկայացնում էին, թե մարդիկ դրսից գալիս են, որ իրենց ընտրեն, քաղաքացիները գոհ են։ Իսկ ընդդիմությունը հակառակը՝ նշում էր, թե մարդիկ դրսից գալիս են, որ իրենց ընտրեն, մարդիկ զզվել են գործողներից, հույս են փայփայում, որ իշխանափոխոթյուն կլինի, այդ իշխանափոխության հույսով են գալիս Հայաստան։ Հետադարձ հայացքով ապացուցվում էր, որ ընդդիմադիրներն էին ճիշտ, քանի որ ընտրություններից հետո արտագաղթի տեմպերն ավելանում էին։
Նույն իրավիճակն ու նույն մեկնաբանություններն են հիմա։ ՔՊ-ականները պատկերը նվաճում են որակում, այն կապում խաղաղության հաստատման հետ։ Իսկ ընդդիմադիրներն էլ ասում են, թե մարդիկ գալիս են Հայաստան, որ մասնակցեն ընդդիմադիր շարժումներին, իրենց ավանդը, լուման, ջանքը ներդնեն ընտրությունների ընթացքի վրա։ Մարդիկ Հայաստան են գալիս այն հույսով, որ այս ընտրություններից հետո Փաշինյանն ընդդիմություն կդառնա։
Միաժամանակ արդեն շրջանառվում են կասկածներ, թե այդ թվերը նկարված են, քանի որ Փաշինյանը մտադիր է կեղծել ընտրությունները, կիրառելով փորձված «Ալիբաբա» ընտրակեղծիքը, երբ մի հոգին տարբեր անձնագրերով տարբեր տեղամասերում քվեարկում է։
Պարզ ասած՝ հունիսի 7-ից հետո կպարզվի, թե ինչո՞ւ էին ներգաղթում ՀՀ քաղաքացիները նախընտրական շրջանում։ Եվ չի բացառվում, որ ընտություններից հետո արտագաղթի տեմպերը կրկին կաճեն, և կապացուցվի, որ մարդիկ հիմա ներգաղթում են իշխանափոխության հույսով, Նիկոլ Փաշինյանին կրկին ընդդիմության աթոռին տեսնելու լուսավոր ակնկալիքով։
Թաթուլ Մկրտչյան