Ներքին 4 ամիս առաջ - 17:47 03-02-2026

Կաթողիկոսը ամուր է և հաստատուն, Բագրատ Սրբազանը լի է հավատով․ CSI-ի նախագահ

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբները, այսօր՝ փետրվարի 3-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ CSI-ի պատվիրակության փաստահավաք այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների և փաստաբանների հետ։ Նրա խոսքով՝ պատվիրակությունը այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

«Մենք տեսանք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը ամուր և հաստատուն վճռականությամբ կանգնած է՝ պաշտպանելու իր ազգին, իր հոտին և կատարելու իր պարտականությունները»,- ասաց Ջոն Այբները։

Նա տեղեկացրեց, որ պատվիրակությունը այցելել է նաև Ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ գտնվող բանտում պահվող արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Այբների խոսքով՝ նույն բանտում, նույն բանտախցում, խորհրդային տարիներին պահվել է նաև արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը, որը 1937 թվականին սպանվել է խորհրդային իշխանությունների կողմից։

«Մեզ համար շատ կարևոր էր տեսնել Սրբազանին՝ լավ առողջական վիճակում և բարձր տրամադրությամբ․ նա չի դժգոհում իր պայմաններից և ասում է, որ իր համար մեծ պատիվ է ծառայել իր ազգին և եկեղեցուն անգամ բանտախցից»,- ընդգծեց CSI-ի նախագահը։

Ջոն Այբները հավելեց, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը լի է հավատով, որ ի վերջո Հայաստանում կհաղթեն ճշմարտությունը, արդարադատությունը և հաշտությունը։

Նրա խոսքով՝ Սրբազանը պատվիրակությանը փոխանցել է երկու նամակ․ մեկը՝ ուղղված Վաշինգտոնում ընթացող Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը շուտով նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան։ Քանի որ նամակների բովանդակությունը մեծապես համընկնում է, Ջոն Այբները ներկայացրեց գագաթնաժողովին ուղղված նամակը։

Այն ունի հետևյալ բովանդակությունը․

«Հարգելի դեսպան Ռաբեն,
հարգելի Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի մասնակիցներ,

Ձեզ գրում եմ Իջևանի կենտրոնական բանտից՝ Խաչյալ և Հարուցյալ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ցավում եմ, որ չեմ կարող անձամբ ձեզ հետ լինել այս օրերին, երբ դուք պայքարում եք կրոնի և հավատքի ազատության պաշտպանության համար։

Շնորհակալ եմ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ընկերներին և Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելին՝ ձեզ հետ կապ հաստատելու այս հնարավորության համար։

Դուք տեղյակ եք, որ ոչ միայն ես, այլև իմ երեք եղբայր եպիսկոպոսները՝ Միքայել Աջապահյանը, Մկրտիչ Պռոշյանը և Արշակ Խաչատրյանը, ենթարկվել են լրտեսման, ձերբակալությունների, հարցաքննությունների և զրպարտությունների՝ պետության կողմից հովանավորվող մեդիաարշավների շրջանակում, և բանտարկվել են կեղծ մեղադրանքներով։

Հայ Առաքելական Եկեղեցու այլ հավատացյալ հոգևորականներ ևս ենթարկվել են սպառնալիքների և բռնությունների, թեև դեռևս բանտարկված չեն։ Նրանց թվում է նաև մեր եկեղեցու առաջնորդը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Վարչապետ Փաշինյանը հրապարակավ նրան անվանել է ազգային անվտանգության սպառնալիք։ Նա բախվում է պետականորեն հովանավորվող հակասահմանադրական արշավի, որի նպատակն է նրան պաշտոնանկ անել և փոխարինել քաղաքականապես զիջող հոգևորականով։

Այսօր ես բանտարկված եմ մի պարզ պատճառով․ իմ «հանցանքն» այն է, որ իշխանություններին ասում եմ անցանկալի ճշմարտությունը՝ ոչ բռնի ոգուն համահունչ։ Այդ ճշմարտությունն այն է, որ քրիստոնյա հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ։

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների և նրանց սերունդների համար։ Սակայն Ադրբեջանի բռնապետը, ով Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ձգտում է Հայաստանը վերածել անդեմ պետության՝ անկարող պաշտպանել հայ ժողովրդին և նրա ազգային շահերը։

Այս ջանքերում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որը ստեղծում է ազդեցության գոտի՝ Իսրայելի սահմաններից մինչև Կասպից ծով։ Այդ ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը Հայ Առաքելական Եկեղեցուն հասարակության մեջ անկախ ձայնից զրկելն է։

Հայ Առաքելական Եկեղեցին հայ քրիստոնյա ազգի կենտրոնական հենասյունն է։ Պատմության մեծ մասի ընթացքում այն եղել է ազգի միակ միավորող հաստատությունը։ Այն դիմացել է բռնի հալածանքների՝ օսմանների, խորհրդային ուժերի և Ադրբեջանի կողմից։

Աշխարհը քաջատեղյակ է Հայոց ցեղասպանությանը և դրա դաժան հետևանքներին, որոնց ամենավերջին դրսևորումը Լեռնային Ղարաբաղում հայ քրիստոնյաների էթնիկ և կրոնական զտումն էր՝ երեք տարուց էլ քիչ առաջ։

Այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է։ Ադրբեջանը պնդում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին խաղաղության խոչընդոտ է և որպես խաղաղության պայման պահանջում է, որ հայկական պետությունը այն զրկի իր պատմական դերակատարումից։

Պատմության ընթացքում միշտ եղել են հայեր, այդ թվում՝ հոգևորականներ, որոնք գործիք են դարձել եկեղեցու հալածողների ձեռքում։ Նրանք հաճախ խոսել են խաղաղության անունից, երբ իրական խաղաղություն չի եղել։ Այդպես էր մարգարեների ժամանակ, և այդպես է նաև այսօր՝ Հայաստանում։

Խնդրում եմ աղոթել ինձ համար, ինչպես նաև այն հոգևորականների և հավատացյալների համար, ովքեր այս տարի բանտարկվել են Հայաստանում, և խրախուսել մյուսներին ևս աղոթել մեզ համար։

Կոչ եմ անում Վեհաժողովին երեք խնդրանք ներկայացնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ նրա Հայաստան և Ադրբեջան նախատեսվող այցից առաջ․
1. հստակ տեղեկացնել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Հայ Առաքելական Եկեղեցու շարունակական հալածանքները,
2. հորդորել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, մասնավորապես՝ Բաքվում պահվող 20 հայ պատանդներին և Հայաստանում բանտարկված 34 հոգևորականներին ու նրանց կողմնակիցներին,
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներառել որպես երկխոսության գործընկեր Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացում։

Հարգանքով, սիրով և աղոթքներով՝
արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյան»։

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված