Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 15:26 03-02-2026

Ավինյանը թող մեզնից հեռու մնա․ Նորագյուղի բնակիչները Կենտրոնը չեն լքի

Օրերս Կառավարության նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Երևանի Կենտրոնում գտնվող Նորագյուղ թաղամասում և հարակից «Պասկևիչի բլուր» կոչվող տարածքում կհիմնվի «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնը։ Ըստ պաշտոնական հիմնավորման՝ նոր կենտրոնը կդառնա միջազգային գործարար հանգույց՝ բանկերով, հյուրանոցներով, դիվանագիտական թաղամասերով և մշակութային օջախներով։ Նախագծով նախատեսվում է 70 հարկանի երկնաքերեր կառուցել:

Որոշմամբ կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է պետության անունից պայմանագիր կնքել 2 մասնավոր ընկերությունների հետ։ Սա հիմք կհանդիսանա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար, ինչը թույլ կտա սկսել սեփականության օտարման և կառուցապատման գործընթացը։

Oragir.News-ի հետ զրույցում Նորագյուղի բնակիչները դեռ ամիսներ առաջ էին նշել, որ թաղամասը քանդելու խոսակցությունները տարիներ շարունակ չեն դադարել (https://oragir.news/ru/material/2025/10/15/173196), սակայն դրանք մնացել են հենց խոսակցությունների մակարդակում։ Բնակիչները բարձրաձայնել էին նաև թաղամասի կենցաղային ու ենթակառուցվածքային խնդիրները՝ ընդգծելով քաղաքային իշխանությունների անտարբեր վերաբերմունքը։

Oragir.News-ը կրկին այցելել է Նորագյուղ՝ տեղում բնակիչների հետ զրուցելու և պարզելու՝ արդյոք մարդիկ տեղեկացվա՞ծ են նախագծի մանրամասների մասին, ստացե՞լ են որևէ կոնկրետ առաջարկ՝ իրենց տները լքելու դիմաց։

Բնակիչների խոսքով՝ մինչ այս պահը իրենց հետ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Մարդիկ նշում են, որ տարիների ընթացքում ստեղծել են բոլոր անհրաժեշտ հարմարությունները՝ իրենց ընտանիքների բնականոն կյանքի համար, և հատկապես կարևորում են այն հանգամանքը, որ, լինելով քաղաքի կենտրոնի բնակիչներ, չեն ցանկանում տեղափոխվել ծայրամասեր։

Հարցին, թե բնակիչների տրամադրվածությունն ինչպիսի՞նն է՝ քաղաքացիներից մեկը պատասխանեց․

«Դեռ պարզ չի, չգիտեն։ Եթե իրենց ուզած գումարը տան, փոխհատուցեն՝ ինչու ոչ, բայց եթե չտան, ինչո՞ւ պետք է դուրս գան»։

Տարեց բնակիչներից մեկը նշեց, որ մեծ ընտանիք ունի և տարիներ շարունակ ներդրել է իր բոլոր ռեսուրսները՝ այստեղ ապրելու և հարմարություններ ստեղծելու համար։

«Մենք կենտրոնի մեջ ենք, բայց պետությունը, կառուցապատումը, որ ուզում են անեն՝ արդյոք քննե՞լ են, նայե՞լ են, բոլորին օգուտ կլինի՞»։

Քաղաքացու խոսքից պարզ էր, որ չի ցանկանում տեղափոխվել այլ վայր։ Նա դժգոհեց նաև, որ տարիքով է, և օրինակ՝ բազմահարկ շենքում վերելակի չգործելու պարագայում քայլելով բարձրանալը կարող է լուրջ խնդիր դառնալ։

Քաղաքապետարանի աշխատանքի մասին խոսելիս էլ բնակիչը նշեց․

«Կներեք, էդ ծրագրերի հետ ես չեմ կարողանում։ Քաղաքապետարանի մեծ-մեծ խոսելը… անտառներ են ասում»։

Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ միայն խոսակցություններ է լսել, սակայն գործող իշխանությունների հետ հույսեր չի կապում՝ հաշվի առնելով նրանց վարած քաղաքականությունը։

Բնակիչներից ոմանք էլ դժգոհեցից նաև այն հանգամանքից, որ առանց բնակիչների հետ համաձայնության բարձր մակարդակներում հայտարարություններ են հնչում։

«Ոնց եմ նայում՝ արհամարհանք է։ Մի վարչապետ, որ ասի՝ թոշակառուին 10 հազար դրամ տաս՝ ինչ պիտի անի, էդ կառավարությունից ի՞նչ սպասես»։

«Դե հիմա ուզում են քանդեն։ Ինչքանով է ճիշտ, ինչքանով՝ սխալ։ Ես 60 տարեկան եմ։ Քանդում են, բայց մեզ հետ որևէ պայմանավորվածության չեն եկել։ Ամեն քաղաքապետ ընտրվելուց մի մակետ վերցնում գալիս է, հետո էլ մարդ չի գալիս»։

Բնակիչները նշեցին նաև, որ բազմիցս լսել են 1600 դոլար փոխհատուցման մասին խոսակցություններ, սակայն դրանք համարում են անհիմն և իրականությունից հեռու։

Մեկ այլ քաղաքացի էլ շատ կտրուկ դիրքորոշում հայտնեց՝ ընդգծելով, որ իրենց առանց համապատասխան պայմանների որևէ մեկը չի կարող ստիպել լքել թաղամասը։

«Կտան մեզ համապատասխան հողեր, համապատասխան փողեր՝ կխոսենք, բայց մենք դուրս չենք գալու, Ավինյան լինի, թե ով լինի»։

Փաստացի՝ չնայած Երևանի քաղաքապետարանը հայտարարել է հերթական մեգա-ծրագրի մեկնարկի մասին, Նորագյուղի բնակիչները տեղյակ չեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում և ինչ փոխհատուցում են ստանալու, որի դիմաց պետք է լքեն իրենց տները։

Մերի Հակոբյան
Oragir.News

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար