Ներքին 4 ամիս առաջ - 17:39 02-02-2026

Մութ գործարքներ և քրեական գործեր․ Տրանսպորտի վարչության պետի հետաքրքիր անցյալը

«Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակմանը, ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է առաջիկայում 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մտադրության մասին, ինչը վկայում է հերթական խոշոր ֆինանսական գործարքի նախապատրաստման մասին։ Սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ քաղաքապետարանի համար ավտոբուսների գնման գործընթացները հաճախ ուղեկցվել են խնդիրներով և վիճահարույց հանգամանքներով։ Այս համատեքստում ուշադրության է արժանանում այն փաստը, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին պատկանող «Արմչի» ՍՊԸ-ն նախկինում գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ, մինչդեռ հենց այդ ընկերությունն է պարբերաբար հաղթել քաղաքապետարանի ավտոբուսների ձեռքբերման մրցույթներում։ Այս մասին առաջին հրապարակումն արել է «Հետքը»։

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունը մշակել և քաղաքապետարանին է ներկայացրել Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը։ Ըստ այդ ծրագրի՝ ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է 845 տարբեր չափերի ավտոբուս։ Դեռևս 2019 թվականի գարնանը քաղաքապետարանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ քննարկել է ծրագրի ֆինանսավորման հնարավորությունները, և բանկը հայտնել է ավտոբուսների ձեռքբերմանը աջակցելու պատրաստակամություն՝ վարկային պայմանագրերով։

2021 թվականի նոյեմբերի 24-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և ՎԶԵԲ-ը ստորագրել են «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում տրամադրվել է 5 մլն եվրո դրամաշնորհ։ Բացի այդ, բանկը պատրաստակամություն է հայտնել մինչև 20 մլն եվրոյի վարկ տրամադրել ծրագրի մի մասի իրականացման համար։

Դեռ մինչ այդ՝ 2021 թվականի փետրվարի 1-ին, քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների առաջին փուլի շրջանակում հայտարարել էր երկփուլային նախնական գնման մրցույթ՝ շուրջ 100 միավոր 12 մետրանոց, սեղմված բնական գազով աշխատող ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Մրցույթը իրականացվել է ՎԶԵԲ-ի պաշտոնական էլեկտրոնային հարթակում և տևել մոտ մեկ տարի։

Արդյունքում հաղթող է ճանաչվել վրացական «Tegeta Motors LLC»-ն, որը մատակարարել է 87 գերմանական MAN ավտոբուս։ Մրցույթին մասնակցել է նաև ընկերությունների խումբ, որի կազմում եղել է «Zhongtong Bus Holding CO. LTD»-ն։

Մրցույթի կարևոր պայմաններից մեկն այն էր, որ մասնակիցները պարտավոր էին ավտոբուսների տեխնիկական սպասարկման պայմանագիր ունենալ տեղական ընկերության հետ։ Այս համատեքստում ձեռք է բերվել «Zhongtong»-ի և «Արմչի» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի մարտի 26-ին կնքված սպասարկման պայմանագրի պատճենը, որը «Արմչի»-ի կողմից ստորագրել է Վազգեն Հարությունյանը։

«Արմչի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Վազգեն Հարությունյանի և չինացի Լիու Յաոդոնգի կողմից։ Չինացի գործընկերը ընկերությունից դուրս է եկել 2022 թվականի հուլիսին, իսկ Վ. Հարությունյանը՝ 2023 թվականի մայիսին, երբ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ այդ նա զբաղեցրել է նաև ընկերության տնօրենի պաշտոնը։ Ներկայումս ընկերության միանձնյա սեփականատերն ու տնօրենը Վ. Հարությունյանի քույրն է՝ Օֆելյա Հարությունյանը։

«Հետք»-ը դիմել է Վազգեն Հարությունյանին՝ պարզելու «Արմչի»-ի և «Zhongtong»-ի համագործակցության հանգամանքները։ Վերջինս հեռախոսազրույցում հերքել է որևէ համագործակցության փաստ՝ նշելով, որ եթե նման պայմանագիր գոյություն ունի, ապա այն կեղծ է և ինքը պատրաստվում է դիմել իրավապահներին։
Այնուհետև նրան ուղարկվել է պայմանագրի այն էջը, որտեղ առկա են իր ստորագրությունն ու ընկերության կնիքը, ինչպես նաև չինական կողմի ստորագրությունը։ Սակայն Հարությունյանը կրկին պնդել է, որ խոսքը կեղծ փաստաթղթի մասին է և հավելել, որ բնօրինակի առկայության դեպքում դա կարող է օգնել բացահայտել կեղծիքի աղբյուրը։

Միևնույն ժամանակ քաղաքապետարանից ստացված մրցութային ամբողջական փաթեթում ևս առկա են տեղեկություններ «Zhongtong»-ի և «Արմչի»-ի պայմանագրային համագործակցության վերաբերյալ։
Այս հանգամանքները հիմք են տալիս ենթադրելու, որ կեղծիքի մասին հայտարարությունները կարող էին արվել հրապարակումը կանխելու նպատակով։ Եթե, այնուամենայնիվ, ներկայացված տեղեկությունները կեղծ են, ապա ակնկալվում է իրավապահ մարմինների արձագանքը Վ. Հարությունյանի հնարավոր դիմումից հետո։

2025 թվականի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը հայտարարել է, որ «MAN» ավտոբուսների տեխնիկական խափանումների տոկոսը բարձր է, իսկ պահեստամասերի մատակարարումն՝ անկայուն։ Նշվել է, որ 87 ավտոբուսից 10-ը մեկ շաբաթվա ընթացքում եղել են անսարք։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է, որ նման տեմպերի պահպանման դեպքում համագործակցությունը կարող է դադարեցվել։

Այս ֆոնին նկատվում է, որ քաղաքապետարանը կարող է առավել կենտրոնանալ «Zhongtong»-ի վրա։ Մասնավորապես՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ին հայտարարվել է 171 ավտոբուսի ձեռքբերման էլեկտրոնային աճուրդ՝ շուրջ 6,3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով։ Աճուրդին մասնակցել են հինգ ընկերություններ, որոնց թվում՝ «Zhongtong»-ը։

Թեև ամենացածր գինը ներկայացրել է «Transint LLC»-ն, դրա հայտը մերժվել է ապահովման բացակայության պատճառով, ինչի հետևանքով աճուրդը ճանաչվել է չկայացած։ Արդյունքում 2023 թվականի դեկտեմբերի 28-ին նույն ավտոբուսների համար հայտարարվել է բաց մրցույթ։

Բաց մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ։ Չնայած ամենացածր գինն առաջարկել է «Xiamen Golden Dragon»-ը, նրա հայտը մերժվել է տեխնիկական անհամապատասխանության պատճառով, իսկ «Yutong»-ի գինը գերազանցել է նախահաշվային արժեքը։ Արդյունքում 2024 թվականի ապրիլի 12-ին պայմանագիրը կնքվել է «Zhongtong»-ի հետ՝ 6,3 մլրդ դրամով։

Ուշագրավ է, որ նույն «Zhongtong»-ը էլեկտրոնային աճուրդի ընթացքում պատրաստ էր 171 ավտոբուս մատակարարել շուրջ 5,48 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ բաց մրցույթի արդյունքում գինը աճել է մոտ 822 մլն դրամով։

Պետք է նշել, որ Վազգեն Հարությունյանը ընդգրկված է եղել թե՛ էլեկտրոնային աճուրդի, թե՛ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովներում։ Թեև օրենքով շահերի բախումը սահմանափակվում է ազգակցական կապերով, նախկին գործընկերային հարաբերությունները ևս կարող են հարցեր առաջացնել պաշտոնյայի անաչառության վերաբերյալ։

Քրեական և գույքային գործեր

2023 թվականից Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում քննվում է Գլխավոր դատախազության հայցը՝ Վազգեն Հարությունյանի և նրա փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։ Հայցը վերաբերում է մի շարք անշարժ գույքերի և խոշոր դրամական միջոցների։

Բացի այդ, Վ. Հարությունյանի անունը նախկինում հիշատակվել է նաև քրեական գործում․ 2020 թվականին Քննչական կոմիտեն հայտնել էր «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության մասին, այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր ընկերության տնօրենի պաշտոնը։

Այս բոլոր գործերի վերջնական ելքը մինչ օրս հայտնի չէ։

Ամենից շատ դիտված